Զատիկ. Երբևէ մտածե՞լ եք…

1268

Վաղը Հարության տոնն է՝ Զատիկը:

Հավկիթներ ենք ներկելու, ձուկ ու չամիչով փլավ ենք եփելու, իրար շնորհավորելու ենք խոսակցական հայերենով՝ Զատիկդ շնորհավոր: Կամ գրաբարով՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Իսկ փորձե՞լ եք երբևէ անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ ու մտածել՝ իսկապե՞ս հավատում եք, որ Քրիստոսը մեռած էր և կենդանացավ: Պատկերացնո՞ւմ եք՝ մեռած, երեք օր առաջ թաղած մարդը կենդանացավ:

Երբևէ մտածե՞լ եք՝ էլ ինչո՞ւ մեռավ, որ պիտի կենդանանար:

Երբևէ մտածե՞լ եք ՝ Ինքը Աստված էր, ինչո՞ւ թույլ տվեց, որ Իրեն սպանեն, այն էլ ամենատանջալից ու խայտառակ մահով՝ խաչելով:

Երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ տվեց ինձ Նրա մահը և հարությունը:

Եթե մտածել եք ու գտել պատասխանները, ուրեմն թող Քրիստոսի շնորհն ու օրհնությունները ձեր ուղեկիցը լինեն հավիտյանս:

Եթե մտածել եք ու չեք գտել պատասխանները, ապա այցելեք մոտակա եկեղեցին, գտեք լավագույն քարոզչին, հովվին, քահանային, հավատացյալին ու խնդրեք, որ հասկանալի հայերեն լեզվով, հիմնվելով Ավետարանի վրա ձեզ բացատրի, պատասխանի այդ հարցերին:

Իսկ եթե չեք մտածել ու ձեզ չեն հետաքրքրում այդ հարցերը, ապա ինչո՞ւ եք տոնում: Հանուն ավանդությա՞ն, հանուն մոդայի՞, հանուն շրջապատի կարծիքի՞: Գուցե քեֆ անելու հերթական առի՞թն է, թե՞ մի բան պիտի ուտեինք՝ չամիչով փլավ կուտենք:

Ցավում եմ ձեզ համար: Զատիկը նշելով, չեք էլ մտածում թե ինչ եք նշում: Անում եք մի բան՝ չիմանալով , թե ինչ եք անում: Ու կրկին աղոթում եմ ձեզ համար՝ թող Աստված օգնի ձեզ տեսնել Քրիստոսի մահվան ու հարության խորհուրդը:

Մենք մեղավոր բնույթ ունենք՝ ուզենք թե չուզենք: Այդպիսին ենք ու եթե կարծում ենք, թե արդար ենք, քանի որ չենք սպանում ու չենք գողանում, ապա սա միայն մեր կարծիքն է: Արդարն ու մեղավորը որոշում է Նա, ով մեզ կյանք է տվել և ով մեզ կարող է նաև ազատել մահից: Մարդկային արդարությունը խիստ տարբեր է Աստծո արդարությունից: Նա է սահմանել ցուցանիշները, որոնցով որոշվում են արդարն ու մեղավորը, որոնք ավելի շատ են, քան գողանալը, սպանելն ու շնանալը:

Մենք մեղավոր ենք անկախ մեր կամքից: Իսկ մեղքի վարձը մահն է:

Պիտի մեռնեինք, բայց Քրիստոսը մեզ ազատեց մահից Իր վրա վերցնելով մեր մեղքերը: Բոլորիս մեղքերը: Ու մեռավ մեր փոխարեն՝ բոլորիս փոխարեն: Որպեսզի մենք չմեռնենք: Բայց մի փոքրիկ պայման կա՝ պետք է հավատանք այս ամենին, հավատանք, որ նա մեռավ իմ ու քո փոխարեն: Շնորհակալ լինենք Նրան, ընդունենք, որ նա փրկել է մեզ հավիտյան մահից, հավիտյան կորստից: Որ Նա Փրկիչն է, Տերը:

Հավատալով, մենք Իր հետ և Իր նման Հարություն կառնենք: Ու բաց ճակատով կասենք իրար.

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ