Անտեղյակության զոհերը կամ «աղանդամարտության» կործանարար հետևանքները

13270

«Կյանքի Խոսք» ավետարանական-բողոքական եկեղեցու հետևորդը պաշտոն է ստացել:

Մնացել են ստվերում թավշյա հեղափոխության ձեռքբերումները, ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումները, վարչապետի բրյուսելյան այցը, ոստիկանության գործողությունները: Սոցցանցերում քննարկվող գլխավոր թեման դարձել է մի անհատի եկեղեցական պատկանելությունը:

Երբ պաշտոն է ստանում աթեիստը՝ ընդունելի է: Երբ պաշտոն է ստանում հեթանոսը՝ ողջունելի է: Եթե պաշտոն ստանան յոգը, օկուլտիստը, էքստրասենսը կամ մոգը՝ քչերը դրան ուշադրություն կդարձնեն: Բայց երբ քրիստոնյա Հայաստանում պաշտոն է ստանում քրիստոնյան, այստեղ արդեն ամպերը սկսում են գորգոռալ, հրաբուխները՝ ժայթքել, գետերը՝ վարարել, փոթորիկներն էլ՝ մոլեգնել:

Տեղեկանք. Միացյալ նահանգների 45 նախագահներից Ջոն Քենեդին և Բիլ Քլինթոնը եղել են կաթոլիկ: Մնացած բոլորը եղել են բողոքական: Այսինքն, մեր հասարակության մի ստվար հատվածի տրամաբանությամբ՝ աղանդավոր:

Պատկերացնո՞մ եք, այդ նախագահներից ոչ ոք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չէր: Չեն էլ ամաչում…

Եվս մի տեղեկանք. Աշխարհի բազմաթիվ զարգացած և հզոր պետություններում բնակչության զգալի մասը բողոքականներ են՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություններ, Հյուսիսային Եվրապայի երկրներ: Անգամ Հարավային Կորեայի բնակչության մոտ մեկ քառորդը բողոքականներ են:

Եթե որևէ մեկը, օրինակ, Գերմանիայում բողոքականին, կաթոլիկին, ուղղափառին, անգամ մահմեդականին ասի աղանդավոր, այդ մարդուն կհամարեն կամ թերզարգացած, կամ սադրիչ: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, մեծ առաքինություն է համարվում բողոքական եկեղեցու հետևորդին քայքայիչ, պառակտիչ, աղանդավոր անվանելը: Ավելի մեծ առաքինություն է դրանց նկատմամբ թշնամական գործողությունների կոչ անելը՝ վառել, կախել, սպանել, վտարել…

Կրկին մի տեղեկանք. Նման կոչերը հատուկ են ֆունդամենտալ իսլամիզմի երկրներին՝ Իրանին, Պակիստանին, Արաբական որոշ երկրների:

Թույլ տվեք մի քանի հարց ուղղել բողոքականների նկատմամբ ծայրահեղ թշնամանք տածող իմ հայրենակիցներին.

  1. Ի՞նչ գիտեք բողոքականության մասին: Միայն այն, ինչը սերմանել են լրատվամիջոցներն ու որոշ առաքելականնե՞ր, թե՞ ավելին:
  2. Գիտե՞ք արդյոք, որ բողոքական եկեղեցիների հետևորդները ձեր որդիների հետ հավասար ծառայում են բանակում, դիրքեր են պահում, կյանքները վտանգի են ենթարկում հանուն իմ ու քո անվտանգության:
  3. Գիտե՞ք արդյոք, որ ապրիլյան պատերազմի զոհերի թվում կա բողոքական-ավետարանական եկեղեցու հետևորդ երիտասարդ:
  4. Գիտե՞ք, որ ի տարբերություն շատ ու շատ «ուղղադավանների», բողոքական եկեղեցիներում կաշառքով կամ կեղծիքով բանակից ազատվելը մեծ մեղք է համարվում:
  5. Գիտե՞ք արդյոք, որ Հրանտ Դինքը, Մոնթե Մելքոնյանը, Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը եղել են ավետարանական-բողոքական եկեղեցու հետևորդներ:
  6. Հաճախ բողոքականներին անվանում եք քայքայիչ: Կարո՞ղ եք գեթ մեկ հիմնավոր փաստարկ բերել, որը կապացուցի նրանց քայքայիչ լինելը: Կրկնում եմ, ոչ թե սրտաճմլիկ ու զգայացունց հայրենասիրական ճառեր, այլ տրամաբանված, հիմնավոր, իրավաբանական փաստարկ: Եթե կարող եք, ապա առաջինը ես կդիմեմ ԱԱԾ-ին՝ նրանց վնասազերծելու խնդրանքով: Համոզված եմ՝ չկա այդպիսի փաստարկ:
  7. Գիտե՞ք, որ զենք վերցնելուց խուսափում են միայն Եհովայի վկաները, ովքեր ոչ բողոքական են, և ոչ էլ անգամ քրիստոնյա: Սակայն նույնիսկ նրանց համար նախատեսված է այլընտանքային զինծառայություն: Իսկ մարդիկ իրենց անտեղյակությունից ելնելով հաճախ Եհովայի վկաներին նույնացնում են քրիստոնեական հարանվանությունների հետ: Գրում եմ անտեղյակություն, քանի որ տգիտություն բառը շատ կոպիտ կհնչեր:

Մի շարք լրատվամիջոցներ, առաքելական եկեղեցու որոշ հոգևորականներ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ բողոքականների նկատմամբ ատելություն ու թշնամանք են ներարկել հասարակության գիտակցության մեջ: Ու մարդիկ այլևս չեն ուզում մտածել, կարդալ, հետաքրքրվել, զրուցել: Ու այդպես, առանց մտածելու, առանց ընկալելու, առանց խորամուխ լինելու գոռում-գոչում են՝ կախե՜լ, վառե՜լ, սպանե՜լ, վտարե՜լ:

Վերջին տեղեկանքը. Հայաստանի պետականության դեմ հանցանք գործած, ազգային հարստությունը թալանած, կաշառքի, գողության, սպանության պատճառով բանտերում հայտնված անձանց մեջ չեք գտնի բողոքական եկեղեցու հետևորդներ: Ընտրակաշառք բաժանողների և ընտրակաշառք վերցնողների մեջ նույնպես:

Անգամ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարեց.

«Եթե իր դավանանքի հրապարակման մասին է հարցը, ապա մենք ապրում ենք ազատ, անկախ մի երկրում, ուր պետք է հարգվեն մարդու իրավունքները։ Դա էլ իր իրավունքն է, թե խղճի ու դավանանքի ազատության, թե խոսքի ազատության մասով»:

Անգամ այս հայտարարությունից հետո շատերը համառորեն չեն փորձում զերծ մնալ անզուսպ ատելությունից:

Հիմա ասեք, ո՞րն է ավելի վտանգավոր՝ բողոքական-ավետարանական եկեղեցու անդամ լինե՞լը. թե՞ օրինապաշտ ու հավատավոր հայրենակցի հասցեին բոցաշունչ ատելություն քարոզելը:

Թող մեր նոր իշխանությունները Աստծո օգնությամբ արմատախիլ անեն ատելությունը մեր երկրից: Թող Աստված բացի մարդկանց աչքերը, որպեսզի տարբերեն հավատացյալին անհավատից, նվիրվածին՝ դավաճանից, բարեպաշտին՝ կեղծավորից:

Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մեկնաբանություններ