Աղոթել ճեղքման համար

2606

«Ճեղքումը» ռազմական արտահայտություն է: Երբ բանակն ի վիճակի է հյուծման աստիճան թուլացնել հակառակորդի ուժերը, տեղի է ունենում ճեղքում, որը թույլ է տալիս տվյալ բանակին ներխուժել եւ գրավել թշնամու տարածքը:

Պատերազմի ժամանակ ճեղքումը մեծ նշանակություն ունի հատկապես այն դեպքում, եթե այն կատարվում է ռազմավարական տարածքում: Իսկ տարածքի ռազմավարական նշանակությունը գրեթե միշտ ապացուցվում է հակառակորդի այն ուժերի քանակով, որոնք ներգրավվել են այդ տարածքի պաշտպանության համար: Փորձառու զորահրամանատարի գլխավորած բանակը միշտ պատրաստ է մոլեգին կերպով պաշտպանել այն, ինչը բարձր է գնահատում:

Սա նշանակում է, որ հարձակվող բանակը պետք է գիտակցի, որ ճեղքման փորձը կարող է բախվել թշնամու մեծ ուժերի կատաղի դիմադրությանը: Ռազմավարական ճեղքմանը միշտ նախորդում են ավելի ու ավելի ուժգնացող լարված ռազմական գործողություններ: Ռազմավարական կարեւոր տարածքը հեշտությամբ չի տրվում:

Մեր ճեղքումներին հզոր ուժեր են դիմակայելու

Հոգեւոր պատերազմում գործում են նույն սկզբունքները, ինչ երկրային պատերազմում: Հոգեւոր աշխարհում, ի տարբերություն երկրայինի, հարձակվող ուժը եկեղեցին է: Թեեւ մենք կարող ենք հեշտությամբ սահել դեպի պաշտպանական ապրելակերպ, սակայն Հիսուսը հստակ հասկացրեց, որ մենք պետք է հարձակվենք, այլ ոչ թե միայն պաշտպանվենք: Մեծ Հանձնարարականը հենց դա է, որ «գնանք եւ սովորեցնենք բոլոր ազգերին» (Մաթ. 28.19): Աշխարհում, որը գտնվում է «չարի մեջ» (Ա Հովհ 5.19), դա կատարվում է մարտնչող լեզվով: Մեր առաքելությունն այն է, որ ազատենք նրանց, ովքեր գտնվում են սատանայի գերության մեջ՝ նրա «կամքին ծառայելու համար» (Բ Տիմ. 2.26):

Սակայն պետք է հաշվի առնենք, որ ռազմական կարեւոր տարածքները հեշտությամբ չեն տրվում: Կպայքարենք մեր սեփական մեղքը ճեղքելո՞ւ համար, թե՞ սիրելի անձնավորության անհավատության դեմ, թե՞ չնվաճված ժողովուրդներ ձեռք բերելու գործում մեր տեղական եկեղեցու աճի համար, հալածվող հավատացյալների փրկության համար, սեռական ստրկության դեմ կամ չծնվածների կյանքի համար, ամեն դեպքում մեր պայքարը «բարձր տեղերում եղող հոգեւոր չարության դեմ» է (Եփես. 6.12):

Դանիելի օրինակը

Դանիել մարգարեի գրքի 10-րդ գլխի 12-14 խոսքերը տալիս են համառոտ պատկերացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում: Դանիելը քսանմեկ օր աղոթում եւ մասնակիորեն ծոմ էր պահում, որպեսզի իր ստացած հայտնություններն ավելի ամբողջական կերպով հասկանա (Դան. 10.3): Ի պատասխան նրա աղոթքների, վերջապես հայտնվեց հրեշտակը: Այս պատվիրակն ասաց, որ ինքը բոլոր այդ քսանմեկ օրերին ջանում էր հասնել Դանիելին, բայց իրեն կասեցնում էր «պարսկական թագավորության արքայազնը»: Միքայել հրեշտակապետը ստիպված եղավ գալ եւ ազատել իրեն:

Դանիելի այս փորձառությունը լավ օրինակ է նաեւ մեզ համար: Իհարկե բոլորովին չի կարելի պնդել, որ եթե դուք քսանմեկ օր աղոթեք եւ ծոմ պահեք, Միքայել հրեշտակապետը կգա եւ կօգնի ձեզ հաղթահարել տիեզերական ուժերին: Բայց սա մի օրինակ է այն ամենի, թե ինչ է տեղի ունենում մեր հասկացողությունից ու տեսանելիությունից անդին: Աստված չի կամենում, որ մենք հրեշտակների ոլորտի, նրանց աշխարհի մասին ավելին իմանանք, քան այն, ինչն արդեն ասված է Գրքում: Հակառակ դեպքում ավելին գրված կլիներ: Սակայն Նա ակնհայտորեն ուզում է, որպեսզի մենք իմանանք, որ մեր տեսածից ավելին է տեղի ունենում, որպեսզի աղոթենք եւ ծոմ պահենք՝ մինչեւ Իր պատասխանը ստանալը:

Երբ Աստված գործում է, սատանան արձագանքում է

Աստվածաշնչի էջերում հստակ գծագրվում է, որ Աստծո ամեն մի էական շարժին նախորդում է ավելի դժվար, զինաթափող եւ հուսահատեցնող ժամանակահատված: Եվ եթե մենք լուրջ ենք վերաբերվում Եփեսացիների 6-րդ, Դանիելի 10-րդ գլուխներին եւ հոգեւոր պատերազմին վերաբերվող այլ հատվածներին, ապա հասկանում ենք, թե ինչու է դա տեղի ունենում. Աստծո թագավորությունը ներխուժում է այնտեղ, որը սատանան համարում է իր տարածքը: Աստծո թագավորությունը ճեղքում է խավարի իշխանության սահմանը (Կող. 1.13):

Եթե դիմադրության չենք հանդիպում ապա ըստ ամենայնի մեր գրոհը ուղղված չէ դեպի  ռազմավարական կարեւոր տարածք: Բայց եթե դիմադրություն ենք զգում, ուրեմն մի կարեւոր բանի ենք մոտենում: Որտեղ թշնամին ամրացնում է իր դիրքերը, այնտեղ պետք է կենտրոնացնենք մեր ճնշումն ու գրոհը:

Երբ թշնամին հզորանա եւ ամրանա, ճեղքման համար ճակատամարտը դաժան կլինի: Մեր վրա կթափվեն «չարի կրակոտ նետերը» (Եփես. 6.16):  Թիկունքից էլ հարձակումներ կլինեն: Ճամբարում լրտեսներ կհայտնվեն: Կլինեն սպառնալիքներ, մեղադրանքներ, ծաղր: Ջանքեր կգործադրվեն, որպեսզի ոչնչացվեն մեր բարոյական ոգին ու վճռականությունը:

Ճեղքման կոչ

Սա սուրբ վճռականության կոչ է՝ շարունակե՛ք աղոթել եւ մի՛ ընկճվեք (Ղուկ. 18.1): Ցանկացած լայնածավալ պատերազմում տեղի են ունենում բազմաթիվ մարտեր: Որոշ ճեղքումներ բավականին արագ են տրվում, մյուսների համար պահանջվում է երկարատեւ, համառ տոկունություն: Բայց բոլոր դեպքերում ճեղքման համար պահանջվում է գրոհը շարունակելու վճռականություն:

Սովորաբար հնարավոր չէ ճեղքման հասնել միայն աղոթքով. կան գործեր, որ պետք է արվեն, անհրաժեշտ է ցուցաբերել խիզախություն եւ անվեհերություն: Բայց իրական հոգեւոր ճեղքումներն անհնար են առանց աղոթքի: Թշնամու հոգեւոր դիմադրությունը թուլացնելու համար անհրաժեշտ է կենտրոնացած, հստակ, համառ եւ փաստարկված աղոթք, որին մասնակցում են երկու կամ ավելի մարդիկ (Մաթ. 18.19): Ծոմի օժանդակությունը նույնպես  հրաշալի է «Ծոմը ստուգում է, թե որտեղ է մեր սիրտը: եւ եթե այն ցույց է տալիս, որ մեր սիրտը Աստծո հետ է, ոչ թե աշխարհի, ապա հուժկու հարվածը խոցում է սատանային» (տե՛ս «Աստծո քաղցը» անգլ.):

Հետեւաբար, եթե աղոթում եք ճեղքման համար բայց չեք հասնում դրան, եթե հուսահատության, ընկճման, հոգնածության, կասկածի ու ցինիզմի ավելի մեծ գայթակղություն եք զգում, քան նախկինում՝ մի՛ հանձնվեք:

Ավելի ու ավելի լարված ռազմական գործողությունները միշտ նախորդում են ճեղքումներին: Ռազմավարական կարեւոր տարածքները հեշտությամբ չեն հանձնվում: Դուք բախվել եք ավելի մեծ դիմադրության, քան սպասում էիք, բայց «Նա, ով ձեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է» (Ա Հովհ. 4.4): Նա հաղթել է աշխարհին (Հովհ. 16.33) եւ Նա ձեզ կպաշտպանի (Ղուկ. 18.8):

Մի՛ ընկճվեք: Վճռական եղե՛ք: Ճեղքումը մոտ է:

Հեղինակ՝ Ջոն Բլումdesiringgod.org
Թարգմանությունը՝ Աշոտ Հովսեփյանի / protestant.am

Մեկնաբանություններ