Զատիկ. Տոնական սեղանից դեպի Հարության վեհությունը

1447

Երեկ առավոտյան շուկա էի գնացել: Ի՜նչ աշխուժություն, ի՜նչ իրարանցում, ի՜նչ թանկություն: Մարդիկ պատրաստվում էին Զատիկին: Կանաչեղեն էին գնում, ձկնեղեն, նույնիսկ սոխի կլեպ:

Բայց հետաքրքիր է, արդյո՞ք Զատկի տոնին այդպես մոլեռանդ պատրաստվողներից բոլորն են ընկալում Զատկի՝ Քրիստոսի Հարության էությունը: Կասկածում եմ:

Ակամա լսեցի երկու կնոջ երկխոսությունը.

— Քահանան ասեց, որ յոթ ձու պիտի ներկենք:
— Ախչի, որ մինչև հիմա 15-20 հատ ենք ներկել, պակա՞ս Զատիկ ենք արել:
— Չէ, բայց էդ քահանան որ ասեց, ուրեմն մի բան գիտի:
— Մեր Մարոն էլ ասում ա, որ թազա մեռել ունեցողները չպիտի ձու ներկեն…

Եթե այս երկու գեղեցկուհիներն ընկալած լինեին Հարության ամբողջ վեհությունը, նման երկխոսություն չէին ունենա:

Իսկ Հարության էությունը պարզ է, բայց հանճարեղ.

Մենք բոլորս մեղավոր ենք.

«Բոլորը մեղանչեցին և Աստծո փառքից զրկվեցին»: Հռոմ.3:23:
«Բոլորը շեղվեցին, միասին անպիտան դարձան»: Սաղմ.14:3:
«Իրավ որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարի գործի և չմեղանչի»: Ժող.7:20:

Հայտնի է նաև, որ մեղքի վարձքը մահն է (Հռոմ.6:23): Հետևաբար մենք բոլորս ենթակա ենք մահվան: Բայց գտնվեց Մեկը, ով համաձայնեց մեռնել մեր փախարեն ու դրանով փրկեց մեզ մահից:

Դա Հիսուս Քրիստոսն էր: Լինելով Աստծո Որդի, լինելով Աստված, լինելով բացարձակ անմեղ, Նա մեռավ մեր մեղքերի պատճառով: Նրա հետ մենք էլ մեռանք մեղքի ու աշխարհի համար:

Ու կատարվեց ամենից հրաշալին՝ Քրիստոսը Հարություն առավ, ու մենք էլ արժանացանք Իր հետ Հարություն առնելուն ու հավիտենության մեջ բնակվելուն: Մենք արժանացանք հավիտենական կյանքին անձամբ Իր՝ Աստծո հետ: Արժանացանք Աստծո Արքայության քաղաքացիներ լինելու անգերազանցելի պատվին: Արժանացանք Աստծո լույսը տեսնելուն, Աստծո իմաստությունը հասկանալուն, Աստծո մասնիկը դառնալուն: Ու այդ շնորհը մեզ տրվեց ձրի:

Մեզնից պահանջվում է միայն հավատալ դրան, հավատալ, որ Քրիստոսի Հարությունը մեր հարությունն է՝ Իր հետ, Իր շնորհիվ:

Իսկ մենք ձու ենք ներկում, սիբեխ ենք տապակում, ուտում խմում ենք ու հաճախ, առանց ընկալելու դրա ամբողջ խորությունը, մեխանիկորեն կրկնում ենք՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Հետո էլ հպարտանում ենք, որ գիտենք նաև պատասխանը՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Ես ձու ներկելուն կամ կանաչեղեն տապակելուն բոլորովին դեմ չեմ: Ես դեմ եմ, երբ Քրիստոսի հրաշափառ Հարությունից շեղվում ենք, մոռանում ենք այդ Հարության ամբողջ նշանակությունն ու կենտրոնանում ենք ձու ներկելու և չամիչով փլավ եփելու վրա:

Իրական օրհնությունները ոչ թե ձվով ու փլավով են գալիս, այլ Հիսուս Քրիստոսի շնորհն ընկալելով, Նրա Հարությունը ողջ խորությամբ ըմբռնելով: Ու երբ մտքով գիտակցում ենք, թե ինչ պարգևեց մեզ Հիսուսն Իր Հարությամբ և սրտով շնորհակալ ենք լինում դրա համար, միայն այդ ժամանակ ամբողջ մտքով, ամբողջ սրտով և աբողջ էությամբ կարող ենք ասել՝

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ