Գյումրեցին կռիվ տվեց երևանցու համար, իսկ երևանցին կանգնեց ղարաբաղցու կողքի՞ն․․․

577

Ցանկացած մեծ զանգված հսկելու համար, սկզբում այն բաժանում են մասերի։

Այս մեթոդը դեռևս վաղ դարերից հայտնի է մարդկությանը։ Բանակն ու զորքը կառավարում են՝ այն բաժանելով բանակային կորպուսների, զորամասերի, վաշտերի և դասակների։ Պետության դյուրին կառավարման համար այն բաժանում են մարզերի կամ նահանգների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են քաղաքների, քաղաքներն էլ թաղերի և այլն․․․

Այս ամենը գիտակցելուց հետո ամենևին դժվար չէ հասկանալ, թե ինչու են մեզ՝ հայերիս, ժամանակի ընթացքում բաժանել մասերի և փորձել այդ մասերի մեջ սեպ խրել և արհեստականորեն տարաձայնություններ ստեղծել մեր մեջ։ Այս ամենն արվում է մի ժողովրդի մեջ, ով օրհասական պահերին զարմանալիորեն ապացուցում է հակառակը։

Ընդամենը մեկ հայացք է հարկավոր հասկանալու համար, որ մեզ բաժանել են տարբեր մասերի։ Նկատեք, որ մենք ինքնաբերաբար տարբերություն ենք դնում երևանցու և գյումրեցու, ապարանցու և լոռեցու, ղարաբաղցու և մարտունեցու միջև, մինչդեռ թվարկածները բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են, ապրում են մեր կողքին, կրում՝ հայի անունն ու ապրում նույն հոգսերը։ Հայեր, որոնց մեջ հոսում է հայի արյուն, որոնց մեջ կա հայի թասիբն ու մեծահոգությունը։

Սա դեռ ամենը չէ։ Մեզ բաժանել են նաև աղքատների և հարուստների, բժիշկների և ֆիդայիների, ոստիկանների և քաղաքացիների, առաքելական եկեղեցու հետևորդների և բողոքականների․․․

Կարծես բոլորս հասկանում ենք և գիտակցում, որ սա նորմալ է։ Ոստիկանը նորմալ է համարում, որ իրեն բաժանել են քաղաքացուց, քաղաքացին էլ վստահ է, որ ինքը ոստիկան չէ ու չի էլ հարգում վերջինիս, առաքելական եկեղեցու հետևորդները հալածում են բողոքականներին, աղքատները վստահ են, որ իրենք հարուստներից տարբերվում են և հակառակը, բայց չենք նկատում, որ իրականում այս ամենը արվում է միտումնավոր և միայն մեկ նպատակով, որպեսզի հեշտ լինի մեզ կառավարելը։

Հայտնի մի խոսք կա, ըստ որի մարդուն իրապես ճանաչելու համար հարկավոր է նրան նեղել, որից հետո ի հայտ կգա նրա իրական դեմքը։ Ահա և այդ օրն էլ եկավ։

Ապրիլյան պատերազմական վիճակը հային ստիպեց ցույց տալու իր իրական դեմքը։ Հայը ապացուցեց, որ իր համար չկան նման արժեքներ, որոնցով փորձել են կառավարել իրեն մինչ օրս։ Հայը ապացուցեց, որ պատրաստ է կյանքը տալ ազգի համար, առանց հաշվի առնելու վերը նշված որևէ տարանջատում։

Գյումրեցին կռիվ տվեց երևանցու համար, երևանցին կանգնեց ղարաբաղցու կողքին, ղարաբաղցին պատրաստ է մեռնելու հանուն ապարանցու, աղքատը պատրաստ է կռվել հարուստի կողքին, բժիշկն ու ոստիկանը պատրաստ սպասում են իրենց մարտի հրավերին․․․
Հայը ևս մեկ անգամ ապացուցեց մարդկությանը, որ իր համար միակ ու գլխավոր արժեքը՝ հավատքն է առ Աստված և վստահությունը՝ իր իսկ ուժերի վրա։

Ցավալին այն է, որ Աստծուն դիմում ենք միայն դժվար պահերին, իսկ խաղաղ ժամանակներում դարձյալ տարբերություն ենք դնում հարուստի և աղքատի, գյումրեցու և լոռեցու, ոստիկանի և բժշկի միջև․․․
Խաղաղ ժամանակներում դժվարանում ենք անգամ հիշել Աստծուն, մինչդեռ առանց Աստծո անհնար կլիներ մեր ունեցած բոլոր հաղթանակները։

Եկե՛ք բոլորս հիշենք այս օրերին ունեցած մեր միաբանությունն ու սերը, երբեք չմոռանանք, որ մենք կախված ենք Աստծուց, այս օրերի աղոթքներն ու միասնությունը պահպանենք նաև՝ խաղաղ պայմաններում, որպեսզի Աստծո օրհնությամբ դադարեն կռիվներն ու տարաձայնությունները նաև՝ մեր ներսում։

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ