Երբ ներում ես, փակում ես տանդ ճաքերը. Ֆրանցիսկոս Պապ

302
pope

Ճշմարտապես քրիստոնյա ընտանիքները շատ բան կարող են անել՝ այսօրվա հասարակության և Եկեղեցու համար:

Ընտանիքը ճիշտ տեղն է՝ նվիրումի և փոխադարձ ներման: Սերը չի կարող երկար տևել առանց ներման և նվիրումի, համոզված է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Ընտանիքում ամեն օր սխալներ ենք անում միմյանց հանդեպ՝ մեր թուլության և եսասիրության պատճառով: Բայց պետք է շատ արագ բուժենք մեր իսկ պատճառած ցավը, վերքը, նորից միացնենք մեր կտրած թելերը:

Կա պարզ մի գաղտնիք, թե ինչպես կարելի է բուժել վերքերը և դադարեցնել փոխադարձ մեղադրանքները.

Օրն ավարտելիս անպայման ներել միմյանց, խաղաղություն հաստատել ամուսիներիի միջև, ծնողների և զավակների միջև, եղբայրների և քույրերի միջև, սկեսուրների և հարսների միջև…

Եթե սովորենք անմիջապես ներել միմյանց ու ներում հայցել, բերքերը կապաքինվեն, ամուսնությունը կզորանա, ընտանիքը կդառնա ավելի ամուր մի տուն, ունակ դիմադրելու մեր հակառակություններին: Սրան հասնելու համար երկար ճառեր պետք չեն, բավական է պարզ հոգատարությունը, և ամեն ինչ կսկվի նորից: Մի՛ ավարտեք օրը կռվելով, պատվիրում է Հռոմի Պապը:

Եթե սովորենք այսպես ապրել ընտանիքում, նույնը կանենք և դրսում: Շատերը մտածում են, որ սա կիրառելը գործնականում շատ բարդ է, բայց ո՛չ: Աստծուց ներում գտնելո՛վ է, որ կարողանում ենք ներել միմյանց: Սրա համար է, որ Հիսուս մեզ խնդրեց ամեն օր ասել Տերունական աղոթքի խոսքերը.«թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց…»: Անփոխարինելի արժեք է այն, որ անգութ այս հասարակության մեջ կան վայրեր, ինչպիսին է ընտանիքը, որտեղ կարող ենք սովորել ներել միմյանց:

Ընտանիքի թեմայով վերջին Սինոդը վերածնեց նաև մեր հույսն այս ուղղությամբ. ներելու ունակությունը ընտանիքի կոչման մի մասն է: Ներելը ոչ միայն փրկում է ընտանիքը բաժանումներից, այլև ընտանիքին ունակ է դարձնում՝ օգնելու հասարակությանը՝ լինել նվազ դաժան և նվազ չար:  Ներման ցանկացած քայլ փակում է տան ճաքերը և ամրացնում պատերը:

«Սիրելի՛ ընտանիքներ, Եկեղեցին միշտ ձեր կողքին է՝ օգնելով ձեզ կառուցելու ձեր տունը ապառաժի վրա, ինչի մասին խոսում էր Հիսուս: Եվ եկե՛ք չմոռանանք այն բառերը, որոնք նախորդում են տան մասին առակին.«Ոչ ամեն մարդ, ով ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, Երկնքի Արքայություն կմտնի, այլ՝ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ Երկնքում է» (Մտթ.7:20): Վստահեցնում եմ ձեզ, որ եթե կարողանաք ավելի վճռականորեն քայլել Երանիների ճանապարհով՝ սովորելով և սովորեցնելով ներել միմյանց, կզորանա նաև Եկեղեցու ամբողջ մեծ ընտանիքի կարողությունը՝ վկայելու Աստծո ներման զորության մասին: Այլապես, մենք կարող ենք գեղեցիկ քարոզել և, գուցե, դևեր հանել, բայց Տերն ի վերջո մեզ չի ընդունի որպես իր աշակերտները, որովհետև մենք չկարողացանք ներել և ներված լինել ուրիշների կողմից…

Ճշմարտապես քրիստոնյա ընտանիքները շատ բան կարող են անել՝ այսօրվա հասարակության և Եկեղեցու համար…աղոթե՛նք, որպեսզի ընտանիքները կարո՛ղ լինեն ապրելու և կառուցելու հաշտության գործնական ճանապարհներ, որոնց շնորհիվ ոչ ոք ինքն իրեն լքված չի զգա իր հանցանքների մեջ».-ասել է Նորին Սրբությունը:

Աղբյուր՝ armenianchurchco.com

 

Մեկնաբանություններ