Երբ ասում են մարդ

691

Երբ ասում են մարդ,
Փշաքաղվում է մարմինս իսկույն,
Եվ հոգուս աչքով տեսնում հեռվում
Կանգնած Ադամին` և օձն իր գրկում…

Երբ ասում են մարդ,
Մի ուրվական է երիզվում իմ դեմ`
Տեսքով Կայենի,
Որին տեսնում եմ արնոտ ձեռքերով,
Վարքով՝ վայրենի…

Երբ ասում են մարդ,
Մարդակեր մարդկանց մի մեծ ոհմակ է
Կանգնում իմ դիմաց`
Բերանները բաց,
Որոնք իմ հյուծված մարմնի տեղակ
Մարմինս սնող սնունդն են ուտում…

Երբ ասում են մարդ,
Գազանանոցն եմ հիշում ես իսկույն,
Նրա ապահով «բնակիչներին»…

Եվ հիանալի այդ «կոլեկտիվին»,
Որոնք «ապրում» են թեև իրար մոտ,
Սակայն չեն կծում իրար ձեռ ու ոտ
Եվ չեն հոշոտում իրար մարդու պես…

Մարդիկ, ինչո՞ւ չեք վարվում
Դուք էլ նրանց պես…

Միքայել Սվարյան

Մեկնաբանություններ