Բողոքականների հավատամքը

Բողոքականության պաշտամունքի և դավանաբանության առանձնահատկությունները:

Բողոքականությունը կիսում է համաքրիստոնեական պատկերացումները Աստծու, Նրա Եռամիասնության, Սուրբ Հոգու, դրախտի և դժոխքի (միաժամանակ հերքելով քավարանի մասին կաթոլիկական պատկերացումը), աստվածային հայտնության, կանխորոշման, նախասահմանման մասին: Դրա հետ միասին բողոքականությունը հերքում է փրկագործության մեջ հավատացյալի և Աստծու միջև եկեղեցու և հոգևորականության միջնորդության գաղափարը, հրաժարվում է եկեղեցական նվիրապետությունից, մերժում է վանականության ինստիտուտը, սրբերի պաշտամունքը, մասունքների երկրպագումը, ճոխ և թանկարժեք ժամերգությունները և արարողությունները: Բողոքականության մեջ բացակայում է կուսակրոնությունը:

Բողոքականները որպես հավատի հիմք ընդունում են Աստվածաշունչը՝ Աստծո անսխալ գրավոր Խոսքը: Աստվածաշունչ մատյանն ամբողջությամբ ոգեշնչված է Սուրբ Հոգու կողմից և բարձրագույն, վերջնական և անհերքելի հեղինակություն է բոլոր բողոքականների համար:

Բողոքականներն ընդունում են նաև Հավատո բոլոր Հանգանակները՝ Առաքելական, Քաղկեդոնական, Նիկեական և Աթանեսյան:

Բողոքականների աստվածաբանությունը չի հակասում բոլոր Տիեզերաժողովներում ընդունված որոշումներին:

5-SolasԲողոքականության դավանաբանությունը համառոտ կարելի է արտահայտել հանրահայտ հինգ դրույթների միջոցով.

1. Sola Scriptura – Միայն Սուրբ Գիրքը

«Հավատում, սովորեցնում և դավանում ենք, որ միակ և բացարձակ օրենքն ու չափանիշը, համաձայն որի պետք է գնահատվեն բոլոր պնդումներն ու բոլոր ուսուցիչները, Հին և Նոր կտակարանների մարգարեական և առաքելական Գրքերն են»:

2. Sola fide – Միայն հավատով 

Սա ուսուցում է այն մասին, որ արդարանալ հնարավոր է միայն հավատով, անկախ բարի գործեր կատարելուց և ցանկացած արտաքին հոգևոր գործունեությունից: Բողոքոկանները չեն արժեզրկում բարի գործերը, սակայն ժխտում են դրանց նշանակությունը որպես հոգու փրկության աղբյուր կամ պայման: Բարի գործերը հավատի անխուսափելի պտուղն են և ներման վկայությունը:

3. Sola gratia – Միայն շնորհով

Սա վարդապետություն է այն մասին, որ փրկությունը շնորհ է, այսինքն՝ Աստծո կողմից մարդուն տրված ձրի պարգև է: Մարդը չի կարող վաստակել փրկությունը կամ անգամ ինչ-որ կերպ մասնակցել իր փրկությանը: Թեև մարդն իր հավատով է ընդունում աստվածային փրկությունը, սակայն մարդու փրկության համար ամբողջ փառքը միայն Աստծունն է:

Աստվածաշնչում ասված է. «Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռով. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է. Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ» (Եփ.2:8,9)։

4. Solus Christus – Միայն Քրիստոսը

Բողոքականության տեսակետից Քրիստոսը միակ միջնորդն է Հայր Աստծո և մարդու միջև, և փրկությունը հնարավոր է միայն առ Քրիստոս հավատի միջոցով:

Սուրբ Գիրքն ասում է. «Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը» (1 Տիմ. 2:5): Բողոքականները ավանդաբար հերքում են կույս Մարիամի և մյուս սրբերի միջնորդությունը փրկության գործում: Պնդում են նաև, որ եկեղեցական կառույցը (նվիրապետությունը) նույնպես չի կարող միջնորդ լինել Աստծո և մարդկանց միջև: Բոլոր հավատացյալները միասին ներկայացնում են «համընդհանուր հոգևորականությունը» և Աստծո առաջ ունեն միևնույն իրավունքներն ու միևնույն դիրքը:

5. Soli Deo gloria – Փառքը միայն Աստծունն է

Սա վարդապետություն է այն մասին, որ մարդ պետք է մեծարի ու երկրպագի միայն Աստծուն, քանի որ փրկությունը շնորհվում է միայն Նրա կամքով: Ոչ ոք իրավունք չունի հավակնելու Աստծուն հավասար փառքի ու մեծարանքի:

Այսպիսով, բողոքականությունը որպես հավատի միակ հիմք ընդունում է  Աստվածաշունչը: Աստվածաշունչ կարդալը, ուսումնասիրելը և սեփական կյանքում կիրառելը յուրաքանչյուր հավատացյալի կարևորագույն խնդիրն է: Ի տարբերություն կաթոլիկ, ուղղափառ և այլ ավանդական եկեղեցիների, բողոքականությունը որպես հավատի հիմք չի ընդունում Սրբազան ավանդույթը: Սրբազան ավանդույթի նկատմամբ վերաբերմունքը տարբեր հարանվանություններում տարբեր է: Որոշ ուղղություններ կտրականապեռս հերքում են այն, մյուսները վերաբերվում են հարգանքով, սակայն որոշ վերապահումով՝ Սրբազան ավանդույթի նկատմամբ դրական վերաբերմունք թույլատրելի է միայն և միմիայն այն դեպքերում, եթե այն բխում է Սուրբ Գրքից և չի հակասում նրան: Ոչ թե ծիսական պաշտամունքի պարզեցումը կամ արժեզրկումը, այլ միայն այս վերապահումն է պատճառը, որ բազմաթիվ բողոքական եկեղեցիներ իսպառ հրաժարվում են Սրբազան ավանդույթից, ծեսերից ու արարողակարգերից: