Եթե կրակ, ապա միայն տաքանալու, ո՜չ այրվելու…

834

Թող որ կայծը կրակ դառնա միայն այնտեղ,
Որտեղ պետք է միս խորովել, անուշ անել:
Թող կրակը հասնի երկինք միայն այնտեղ,
Որտեղ պետք է հարդը վառել, ցորեն զատել:

Թող կրակը սևադեղին լեզուներով խաղա այնտեղ,
Ուր ձեռք մեկնած՝ սպասում են տաքանալուն,
Թող կրակը ճրթճրթալով լուսավորվի միայն այնտեղ,
Ուր շրջան կապած՝ սպասում են խարույկի բոցկլտալուն:

Թող կրակը բոցավառվի միայն այնտեղ, ուր կարիք կա,
Ոչ թե այնտեղ, ուր կամենա, ուր ցանկանա, ուր մոտենա…
Թող կրակը բոցավառվի, լուսավորվի, բայց ո՜չ այնտեղ,
Ուր պիտ եռա ու բոցկլտա՝ շունչ ու մարմին խառնած փայտին:

Թող կրակը հանգչի անդարձ, թե արցունքներ պիտ բերի
Ոչ թե ծխից, այլ հառաչող, անմխիթար սրտի ցավից,
Թող մոխրանան ու վերանան բոցերը այն նենգ կրակի,
Որ պիտ վառվեն, պիտ տարածվեն մանկանց ճիչ ու աղաղակից:

Համաձայն եմ, թող ես սառչեմ, բայց չլսեմ,
Թե կրակը մի մանուկի կյանք գողացավ…
Թող ես դողամ, թող ես մրսեմ, բայց չլսեմ,
Թե մի մանուկ, ա՜խ, չափից շատ տաքացավ…

Եթե կրակ, ապա միայն տաքանալու, ո՜չ այրվելու…

Հ.Գ. Թեև որևէ խոսք ի զորու չէ արտահայտել այն մեծ վիշտն ու կսկիծը, որով պատվում է սիրտդ ամեն անգամ, երբ լսում ես դժբախտ պատահարի ու մարդկային կյանքերի կորուստի մասին… Էլ ո՜ւր մնաց երեխաներինը… #Կեմերովո

Արմեն Նիազյան

Մեկնաբանություններ