Աճե՛նք աղոթքի մեջ

657

Աղոթքը Աստծո հետ հաղորդակցվելու միջոց է, որի հիմքում ընկած է հավատքը. «որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա…» (Եբր. 11:6), որն էլ իր հերթին հենված է Աստծո խոսքի վրա. «հավատքը լսելուց է, ու լսելը Աստծո խոսքից» (Հռ. 10:17), այսինքն Աստծո խոսքը և հավատքը հանդիսանում են Աստծո հետ հաղորդակցվելու՝ աղոթքի երկու գլխավոր հիմնասյուները: Եւ մենք պետք է հաստատվենք Աստծո կենդանի և զորեղ խոսքի վրա այնպես, որեսզի երկինքը, երկիրը և դժոխքը իմանան, որ Աստծո խոսքը բացարձակ ճշմարտություն է, և որ մենք անվերապահորեն հավատում ենք դրան:

Անհրաժեշտ է, որ մենք աճենք աղոթքի մեջ: Հաճախ մեզ հետ հաղորդակցվելու համար Աստված է իջնում մեր պրիմիտիվ մակարդակին, սակայն Աստծո կամքն է և մեզ համար իսկ ավելի լավ է, որպեսզի մենք հոգևորապես աճենք և հանդիպենք Աստծո հետ Իր մակարդակում, քանի որ հիմա մենք Քրիստոսի հետ նստած ենք Հոր աջ կողմում (Եփ. 2:6) և մեզ է տրված իմանալ երկնքի թագավորության խորհուրդները (Ղուկ. 8:10):

Աստծո խոսքի մեջ մեր հոգևոր աճին զուգընթաց պետք է փոխվեն մեր աղոթքները և հետևաբար նրանց արդյունքները: Որպեսզի մեր աղոթքները լինեն արդյունավետ, անհրաժեշտ է, որ նրանք լինեն նոր ուխտի մտածելակերպով, նպատակային և հոգևոր տրամաբանությամբ: Ցավոք սրտի շատերն այսօր աղոթում են, քանի որ պիտի աղոթեն և Քրիստոսի եկեղեցու մի ստվար զանգված տարիներ շարունակ, հաճախ նույնիսկ իրեց ողջ կյանքի ընթացքում աղոթում են նույն բովանդակությամբ, օգտագործելով միևնույն բառերը, աղոթքը դարձնելով ձանձրալի, անդեմ, անգույն և զորությունից զուրկ կրոնական մի ծես:

Ճշմարտությունը ճանաչող, Աստծո մեծ ու պատվական խոստումներին հավատացող, Տեր Հիսուսի հետ Աստծո աջ կողմում նստած վերստին ծնված քրիստոնյայի, Աստծո կենդանի և զորեղ խոսքի վրա հիմնված հավատքով աղոթքը ունի բավական զորություն փոխել իրավիճակները: Եւ եթե հավատացյալները դադարեն աղոթել սովորած, ավանդական դարձած կրոնավոր աղոթքներով և սկսեն աղոթել համաձայն Աստծո խոսքի, արդյունավետ աղոթքներով, ապա մեր ընտանիքներում, քաղաքներում և երկրում կործանված կլինեն անօրենի բոլոր ձեռնարկումները և ամենուր ընթացքի մեջ կդրվի Աստծո կամքի և ծրագրերի իրականացումը:

Լևոն Սարդարյան

Մեկնաբանություններ