Աղոթքը խախտում է բոլոր օրինաչափությունները

767

Երբեևէ հայտնվե՞լ ես անելանելի թվացող, փակուղային իրավիճակում: Երբ ամեն բան քեզ դեմ է՝ հանգամանքների տրամաբանական դասավորությունը, պատճառներն ու հետևանքները, ժամանակը:

Դու ես ու քո խնդիրը: Փակուղի: Ելք չկա: Այդպես թվում է, համենայնդեպս: Բայց նախ հիշի՛ր, դու մենակ չես, եղբայրներն էլ, որ աշխարհքիս մէջ են, նոյն չարչարանքներն են քաշում…(Ա Պետ.5:8)

Բացի այդ Աստվածաշնչում կան բազմաթիվ քաջալերող վկայություններ: Քննարկենք դրանցից մեկը: Վերցրու այն քո կյանքի ներկա վիճակի համար, հավատա՛, դավանի՛ր, պատերազմի՛ր, և խաղաղության Աստվածը շուտով կկործանի սատանային քո ոտքերի տակ…(Հռ.16:20)

Իսրայելի ժողովուրդը Հեսուի գլխավորությամբ պատերազմական վիճակում էր: Հեսուն աղոթք արեց, նա աղոթքով ազդեց Երկքնի վրա։ Հեսուի միակ Դաշնակիցը Երկինքն էր, Տերը:

Նա աղոթք արեց պատերազմից առաջ, և Տերը լսեց նրան: Հեսուին լրացուցիչ ժամանակ էր պետք վերջնական հաղթանակի համար, լրացուցիչ հնարավորություն սկսածն ավարտելու համար, բայց որտեղի՞ց այդ լրացուցիչ ժամանակը: Մի՞թե հնարավոր է ժամանակը ետ ու առաջ շրջել կամ կանգնեցնել:

Նա աղոթքով դիմեց ժամանակից դուրս ու ժամանակները ստեղծող ու կառավարող հավիտենական Աստծուն: Իսկ Տեր լսում է արդարի աղոթքը (Առակ.15:19): Միշտ:

«Այն ժամանակ Յեսուն Տիրոջ հետ խօսեց այն օրը, որ Տէրը Ամօրհացիներին Իսրայէլի որդկանց ձեռքը տուաւ, եւ Իսրայէլի առաջին ասեց.  Արեգակ, Գաբաւօնումը կանգնիր, եւ, Լուսին,  Այեղօնի ձորումը կանգնիր:

Եւ արեգակը կանգնեց, եւ լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդը իր թշնամիներիցը վրէժ առաւ: Միթէ սա Ուղիղի գրքումը գրուած չէ՞. եւ արեգակը երկնքի մէջտեղում կանգնեց եւ չշտապեց մտնելու մէկ կատարեալ օրի չափ:

Նորա պէս օր չ’եղաւ՝ ոչ առաջ եւ ոչ յետոյ, որ Տէրը մարդի ձայնին լսեց. որովհետեւ *Տէրը պատերազմեց Իսրայէլի համար»:

Հեսու 10։12-14

Արեգակը կանգնեց… Մենք գիտենք, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը մեկ օրում, իսկ մեկ տարում՝ արեգակի շուրջը: Այստեղից հետևություն ենք անում, որ Երկիր մոլորակը մեկ  ամբողջ օր՝ 24 ժամ, դադարեց պտտվել իր առանցքի շուրջը, ֆիքսված մնաց:

Պատկերացնո՞ւմ եք: Դրանից առաջ ու հետո նման բան չի եղել: Աստված խախտեց Իր իսկ կողմից սահմանված օրինաչափությունը: Նա լրացուցիչ հնարավորություն, լրացուցիչ ժամանակ տվեց Հեսուին, քանի որ Ամեն բան հնարավոր է  հավատացողի համար (Մարկ.9:22):

Երբ Տիրոջն ենք ապավինում ամբողջ սրտով, ապա բացի մեր ունեցած զենքերից Նրա զինանոցն է բացվում մեզ համար՝ խուճապ հակառակորդի բանակում, երկնքից քարեր, ժամանակը սկսում է մեր օգտին գործել, մեր դեմ լարված զենքերը չեն գործում, ձախողվում են։ Երանի ինձ ու քեզ, եթե մեր Տերն Աստված է, ու Երանի այն ազգին ում Տերն Աստված է:

Գոռ Կարապետյան

Մեկնաբանություններ