Երանելին

629

Աստվածաշնչում երկու գլուխ, որոնք ամբողջությամբ խոսում են Աստծո Խոսքի մասին, սկսում են այսպես. «Երանելի…»։ Առաջինը` Սաղմոս 1-ն է, երկրորդը` ամենաերկար Սաղմոսը` 119-ը։ Պատահական չէ, որ այդ երկու գլուխները, որոնք խոսում են Աստծո Խոսքի մասին, սկսում են այս բառով։ Աստծո Խոսքը և երանելի լինելը իրար հետ շատ ամուր կապերով կապված են։

Ոչ միայն Հին Կտակարանում, այլ նաև Նոր Կտակարանում Հիսուսը այդ երկուսը իրար կապեց։ Նա մի նախադասություն ասաց, որն իր մեջ պարունակում է ամբողջությամբ այդ երկու գլուխները։

«…երանի նրանց, որ լսում են Աստծո Խոսքը և պահում»: (Ղուկ. 11։27-28)։

Հիսուսը բացատրեց, որ երեանելի լինելու համար երկու բան է պետք, առաջինը` Աստծո Խոսքը լսել, իսկ երկրորդը` այն պահել։ Շատերը չեն կարողանում բավարարել առաջին պահանջը։ Նրանք շատ բաների ժամանակ ունեն, բայց  Աստծո Խոսքը լսելու ժամանակ չունեն։ Դրա համար Հիսուսն ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի» (Մատթ. 13։9)։ Բայց կան նաև ոմանք, որ լսելով լսում են և չեն լսում։

Աստծո Խոսքը լսելը շատ կարևոր է, որովհետև առանց դրա հավատք չի լինում (Հռ. 10։13-17) և առանց դրա հնազանդություն չի լինում։ Բայց մենք երանելի չենք դառնա միայն լսելով և Աստծո Խոսքը իմանալով։ Շատ շատերը կանգ են առել այս կետում։ Նրանք շատ լավ գիտեն Աստծո Խոսքը, նույնիսկ քարոզում են ոմանց, բայց նրանց կյանքը դատարկ է, որովհետև չեն հասել երանության աստիճանին։ Հարուստ երիտասարդը նույնպես պատկանում էր այս դասին։

Մեզ պատք է նաև երկրորդ կարևոր քայլը երանության հասնելու համար` դա Աստծո Խոսքը պահելն է։ Աստծո Խոսքը պահելն, այսինքն` հնազանդվելը հնարավոր է միայն մի դեպքում, երբ որ նախևառաջ այդ խոսքերը պահում ենք մեր սրտում։

«Իմ սրտում թաքցրի Քո խոսքերը, որ չմեղանչեմ Քեզ դեմ» (Սաղմ. 119։11)։

Ոչ միայն Հիսուսը Նոր Կտակարանում խոսեց երանության մասին, այլ նաև Հակոբոս առաքյալը (Հակ. 1։22-25) և այն կապեց Աստծո Խոսքի հետ։ Ողջ Աստվածաշունչը ուղղակի կամ անուղղակի ներծծված է այս գաղափարով։

Աստծո Խոսքը լսելը մեր մեջ առաջացնում է հավատք, իսկ այն պահելը հնազանդություն է։ Հավատքն ու հնազանդությունը քրիստոնեական կյանքի հիմքերն են։ Մեր հոգևոր հայրը` Աբրահամը օշտված էր հենց այս հատկանիշներով։ Եթե նա իրականում մեր հավատքի հայրն է, պետք է, որ մենք էլ նրա օրինակին հետևող լինենք։

Աբրահամը իր հոգևոր կյանքը սկսեց հավատքով` հավատքով թողեց Ուր քաղաքը և գնաց իր չիմացած ուղղությամբ` պանդխտություն անելու (Եբր. 11։8-10)։ Բայց նրա վերջին գործերից մեկն այն էր, որ նա չխնայեց իր որդուն և պատրաստ էր Աստծուն հնազանդվելու համար նրան զոհել (Եբր. 11։17-19)։

«… երանի նրանց, որ լսում են Աստծո Խոսքը են և պահում»։ Այս խոսքերը մխիթարական, քաջալերական խոսքեր են։ Այստեղ խոսքը հոգնակի թվով է. «նրանց»։ Այստեղ խոսքը իմ և քո մասին է։ Մեր համար շանս կա։ Ինչպիսի վատ վիճակում որ լինենք մենք, դա կարող է փոխվել, մենք կարող ենք երանելի դառնալ։

Երանելու հակառակը վայն է, աներանելին է, դժբախտն է, մեղքն է, կորսվածն է… Սրանց կարող ենք շարունակել։ Հիսուսը տվել է մեզ դեղ և լուծում այդ բոլորից։

Արդյոք մենք մեզ կարո՞ղ ենք համարել երանելի։ Արդյոք մարդիկ կարդալով մեր կյանքը, մեզ կարո՞ղ են համարել երանելի։ Ամենակարևոր հարցը. իսկ Աստված մեզ երանելի համարո՞ւմ է։ Երանելին նա է, ով կյանք ունի այստեղ ավելիով և էլ ավելին ունի` երկնքում (Հովհ. 10։10)։

Երանելի մի անգամից չես կարող դառնալ, դա ընթացք է։ Դա կատարվում է քայլ առ քայլ։ Հիսուսը խոսեց այդ քայլերի մասին Լեռան քարոզում։ Այնտեղ Նա 9-ը երանիի մասին խոսեց, որոնք ամբողջությամբ ընդգրկում էին Ղուկաս 11։28-ը։

Առաջին երանելին սկսում է այսպես. «Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը» (Մատթ. 5։3)։

Հոգով աղքատը նա է, ով սոված և ծարավ է հոգևոր բաներին, ով անհագորեն կարիք ունի Աստծո Խոսքը լսելու և դրանից սովորելու։ Առանց այս կետի դու չես կարող շարունակել քո ընթացքը 9-ը աստիճանային սանդուղքով։

Եկեք մի պահ կանգ առնենք և քննենք մեզ (Բ Կոր. 13։5), արդյոք իրականում երանելի՞ ենք մենք, չէ՞ որ դա է և’ մեր և’ Աստծո ուզածը։

Եկեք մեղավորներ չփնտրենք մեր կյանքի դժբախտությունների համար։ Ինչպիսի անցյալ էլ որ ունեցած լինենք, այսօր մենք կարող ենք փոխել, երանելի դառնալ։ Երանելի դառնալու ճանապարհը մատչելի է բոլորիս։

Եկեք այսուհետև Խոսքը պահենք մեր սրտում և ապրենք այդ խոսքով։ Եկեք մեր կյանքով, մեր ապրածով ցույց տանք մեր բարեկամներին, մեր ազգին և ողջ աշխարհին, թե ինչ բան է իսկական կյանքը, իսկական քրիստոնեական կյանքը, ինչ է իրականում երանելի լինելը, որն է այն կյանքը, որը Աստված ուզում է մեր մեջ տեսնել։ Հիսուսի կյանքի գաղտնիքը նրանում էր, որ Նա մարմնավորվել էր Խոսքի հետ։ Նա իրականում ցույց էր տալիս թե ինչ է նշանակում լինել երանելի (Ա Տիմ. 6։15)։

Սամվել Ղուլյան

Մեկնաբանություններ