Գիտության ծնունդը — Նախաբան (մաս 2)

237

Հին մշակույթը, սակայն, չկարողացավ զարգացնել գիտությունն ու գիտական մեթոդը, որովհետև հասարակություններում տակավին տարածված էին բազմաստվածյան գաղափարները և, հատկապես, արիստոտելական մտահամակարգը, որը – ինչպես կտեսնենք ստորև – խոչընդոտ էր իրականության գիտական ուսումնասիրման համար։

Քրիստոնեությունը անիմիստական, հեթանոսական և բազմաստվածյան կրոններից տարբերվելով, ներմուծեց և տարածեց մի հիմնական կարևորություն ունեցող դոգմա. Աստված անդրանցական (տրաշենդենտալ) գոյություն է, որ ստեղծել է աշխարհն Իր կամքի ազատ որոշմամբ, ստեղծել է ժամանակի ու տարածքի սահմաններում եզրափակված նյութական աշխարհը, իսկ դրա ներսում՝ միայն մեկ հոգևոր արարած, որն օժտված է բանական հոգիով ու ազատ կամքով, քանի որ ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ. Մարդը։ Հավատքի այս դոգմայից բխում են առնվազն երեք կարևորագույն հետևանքներ.

1) Աշխարհն այլևս դադարեց ընկալվել հեթանոսական աշխարհայացքի համաձայն, այսինքն՝ իբրև ինքն իսկ մի աստվածություն, իբրև մի «մեծ կենդանի», մի վիթխարի կենդանի էակ, ուր բնակվում էին երկրի, օդի, կրակի ու ջրերի ոգիները, ամենատարբեր տեսակի պարիկները, թզուկներն ու բազմահազար տեսակի ա՛յլ գոյություններ։ Քրիստոնյաների համար, ընդհակառակն, տիեզերքը դա «աշխարհի մեքենան» է (Տասներեքերորդ դարի մի գիտնական եպիսկոպոսի բնորոշմամբ), նյութական մի մեծ մեխանիզմ, որը հաստատվել է, ինչպես ասում է Աստվածաշունչը, «թվով, կշռով ու չափով», մաթեմատիկական չափանիշներով, Արարիչ Աստծո կողմից։ Ինչպես ասում էին միջնադարյան քրիստոնյաները, աշխարհը Աստծո ճարատարապետությամբ կառուցված մի մեծ տաճար է։

2)Մարդն իր բնությամբ եզակի արարած է, օժտված է ազատ կամքով, ենթակա չէ աստղերի, Ճակատագրի, անխուսափելի Անհրաժեշտության քմահաճույքին (գիտնականների մոտ խոսվում է աստվածաշնչյան մարդակենտրոնության մասին)։ Մարդը կարիքը չունի գործածելու հուռութքներ, մոգական բանաձևեր ու կախարդանքներ, հուսալով դրանց միջոցով ստանալ իրենից բարձրակարգ հոգևոր ուժերի բարեհաճությունը, կարիքը չունի դիմելու կախարդների ու գուշակների, բնության քմահաճ ուժերի բարյացակամությունը զոհերի միջոցով իր վրա հրավիրելու համար։

3) Նյութական աշխարհը բանտ չէ, չարիքը չի ծնվում նյութից, ինչպես ուսուցանում էին Պղատոնը, բոլոր հեթանոսները, գնոստիկներն ու արևելյան փիլիսոփաները, այլ՝ «բարի իրականություն» է, ինչպես մի քանի անգամ կրկնվում է Աստվածաշնչի առաջին իսկ գլխում։ Այս աշխարհայացքն էր, ահա, որ փոխեց պատմության ընթացքը։

Աղբյուր՝ mashtoz.org

Մեկնաբանություններ