Դպրոցը կրոնական և աշխարհիկ կրթության միջակայքում

560

Երբ դեռևս հեռավոր թվացող 1989 թվականին իմ երգի ուսուցչուհին մեզ առաջին անգամ սովորեցրեց «Հայր մեր» աղոթքը և կիսվեց Աստվածաշնչի պատմություններով, գուցե չէր էլ կարող ենթադրել, թե դա ինչպիսի ճակատագրական ազդեցություն կարող էր թողնել անձամբ ինձ և մյուս դասընկերներիս վրա։

Նրա հոգևոր մատուցումները և խրատները կտրուկ ազդեցություն ունեցան իմ վարքի ու կենսակերպի, աշխարհայացքի ու արժեհամակարգի վրա։ Դեռևս լինելով Խորհրդային անաստված ռեժիմի ներքո՝ նա կարողացավ իմ առջև բացել հոգևոր աշխարհի անտեսանելի դռները, որոնք տեսանելի արդյունք պիտի բերեին իմ ողջ կյանքում։

Նա պատմում էր մեզ արարչագործության, մանուկ Հիսուսի, խաչելության և հարության մասին՝ մեր մանկական շուրթերին տեղադրելով առաջին աղոթքը՝ «Հայր մերը»՝ անպատիվ խոսքերի ու ստության փոխարեն։

Այդ ժամանակ կրոնի որևէ առարկա չէր դասավանդվում դպրոցներում, սակայն հոգևոր կուռ արժեքներ էին ձևավորվում։

Այս օրերին թեժ քննարկվում է «Կրոնի պատմություն» առարկայի դասավանդման հարցը, որն ինձ համար ոչ թե կրոնի պատմություն է, այլ ավելի շատ Հայ Առաքելական եկեղեցու պատմություն՝ իր դավանաբանական ու արարողակարգային բոլոր նրբություններով։ Հոգևոր դաստիարակությունը մի կողմ դնելով՝ մենք փորձում ենք երեխաներին կրոնական դաստիարակություն մատուցել առանց հոգևոր արժեքներ ձևավորելու նրանց մեջ։ Արդյունքն այն է լինում, որ երեխան ավելի վանվում ու օտարանում է հոգևոր դաշտից, քան ձգտում դեպի հոգևոր արժեքները։ Նրա համար հոգևոր կյանքը պարփակվում է ծիսական, ավանդական և կրոնադավանաբանական հարցերով՝ հետին պլան մղելով ամենակարևորը՝ Քրիստոսի առաջարկած արժեքները՝ սեր, բարություն, կարեկցանք, ներում, աշխատասիրություն…

Ես՝ իբրև ծնող, կողմ եմ, որ դպրոցում իմ երեխաների մեջ ձևավորեն հոգևոր, բայց ոչ կրոնական արժեհամակարգ։ Իհարկե, վստահ չեմ, որ բոլոր ընթերցողները կզանազանեն կրոնի և հոգևորի տարբերությունները։ Այնուամենայնիվ, խորապես համոզված եմ, որ դպրոցը պետք է ապաքաղաքականացված ու ապակրոնականացված կառույց լինի։ Դպրոցը մատաղ սերնդին չպետք է տա այն, ինչին կանչված է տալու եկեղեցին և ընտանիքը։

Դպրոցի գերագույն գործառույթը պետք է լինի երեխաներին աշխարհիկ կրթություն, էսթետիկ դաստիարակություն տալը և հոգևոր արժեքների ձևավորումը։ Այն չպետք է անի մի բան, որի համար կանչված է միայն եկեղեցին ու ընտանիքը։ Ես կողմ են, որ Առաքելական եկեղեցին ավելի կենտրոնանա սերնդի հոգևոր դաստիարակության վրա, բայց եկեղեցական շրջանակների ներքո։ Սակայն դեմ եմ, որ իմ երեխան հավելյալ ծանրաբեռնվի եկեղեցական բարդ ու խրթին ծիսակարգերի գիտելիքներով, դավանաբանական ու կրոնական հարցերով։ Նա դրան անպայման կտիրապետի, եթե իհարկե հարկ լինի, սակայն եկեղեցու սահմանների ներքո։

Այս առումով իմ աջակցությունն եմ հայտնում Կրթության և Գիտության ներկա նախարարի մոտեցումներին։ Եվ կարծում եմ՝ հենց այստեղ է երևում իրական հոգևորականների դեմքը։ Հրապարակայնորեն պախարակելով, անպատվելով և միջնադարյան մեթոդներով չես շահի մատաղ սերնդին, այլ կվանես։ Խորենացուն, Նարեկացուն և Կոմիտասին մեջբերելով՝ դիվիդենտներ չես շահի՝ առավել ևս, որ նշյալ անձինք հենց խավարամիտ ու նեղմիտ կղերականության զոհն են եղել և դաժանորեն հետապնդվել ու հալածվել են նրանց կողմից։

Դպրոցը եկեղեցական կառույց չէ, այլ՝ աշխարհիկ և պետական։ Յուրաքանչյուր հոգևորական թող կատարի իր պարտականություններն իր սահմանների ներքո։ Վերջիվերջո, իրական հոգևորականի դեմքը երևում է ոչ թե դպրոցում՝ գրատախտակի մոտ, այլ այցելելով նույն այդ երեխաների տները, շփվելով ընտանիքների և երեխաների հետ իրենց տների մեջ, հաղորդ լինելով վերջիններիս հոգևոր և նյութական կարիքներին։ Իսկ դա անելու համար ոչ ոք որևէ հոգևորականին չի արգելում։

Այնպես որ թողենք ամեն մեկն իր գործն անի։ Եվ թեպետ անձամբ դեմ եմ «Կրոնի պատմություն» առարկայի դասավանդմանը, բայց շարունակում եմ կողմ մնալ դպրոցում հոգևոր արժեքների դասավանդմանը, համաքրիստոնեական, աստվածաշնչյան սկզբնական գիտելիքների փոխանցմանը։ Ինձ համար՝ իբրև ծնող, շատ ավելի գերադասելի է, որ իմ զավակը տիրապետի «Հայր մեր» աղոթքին, «Ոսկե կանոնին», պատվիրաններին, քան իմանա, թե քահանայի՝ կերպասից ասեղնագործված կամ մարգարտազարդ գլխանոցն ու կիսագալարաձև լանջապանակն ինչ է, կամ թե ինչ է սրբերի մասունքների պաշտամունքը։

Իսկ թե հետագայում մատաղ սերունդի մոտ ձգտում կառաջանա եկեղեցի գնալու, թե ոչ, դա արդեն կախված է ներկա ժամանակաշրջանի հոգևորականության վարք ու բարքից, եկեղեցու դիրքից։ Վերջիվերջո, Քրիստոսն ասաց, որ իրական հավատացյալներն աշխարհի լույսն են։ Իսկ լույսը գովազդի կարիք չունի։ Իրական լույսը ինքնակամ ձգողականության այնպիսի մագնիտիզմ ունի, որ այլևս կարիք չի լինի պարտադրանքի ուժով որևէ մեկին մղել դեպի դա։

Վազգեն Զոհրաբյան
Աղբյուրը՝ vazgenarseni.com

Մեկնաբանություններ