Անցնում է տարին ․․․

495

Անցնում է տարին
Ծերացած տարին՝ ապրում է իր վերջին ժամը:
Պատմություն է դառնում, հիշողություն, անցյալ:
Չմոռացվող անցյալ,
Չջնջվող հիշողություն,
Չգրված պատմություն:
Չգրված մելանով, բայց փորագրված,
Ժամանակի չերևացող ձեռքով՝
Մեր հիշողության էջերի վրա:
Էջերի, որոնց դեռ շատ ենք թերթելու,
Որոնք թերթելուց չեն էլ մաշվելու:
Մտքի պահոցում խնամքով դարսված,
Պահոցի դուռը շատ ենք բացելու:
Ամեն նեղվելուց, վիրավորվելուց,
Դժվարությունների հովտով անցնելուց:
Բացելու ենք մենք դռներն անփական, ծանր, հնացած:
Փորփրելու ենք անցյալը, հինը,
Այն ինչ մերը չի, մերը դարձնենք,
Եվ բուդդայական աղոթքի նման անվերջ կրկնենք,
Անգիր անելով ամեն մի տողը, բառը ու տառը,
Տառը անցյալի, տառը հնացած, տառը չգրված,
Այս անցնող, մեռնող, իր հոգեվարքի վարկյաններն ապրող,
Բայց նորից ծնվող, ժամանակավոր մեր ժամանակի:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ