«Աղբը»՝ որովայնում

1996

Մի երիտասարդ, մեծահարուստ գործարար ապրում էր ծնողների հետ՝ շքեղ կյանքով։ Տարիներ շարունակ, ամեն ամիս բարեգործություններ էր անում մանկատներին, ծերանոցներին, մուրացկաններին։
Ծնողների խորհրդով որոշեց գնել նաև սեփական տարածք, շենք կառուցել և այն դարձնել անտուն թափառականների ապաստան: Երիտասարդ մեծահարուստը հասավ իր նպատակին: Շինարարությունն ավարտեց։ Սկսեց հավաքել անտուն թափառականներին՝ քաղաքի փողոցներից, գետնանցումներից, մայթերից և բոլոր այն վայրերից, ուր նրանք գիշերում էին։ Նրանց ապաստան տվեց՝ իր նորակառույց շենքում, ամենքին տեղավորելով հարմարավետ բնակարաններում։

otets-i-syin-Copy-copyԾնողները տեսան և հերթական անգամ հիացան իրենց զավակի աշխատանքով։ Անցան օրեր։ Մի օր էլ տղան ծնողների հետ զրուցելիս՝ պատմեց շենքում ապրող մուրացկաններից, կիսվեց շինարարության ժամանակ ունեցած իր տպավորություններով, ապրումներով, ապա ընթերցեց նրանց շնորհակալական նամակները:

-Բայց այս ամենի մեջ կա մի դեպք, որը մտքիցս դուրս չի գալիս,-ասաց նա, ավարտելով պատմությունը։
-Այդ ի՞նչ դեպք է որդիս,-հարցրեց հայրը,-Պատմի՛ր մեզ տղաս։
-Երբ սկսեցինք հերթագրել քաղաքի մուրացկաններին՝ շենքում բնակարան տալու համար, մուրացկաններից մի աղջիկ մոտեցավ ինձ և խնդրեց, որ իրենց բնակարանը չլինի շենքի մեջ։
-Իսկ որտե՞ղ էին ուզում ապրել նրանք,-հարցրեց մայրը։
Աղբարկղի դիմաց,-պատասխանեց որդին։
-Ի՞նչ աղբարկղ, ո՞ր աղբարկղի,-զարմացավ հայրը։

Այո հայրիկ, աղբարկղի դիմաց։ Այն աղբարկղի, որ դրված էր շենքի բակում։ Բայց ամենից սարսափելին ես իմացա հետո, երբ ստացա մի նամակ։ Նամակում աղջիկը մանրամասնորեն պատմում էր իրականությունը։ Ես կկարդամ այն՝ ձեզ համար։
Տղան ծոցից հանեց մի նամակ և սկսեց կարդալ․
«Բարև Ձեզ պարոն։ Ես Ձեր շենքի աղբարկղի դիմաց ապրող ընտանիքի աղջիկն եմ, ով խոստացել էր բացատրել՝ մեր նմանօրինակ խնդրանքի պատճառը։
Ես իմ ընտանիքի 3-րդ աղջիկն եմ։ Իմ ծնվելուց հետո, երբ մայրս կրկին հղիացավ, հայրս ստիպեց, որ աբորտ անի։ Նա անընդհատ պնդում էր, որ մայրս ի վիճակի չի տղա բերելու, իսկ մեզ 4-րդ աղջիկը պետք չէ։ Մայրս դեմ էր կանգնում այդ որոշմանը։
Հայրս գիշերները հարբած գալիս էր տուն, վեճ սարքում և մորս անհնազանդության համար՝ ծեծում նրան։ Ծեծի բաժին հասնում էր նաև մեծ քույրերիս, ովքեր հաճախ փորձում էին կանխել վեճը։ Վեճերի պատճառով քույրերս լքեցին մեզ ու մինչ օրս էլ նրանցից տեղեկություն չունենք։

Շաբաթներ անց մայրս հասկացավ, որ այդ երեխային չհեռացնելու պատճառով ընտանիքը քանդվեց։ Տանից հեռացան երկու աղջիկներն, իսկ ինքը շարունակում էր տառապել հարբած ամուսնու հայհոյանքներից։ Դժբախտաբար՝ փոշմանեց և որոշեց հեռացնել երեխային, սակայն բժիշկները հրաժարվել էին աբորտ անելուց՝ ասելով, որ պտղի հեռացման թույլատրելի ժամկետն անցել է և երեխան արդեն ձևավորվել է։
9 ամիս մայրս անեծքով ու բարկությամբ կրում էր երեխային կրծքի տակ։ Նա անիծում էր իր որովայնում գտնվող մանկանը և կրկնում, որ սպանելու է իրեն, քանզի հավատում էր, որ մեր ընտանիքի անհաջողությունների պատճառը այդ երեխան է։

baby-feet-847204_640

Ամիսներ անց նա ծննդաբերեց քաղաքի այգիներից մեկում, մարդկանց աչքից հեռու, բայց տուն վերադարձավ առանց մանկան։ Մենք այդպես էլ չկարողացանք իմանալ, թե ի՞նչ էր արել մանկանը՝ աշխարհ գալուց րոպեներ հետո։

Դրանից հետո էլ հայրս վիճում էր, թե․ «Ի՞նչ արեցիր երեխային, դու մանկասպան ես։ Ու՞ր ես տարել, անխի՛ղճ։ Գոնե մանկատուն կտայինք»։ Վեճը մեր տան մեջ չդադարեց՝ տարիներ շարունակ։ Այդ երեխայից ազատվելն ասես անեծք լիներ մեր տան վրա, քանի որ կարճ ժամանակ հետո մենք հայտնվեցինք փողոցում։
Տարիներ շարունակ սովորեցինք ապրել փողոցում գումար խնդրելով։ Ինքներդ էլ, քաղաքի տարբեր մասերում մեզ հանդիպելիս առատ ողորմություն էիք տալիս պարոն։

Երբ իմացանք Ձեր շենքի մասին, հայրս էլ, մնացած մուրացկանների նման՝ ցանկացավ հաջորդ առավոտյան գալ և տուն խնդրել։ Սակայն այդ գիշեր մայրս խոստովանեց ամեն բան։ Նա պատմեց, որ այն չարաբաստիկ օրը ցանկացել է երեխային սպանել, բայց չի կարողացել ձեռք բարձրացնել անօգնական մանկան վրա և նրանից ազատվելու համար, գցել է՝ մոտակա աղբարկղը։ Քիչ անց, ցանկանալով սխալն ուղղել՝ վերադարձել է, բայց երեխան այնտեղ չի եղել։ Աղբահան մեքենան ամեն բան մաքրած է եղել, այդ թվում նաև՝ մեր փոքրիկին․․․
Նա միայն լացում էր և կրկնում, որ իր կրծքի տակ 9 ամիս կրած երեխային՝ աղբ էր համարել։ Նա ասաց, որ չի կարողանա ապրել նորմալ բնակարանում, քանի դեռ իր խղճի խորքում, իր բալիկն ապրում է աղբամանի մեջ։

 

Ծնողներս հասկացան, որ իրենք արժանի չեն նման լավ պայմանների, քանի որ իրենց երեխան աղբարկղի մեջ է: Դրա համար էլ որոշեցինք Ձեզ դիմել նման խնդրանքով, որպեսզի ամեն անգամ տանից դուրս գալիս, մենք նայենք աղբարկղերին, ու երբեք չմոռանանանք կատարվածը։ Մենք արժանի չենք վայելելու այն գեղեցիկ, բարեկարգված տեսարանը, որից օգտվում են շենքի մնացած բնակիչները»։

Պատկերացնու՞մ եք նրանք երեխային աղբ են համարել,-ասաց որդին՝ ավարտելով պատմությունը։
Ծնողները հուզվեցին։
-Տեսնու՞մ ես տղաս,-ասաց հայրը,-Երեխան Աստծո պարգևն է։ Նրան սպանելը մեղք է և անարգանք Նվիրողի նկատմամբ։ Քո երկու եղբայրները զոհվեցին պատերազմում, իսկ դու դարձար այն մեկը, ով մեզ հիմա պահում է առոք-փառոք կյանքով: Մենք այսօր ոչ մի բանի կարիք չունենք՝ քո շնորհիվ։ Վստահ եմ․ այն «աղբը», որ նետել են աղբանոց, իրենց այսօրվա առոք-փառոք պահող երեխան էր լինելու։ Այդ երեխայի շնորհիվ նրանք փողոցներում չէին ապրի, հացի փող էլ չէին խնդրի մարդկանցից։
Հայրիկ, դու կարծում ես նման ծնողներից կծնվեր այնքան արժանապատիվ մեկը, ով կազատեր իրենց անտուն և սոված ապրելու՞ց։

Այդ պահին մայրը սրբեց արցունքներն ու ասաց․
Տղաս, այդ մուրացկանի կրծքի տակ 9 ամիս ապրած և աղբարկղ նետված «աղբը» դու ես, և այդ օրը մենք ենք քեզ գտել, հասցրել հիվանդանոց, փրկել քո կյանքն ու որդեգրել․․․

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ