Ավետարանչական ժողովներ ՀԱԵ-ում

588

Մարտի 2-ից Հայաստանում էր Կանադայի Մոնրեալ քաղաքի Առաջին Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ` վերապատվելի Ջորջ Դաբբոն իր երկու օգնականների՝ Մեխակ Մանուկյանի և Շահեն Բագմազջիանի հետ։

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու հոգևոր (ՀԱԵ) խորհրդի ավետարանչության հանձնախումբը նախապես պատրաստել էր այցելության օրակարգը, որը շատ հագեցած էր։ Վեր․ Ջորջ Դաբբոն Հայաստան այցելեց Մարտի 2-ին: Առաջին ժողովը տեղի ունեցավ նույն օրը` ժամը 16։00-ին, Շիրակամուտի ՀԱԵ-ում։ Հաջորդ օրերին ժողովները տեղի էին ունենում երկու տարբեր քաղաքներում. մարտի 3-ին Վանաձորում և Դիլիջանում, մարտի 4-ին՝ Նոյեմբերյանում և Իջևանում, մարտի 5-ին` Ստեփանավանում և Ալավերդիում, մարտի 6-ին` Գյումրիում, մարտի 7-ին` Արտաշատ և Արմավիր քաղաքներում, մարտի 8-ին` Սիսիանում և Գորիսում, մարտի 9-ին` Այնթապում և մարտ 10-ին՝ Երևանի երկու տարբեր եկեղեցիներում։ 9-ը օրերի ընթացքում անցկացվեցին 15 ժողովներ, որոնց մասնակցեցին մոտ 1580 հոգի: Շատերի համար այդ ժողովներն առիթ դարձան, որպեսզի ապաշխարությամբ ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես իրենց Տեր և Փրկիչ։ Յուրաքանչյուր պաշտամունքից հետո եկեղեցու ծառայողներից և անդամներից շատերը, արձագանքելով վեր․Դաբբոյի հոգևոր նորոգության կոչին, առջև էին գալիս և աղոթքով միաբանվում վերապատվելի Դաբբոյի աղոթքին։ Իրենց աղոթքներով ժողովրդին քաջալերում էին նաև Մոնրեալի եկեղեցու ծառայող եղբայրներ Շահեն և Մեխակը։ Բոլոր քաղաքներում անհատական աղոթքներ եղան հիվանդների համար, և փառք Աստծուն՝ եղան հավատքով բժշկվածներ, որոնց բժշկության վկայությունները շարունակվում են մինչև օրս։

Մարտի 6-ին Վանաձորում Վեր․Դաբբոն հանդիպում ունեցավ Հայաստանի հյուսիսային շրջանի ՀԱԵ հովիվների և օգնական հովիվների հետ: Նա բաժնեկցեց իր 30-ամյա հովվական ծառայության փորձառությունից։ Բոլոր եկեղեցիների հովիվներն իրենց գոհունակությունն արտահայտեցին վեր․ Ջորջ Դաբբոյի ծառայության համար և ցանկություն հայտնեցին կրկին հանդիպել։

Քրիստոնեական եկեղեցիների համար ավետարանչությունը կարևոր առաքելություններից մեկն է: ՀԱԵ-ն նույնպես կարևորելով այն, ավետարանչության հանձնախումբ է ստեղծել, որի նախաձեռնությամբ և աղոթքով էլ տեղի ունեցավ ավետարանչական այս պաշտամունքները:

Աղբյուր՝ www.eca.am

Մեկնաբանություններ