Բողոքականության պատմություն

Five SolasԲողոքականությունը քրիստոնեության երեք հիմնական ուղղություններից մեկն է: Մյուս երկու ուղղություններն են կաթոլիկությունը և ուղղափառությունը:

Բողոքականություն (protestantism) բառն առաջացել է լատիներեն protestatio՝  հանդիսավոր հայտարարություն, հռչակում, որոշ դեպքերում՝ անհամաձայնություն, առարկություն բառից:

Ի տարբերություն կաթոլիկության և ուղղափառության խիստ կենտրոնացված բազմաստիճան նվիրապետական կառույցի, բողոքականությունն իրենից ներկայացնում է ինքնուրույն, գործնականում միմյանց հետ չկապված եկեղեցիների, եկեղեցիների միավորումների և հարանվանությունների ընդարձակ ամբողջություն: Հետևորդների քանակով բողոքականությունը կաթոլիկությունից հետո աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Ըստ որոշ տվյալների՝ այսօր աշխարհում կա բողոքականության մինչև 800 միլիոն հետևորդ:

Բողոքականության ծագումը: Ընդունված է բողոքականության՝ որպես կրոնական ուղղության, գաղափարախոսության և միջազգային պատմական ուժի ձևավորումը վերագրել 16-րդ դարում Մարտին Լյութերի և Ժան Կալվինի գլխավորած հակակաթոլիկյան զանգվածային շարժմանը` Ռեֆորմացիային: Իհարկե մինչև Ռեֆորմացիան տարբեր երկրներում ծագել և թափ են առել շարժումներ, որոնք բողոքել են կաթոլիկ եկեղեցու, իշխող այլ եկեղեցիների, կղերականության անարդարությունների, դավանաբանական շեղումների, խաբեությունների դեմ: Դրանցից հատկապես ուշագրավ է կատարների շարժումը Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում 11-ից 14-րդ դարերում: Բոլոր այս շարժումները դաժանորեն հալածվել են տվյալ ժամանակներում գործող եկեղեցիների կողմից և ի վերջո մարել են:

Սակայն նույն ճակատագրին չի արժանացել Ռեֆորմացիան:

Հակակաթոլիկյան լայն շարժման` Ռեֆորմացիայի արդյունքում XVII դարում Եվրոպայում բողոքական եկեղեցիների խումբն անջատվեց կաթոլիկությունից: Այդ խմբի մեջ էին Լյութերա­կան եկեղեցին (Գերմանիայում), որն իր անունը ստացավ Ռեֆորմացիայի նախաձեռնող Մարտին Լյութերի (1483-1546թթ.) անունից, Կալվինական եկեղեցին` (Շվեյցա­րիայում), որը ստեղծվեց Ժան Կալվինի (1509-1564թթ.) կողմից, և Անգլիկան եկեղեցին (Անգլիայում), որն առաջացավ Հենրիխ VIII թագավորի` Հռոմի հետ խզման արդյունքում: Անգլիայի խորհրդարանը թագավորին հայտարարեց եկեղեցու պետ:

Ռեֆորմացիայի ընթացքում առաջացած բողոքականության սկզբնական ձևերի հետ միասին առաջ եկան նաև Ցվինգլիակա­նությունը (Շվեյցարիայում և Հարավային Գերմանիայում), որն իր անունը ստացավ Ուլրիխ Ցվինգլիի անունից, իսկ ավելի ուշ` XVI դարի վերջին – XVII դարի սկզբին, միաձուլվեց կալվինա­կանության հետ, ինչպես նաև պուրիտանիզմը, անաբապտիզմը, մենոնիտությունը, սոցինիանությունը: