Վարդան Բլբուլյան. Այս հրաշագեղ տոնն աստվածատուր պարգևի կարևորման օրն է

994

Շնորհավորում եմ գեղեցկության և մայրության տոնի առիթով։ Այս հրաշագեղ տոնն աստվածատուր պարգևի կարևորման օրն է։

Սիրելի՛ մայրեր, քույրեր և աղջիկներ, շնորհընկալ եղեք այս մեծագույն պարգևն ընդունելու և արարչագործությունը շարունակելու մեջ՝ Արարչին ընկերակից լինելով։ Այսօր, երբ խավարն ուժգին կերպով փորձում է սևացնել քրիստոնեական արժեհամակարգը, նման տոներն ավելի են օգնում մեզ հասկանալու և անդրադառնալու մեր կոչմանն ու առաքելությանը։

Այո՛, կինը կարող է լինել հիանալի տիեզերագնաց, առաջնորդ, քաղաքական գործիչ, գործարար, բժիշկ …. Բայց որպես արարչագործության պսակ, գեղեցկության և կատարելության կնիք, Աստված շնորհել է Ձեզ ավելին՝ Մայր լինելու կոչումը։

Մայր… ի՜նչ հրաշալի ու քաղցր է հնչում այն յուրաքանչյուրիս ականջին։ Մայր, ով ազգի կերտման դարբինն ու դարբնոցն է, Մայր, ում գիրկն աշխարի ամենախաղաղ նվահանգիստն է իր զավակների համար, Մայր, ով պահապանն ու արարողն է ընտանեական տաքուկ ու խաղաղ անկյունի։ Մայր … Այո՛, մայրը հենց գեղեցկությունն է… ու գեղեցկություն է մայրությունը…

Շատերն են այսօր փորձում տարբեր օրենքներով ու պայքարներով խարխլել հայ մոր ու կնոջ կերպարը։ Մեր ազգի մեջ հակամարտություն չկա, պայքար չկա ……… մեզնից յուրաքանչյուրը խոնարհվում ու գլխահակ է կանգնում Մայր-սրբության առջև։ Բառերն անզոր են նկարագրելու սրտիս խոսքերն ու գոհունակությունն առ Աստված այս հրաշալի և աննկարագրելի Պարգևի համար։

Եղե՛ք օրհնված և շարունակեք լինել օրհնության աղբյուր, սիրելի՛ Մայրեր, Քույրեր և Աղջիկներ։ Շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ գեղեցկություն կրողներիդ ու արարողներիդ, այս գեղեցիկ տոնի առթիվ։

Վարդան Բլբուլյան

Մեկնաբանություններ