Երկրի օրհնությունն իմ օրհնությունն է. Տիգրան Թադևոսյան

665

Չկա մեկը, ով չի ուզում օրհնված լինել Տիրոջից: Բոլորս ուզում ենք օրհնված լինել անձնապես: Բայց երբ խոսք է գնում երկրի մասին, վերապահումներով ու սահմանափակումներով ենք վերաբերվում դրան: Շատերը երկրային օրհնությունները համարում են ժամանակավոր ու կենտրոնանում են միայն երկնային օրհնությունների վրա:

Սակայն հարկավոր է ընկալել, որ երկրի օրհնությունը անմիջականորեն կապված է մեր անձնական օրհնության հետ: Չգիտես ինչու, մենք հաճախ մեզ առանձնացնում ենք երկրից ու պնդում, որ Աստված մեզ կարող է օրհնել ցանկացած երկրում: Բայց հայրենասիրության իմաստը հենց այն է, երբ հասկանում ես, որ քո օրհնությունը կախված է երկրի օրհնությունից: Երբ Աստված օրհնում է քեզ, Նա նախ օրհնում է այն վայրը, որտեղ դու ես: Նա ուզում է օրհնել այն ամենը, ինչ կապված է քեզ հետ՝ քո աշխատանքը, ընտանիքը, տունը, փողոցը, քաղաքը, երկիրը:

Քո երկիրը քո օրհնությունն է: Եթե երկիրը օրհնված է, դու էլ ես օրհնված: Եթե երկիրը անիծված է, դու պետք է պատերազմես ոչ թե քո անձնական օրհնության համար, այլ երկիրն անեծքից ազատագրելու համար:

«Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան». Ծն. 1.28:

Աստված պատվիրում է տիրել, տիրություն անել երկրին:

«Եւ Եհովայ Աստուածն առաւ մարդը, եւ դրաւ Եդէմի պարտէզումը, որ նա նորան մշակէ եւ պահէ». Ծն. 2.15:

Աստված պատվիրում է մեզ խնամել և պահպանել այն վայրը, որտեղ ապրում ենք: Ոմանք օծված են իրենց տունը պահպանելու համար, ուրիշները՝ փողոցն ու քաղաքը, երրորդները՝ երկիրը պահպանելու համար: Կան նաև մարդիկ, ովքեր պայքարում են ազգերի օրհնության համար:

Եթե հողը օրհնված եղավ, նրա վրա աճող բույսն էլ օրհնված կլինի: Երկիրն այն հողն է, որի վրա մենք աճում ենք: Ամեն բան անենք, որ երկիրը օրհնված լինի: Այդ դեպքում կօրհնվենք մենք ինքներս:

Երբ Աստված Ադամին վտարեց դրախտից, ասաց.

«…Անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը». Ծն. 3.17:

Նա անիծեց ոչ թե Ադամին, այլ երկիրը: Երբ երկիրն անիծված է, մարդը չարչարանքով է հայթայթում իր հանապազօրյա հացը: Իսկ երկիրն անիծվում է նրա բնակիչների մեղքի պատճառով: Նրանց պատճառով էլ կարող է նաև օրհնվել Հիսուսով:

«Եւ քեզ եւ քեզանից յետոյ քո սերունդին տուի քո պանդխտութեան երկիրն». Ծն. 17.8:

Շատ քրիստոնյաներ Հաճախ ասում են, որ մենք երկրի վրա պիտի ապրենք պանդուխտի պես: Իսկ Աստված խոստանում է մեզ տալ պանդխտության երկիրը: Եթե դու սատանայից չգրավես քո երկիրը Աստծո համար, դա անեծք կբերի քո երկրին, արդյունքում նաև քեզ:

Կառուցենք մեր երկիրը, աղոթենք երկրի համար, համբերենք, տանենք դժվարությունները: Մի՞թե ուզում ենք կրկին վերադառնալ դեպի ստրկությունը:

«Եւ ես նորանցից մարդ որոնեցի պարիսպը շինող եւ խրամատութեան առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նորան չապականեմ. Բայց չգտայ». Եզ. 22.30:

Աստված մարդ էր որոնում, որ կանգնի ոչ թե իր անձնականի, այլ երկրի համար: Մեր կռիվը երկրում անարդարության, կոռուպցիայի, օրինազանցության, խավարամտության դեմ է: Եթե Աստված չմիջամտի երկրի մաքրության համար, երկիրը ապականվելու է: Եթե մարդ չլինի, որ կանգնի Աստծո առաջ երկրի համար, երկիրը չի օրհնվի:

Աստված քեզ օրհնում է քո երկրում՝ օրհնելով քո երկիրը:

Տիգրան Թադևոսյանի 09.09.2018թ. կիրակնօրյա պատգամից:

Մեկնաբանություններ