Այդ օրը Աստված փոխեց իմ սիրտը

943
God Loves Us

Հիսուս Քրիստոսին հաճախ մարդիկ ներկայացնում են որպես հերթական ուսմունքներից մեկի (քրիստոնեության) հիմնադիրը, որտեղ ինչ-որ բարի բաներ և այլն է քարոզվել: Ու ինչպես մնացած ուսմունքները, այնպես էլ քրիստոնեությունը, ասում են, որ ունի հարյուր-միլիոնավոր հետևորդներ:

Ճիշտն ասած կուզեմ ընկերներիս մի բան վկայել և կիսվել անձամբ իմ կյանքից:
Ավելի քան մեկ տարի առաջ, երբ իմ հերթական օրը սկսվեց, առավոտից Հիսուս Քրիստոսն էր անընդհատ մտքիս գալիս: Բառի բուն իմաստով չէի հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ: Ամբողջ օրը այդպիսի մտքերով լցված անցկացնելուց հետո, երեկոյան, աչքիս առաջ սկսեցին գալ բոլոր այն արարքներս, որոնք ցավ էին պատճառել թե՛ իմ ընկերներին, թե՛ անծանոթներին (հենց հիմա շատ կարդացողներ կիմանան ինչի մասին եմ խոսում), ինչպես մի նկարահանված ֆիլմ, ընդ որում այդ արարքներից մի մասը իսպառ մոռացել էի մինչ այդ: Բառերով անհնար է ներկայացնել, թե ինչ ցավի ու զղջման զգացողություն էր այդ պահին մոտս, այնքան մեծ էր մեղքի ծանրությունը, որ տառացիորեն արցունքներ էին հորդում աչքերիցս ժամեր շարունակ: Այդ ընթացքում մի քանի անգամ խնդրել եմ Աստծուն, որ ինչ-որ նշան տա, արդյո՞ք ինքն է այդ ամենը ինձ ցույց տալիս, թե՞ ոչ, քանի որ չէի հասկանում բացարձակապես, թե ինչ է կատարվում:

Հետո հիշեցի այն մարդուն, որին ատում էի ամբողջ հոգով և սրտով (քանի որ շատ մեծ անարդարություններ էր գործել ու ձեռք էր բարձրացրել ինձ վրա տարիներ առաջ), բայց այդ պահին մտքիս եկավ այն պահը, երբ Քրիստոսին ծեծում էին, թքում նրա երեսին, պատճառում անասելի ցավեր, բայց նա ասում էր. “Հա՜յր, ներիր նրանց, որովհետև չեն գիտակցում, թե ինչ են անում”: Հետո սկսեցի կարեկցանք զգալ հանկարծ այդ մարդու հանդեպ, որովհետև հասկացա, որ եթե իրապես գիտակցեր, որ իր արարքը մեղք է, չէր գործի այդպիսի բան:

Հարգելիներս, մի խոսքով, այդ օրը ես զղջացի ու ներողություն խնդրեցի Աստծուց իմ մեղքերի համար, Հիսուս Քրիստոսից բառացիորեն խնդրում էի, որ օգնի ինձ այլևս չատել որևէ մեկին և ընդհանրապես օգնի հետևել իրեն: Այդ օրը Աստված փոխեց սիրտս:

Հիսուս կգործի ցանկացածի կյանքում, կառաջնորդի ցանկացածին, այդ թվում նաև քեզ, կօգնի ամեն մարդ էակի ապրել իր ասած ուղով, ով կուզենա դա և կհավատա իրեն (ինքս որպես կենդանի վկա կարող եմ հաստատել):

Այդ օրվանից ի վեր, և Ավետարանը կարդալուց հետո հասկացել եմ, որ Քրիստոս ՍԵՐ է և ուզում է իրեն ցանկացած հավատացող ապրի ևս ՍԻՐՈՎ, ներելով, առանց բարկության, առանց ատելության, այլ ծառայելով իր շուրջը գտնվող ցանկացածին, ով դրա կարիքը կունենա՝ եղբայրասիրությամբ ու սիրով:

Քրիստոսին հետևելը ու նրա պատվիրաններով ապրելը այսուհետև համարում եմ կյանքիս գերագույն նպատակ և նա ինձ համար ոչ թե ինչ-որ ուսմունքի հիմնադիր է հանդիսանում, այլ իմ ՆԵՐԿԱ կյանքի առաջնորդն է, իմ հովիվը ու Փրկիչը (որ փրկեց ինձ մեղքից) ու խնդրում եմ Աստծուն, որ օգնի ինձ չշեղվել այդ ճանապարհից:

Աշխարհում ցանկացած մարդ, ով իրապես հավատում և պաշտում է Քրիստոսին որպես իր Տեր ու Փրկիչ, հանդիսանում է իմ հոգևոր եղբայրը կամ քույրը, անկախ եկեղեցական պատկանելությունից, ազգությունից, մասնագիտությունից և այլն:
Վերջում կուզեմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում ժամանակին որևէ վիրավորանք եմ հասցրել ինչ-ինչ պատճառներով:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, կներեք, որ երկար ստացվեց:

Հայկ Ավետիսյան

Մեկնաբանություններ