Աստվածաշունչն ու մեծամտությունը

570

Որքա՜ն մեծամիտ պետք է լինի մարդ, որպեսզի քամահրանքով արտահայտվի Աստվածաշնչի մասին:

Գիրք, որին այդքա՜ն ակնածանքով և մեծարանքով են վերաբերվել Մաշտոցն ու Նարեկացին, Թումանյանն ու Սևակը, Կանտն ու Դիկենսը, Նապոլեոնն ու Ռուսոն, Ֆարադեյն ու Նյուտոնը, Պասկալն ու Ամպերը…

Մի՞թե, մա՛րդ, դու քեզ ավելին ես կարծում, քան այս թվարկված ու բազում չթվարկված  մեծերը:

Աստվածաշնչի արժեքը, սակայն, միայն նրա նկատմամբ մեծերի ունեցած պատկառանքով չի որոշվում: Կարելի՞ է արդյոք ուրանալ, որ Աստվածաշունչը քաղաքակրթություններ է կերտել, առաքինություն է սերմանել, գիտություններ, կրթություններ ու մշակույթներ է հիմնել: Չէ՞ որ այսօրվա և անցյալի մեծագույն մտածողների մեծագույն մասը քրիստոնեական արժեհամակարգի կրողներ են:

Իսկ մշակո՞ւյթը՝ գրականությունը, կերպարվեստը, երաժշտությունը: Հնարավո՞ր է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ այսօր արվեստի վիճակը, եթե չլիներ քրիստոնեական մտածելակերպը:

Իսկ գիտությո՞ւնը: Ցույց տվեք մեկ այլ վարդապետություն՝ իսլամ, բուդդայականություն, կոնֆուցիականություն, հեթանոսություն կամ ցանկացած ուրիշը, որի արմատների վրա այսքան պտուղ է բերել անցյալի ու ներկայիս գիտությունը:

Սակայն սրանով նույնպես չի սահմանափակվում Աստվածաշնչի արժեքը: Այն ՄԱՐԴ  է կերտում: Սա անուրանալի է:

Եվ ամենակարևորը՝ այն Աստծո Խոսքն է, Աստծո ուղերձը քեզ, Աստծո կամքն ու Աստծո Սերը: Այն Կյանք է՝ հավիտենական, երանելի Կյանք:

Իսկ դու, ո՜վ մեծամիտ, չես էլ կարդացել Աստվածաշունչը, չես զգացել նրա ջերմությունը, բայց դեսից-դենից մեկ-երկու նախադասություն ես սերտել ու «խորագետ» փիլիսոփայի կեցվածքով հայտարարում ես՝ էս չի՞ ձեր Աստվածաշունչը: Ու մոռանում ես, որ Աստվածաշունչը աֆորիզմների ժողովածու չէ, այլ մի ամբողջություն, ամբողջական մի Գիրք, որը ծայրից ծայր ընդգրկելուց և խորությամբ ընկալելուց հետո ես միայն իրավունք ստանում բարբառել նրա մասին կամ նրա առանձին մտքերի մասին:

Կամ լսել ես, թե ամբարիշտներն ինչեր են ասում, ու քո սեփականությունը դարձրած կրկնում ես՝ «Հին Կտակարանը հրեա ժողովրդի պատմությունն է»: Նույնիսկ տեղյակ չես, որ Հին Կտակարանում է բանաստեղծական անզուգական ստեղծագործությունը՝ Երգ Երգոցը: Այնտեղ են Սաղմոսները, այնտեղ են Մարգարեությունները, այնտեղ են իմաստնագույն Սողոմոնի առակներն ու մտորումներն այս աշխարհի ունայնության մասին: Այնտեղ կան հայրենասիրության դասընթացներ՝ Նեյեմիայի և Եսթերի օրինակով, այնտեղ են Աստծու հավատարիմների՝ Հոբի և Դավթի կերպարները: Այնտեղ կա սեր, հավատարմություն, քաջություն, ներում, ռազմական արվեստ, քաղաքականություն:

Անտեսված չեն նաև մարդկային պիղծ հատկանիշները՝ դավաճանությունը, ատելությունը, հարբեցողությունը, աստվածանարգությունը, վավաշոտությունը… Զգուշացում կա նաև սրանց դառը հետևանքների մասին: Իսկ դու, մոռանալով նշել այդ դառը հետևանքները, հպարտ-հպարտ մատնացույց ես անում Ղովտի աղջիկներին՝ տեսե՜ք-տեսե՜ք: Բայց բացարձակապես անտեղյակ ես, որ Ղովտի աղջիկներից առաջացան երկու ամենաանիծված ազգեր՝ որպես պղծության հետևանք:

Աստվածաշնչում, իհարկե, կա նաև պատմություն: Բայց այդ պատմության առանցքում ոչ թե դեպքերի ու իրադարձությունների հաջորդականությունն է, այլ մարդու և Աստծո հարաբերություններն ու դրանց հետևանքները մարդու և պետության համար: Երանի՜ բոլոր իշխանավորները կարողանային ուսումնասիրել այդ պատմությունն ու դասեր քաղել:

Աստվածաշունչն անհնար է գերագնահատել: Այն ինքն է խոսում իր մասին: Ու նաև նրա պտուղներն են արտացոլում Աստվածաշնչի իրական արժեքը:

Աստվածաշունչը հնարավոր չէ նաև նսեմացնել: Այն իր արժեքն ունի անկախ մեր գնահատանքից: Եվ եթե փորձես նսեմացնել Աստվածաշնչի արժեքը, դրանից այն չի տուժի, սակայն կնսեմանաս ինքդ:

Գնահատի՛ր Աստծո խոսքը:

Իսկ եթե հպարտությունդ ու սնափառությունդ թույլ չեն տալիս գնահատել, գոնե լռիր:

Մի՛ նսեմացրու և մի՛ նսեմացիր:

«Աստվածաշունչը նսեմացնելու ցանկացած փորձ հանցագործություն է մարդկության նկատմամբ». Է. Կանտ:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ