Անփոխադարձ ու անվերադարձ…

849

Անփոխադարձ ու անվերադարձ
Զոհողություններ, տարիներ անդարձ,
Անքուն գիշերներ, կոպեր ծանրացած,
Որդկանց օրոցքին լուսամփոփ դարձած:

Մոռացված անդորր ու առողջություն,
Սեփական կյանքի կամավ ուրացում,
Տալիս է, վառվում ու գիտակցումով
Ամեն զավակին նորից ու նորից ընծայվում սիրով:

Տարիների հետ ճերմակված մազեր,
Կոշտացած թեև, բայց միշտ նուրբ ձեռքեր,
Աղոթող ձեռքեր…
Միշտ ուշադիր, միշտ զգայուն, միշտ արթուն,
Որ չլինի թե մի չար դիպված ցավեցնի որդուն:

Կարո՞ղ ես չափել սիրտը մայրական,
Կարո՞ղ ես գտնել խորության սահման,
Կամ էլ բարձրության ինչ-որ մի պատնեշ,
Կամ թե լայնության արգելապատնեշ:

Մայրական սիրտը խորն է շատ ու լայն,
Պատրաստ է լինել ցավերին դարման,
Կամ թե չի կարող, ախ, սիրտը մայրական,
Ցավերը որդկանց կուզեր դարձնել
Իրեն սեփական:

Գիշերը կուզեր մի արև դառնալ ջերմ ու լուսավոր,
Հիվանդության մեջ այն դեղը լինել խիստ արժեքավոր,
Շոգ անապատում պաղ աղբյուր դարձած
Ողջ էությունով տրվեր իր որդկանց
Անփոխադարձ ու անվերադարձ…

Արմեն Նիազյան

Մեկնաբանություններ