Protestant.am-ը զրուցել է արգենտինահայ եպիսկոպոս Խորխե Հիմիտյանի հետ

754

Բազմաթիվ անգամներ եղել և ծառայել եք Հայաստանում, իսկ ո՞րն էր Ձեր այս այցի նպատակը և առաքելությունը:

Երբ առաջին անգամ Հայաստան եկանք՝ 1993 թվականին, Հայաստանում արթնության ժամանակաշրջան էր, մարդիկ ավելի մեծ համարձակությամբ էին վկայում Հիսուս Քրիստոսի մասին և քանի որ նորադարձ քրիստոնյաները շատ էին, ուսուցման, աստվածաբանական սեմինարների և սուրբգրային դասընթացների կարիք շատ կար, ինչի պատճառով հինգ տարի շարունակ այցեր կազմակերպեցինք, որպեսզի նման ձևով ծառայեինք հայ քրիստոնյաներին:

Նախորդ տարի ևս այցելեցինք Հայաստան՝ տեղի հովիվների հրավերով: Զարմացած էինք, քանի որ բոլորովին այլ Հայաստան տեսանք, շատ բաներ էր փոխված՝ և՛ դեպի լավը, և՛ դեպի վատը: Շատ դժվարություններ ու մեծ հոգսեր նկատեցինք: Այս անգամ ևս մեծ փոփոխությունների  ժամանակ եկանք: Սակայն ի տարբերություն 90-ականների այցերի հիմա եկեղեցիներում շատ բաժանություններ ենք նկատում, ինչը մեզ մեծ ցավ է պատճառում, սակայն չնայելով դրանց, մենք որոշեցինք բաց հարաբերություն ունենալ բոլոր հովիվների և եկեղեցիների հետ:

Արգենտինայում Սուրբ Հոգին վերջին տարիներում մեծ փոփոխություններ է իրագործել, հզոր շարժ է տեղի ունեցել ինչի արդյունքում Արգենտինայի եկեղեցիները միաբանվել են ու կարևոր բանը, որ տարիների ընթացքում հասկացել ենք, այն է, որ եկեղեցին մեկն է Աստծո համար: Աստված հազար եկեղեցի չունի, եկեղեցին Հիսուսի մարմինն է և, քանի որ տարիների ընթացքում եկեղեցին բաժանվել էր, փառք Տիրոջը, որ հիմա Աստված իր Սուրբ Հոգու միջոցով հայտնում է այդ միաբանությունը: Արգենտինայում բոլոր քաղաքներում հարանվանությունների խորհուրդներ ձևավորվեցին, որտեղ բոլորը միասին միաբանվում  են ու աղոթում: Եվ մենք վստահ ենք, որ Աստծո ծրագիրը եկեղեցու միաբանությունն ու մեկությունն է: Իսկ դրան հասնելու ճանապարհը Քրիստոսն իր օրինակով ցույց է տալիս. Աստված լինելով՝ մարդուն սիրելու պատճառով մեծ գին վճարեց և չեկավ աշխարհ ծառայություն ստանալու համար, այլ ծառայելու:

Մենք հավատում ենք, որ Հայաստանը, ինչպես նաև մյուս ազգերը, մեծ արթնության կարիք ունեն, և դրա իրականացման գլխավոր խոչընդոտներից մեկը եկեղեցիների բաժանումն է: Նախորդ և այս այցի նպատակը հենց դա էր՝  քարոզելու այս թեմայի շուրջ, կիսվելու մեր փորձառությունով, որ եկեղեցին կարող է մեկ դառնալ, քաջալերելու հայ հովիվներին, եկեղեցիներին՝ լուծել բաժանման պատճառները, նորոգել հաղորդակցությունը և սիրել իրար, դառնալ մեկ մարմին, մեկ ընտանիք մեր Հայր Աստծո հետ:

Ի՞նչ տեսակետ ունեք Հայաստանում վերջերս կայացած փոփոխությունների հետ կապված: Ի՞նչ եք կարծում, ինչ նոր հնարավորություններ կամ փոփոխություններ կարող են լինել քրիստոնյաների համար:

Իհարկե ուշադիր հետևում էինք իրադարձություններին, քանի որ, հայ ենք և կապ չունի, որ այնտեղ էինք. մեր սիրտն այստեղ է:

Ապրիլի 22-ին հրավիրված էի քարոզելու Բուենոս Այրեսի Հայ Ավետարանական Եկեղեցում: Եղբայրները եկեղեցուն այդ օրը հայտնեցին, որ Հայաստանում հզոր շարժում է սկսվել, և միաբանությամբ մեծ աղոթք բարձրացրեցինք Հայաստանում տիրող իրավիճակի համար: Իսկ մենք արդեն գիտեինք և աղոթում էինք և առհասարակ որպես կանոն ամեն չորեքշաբթի աղոթում ենք Հայաստանի համար:

Ցնծությունը շատ մեծ էր կատարված հրաշքի համար, և որ առանց արյունահեղության այսպիսի փոփոխություններ եղան: Ինչպես ողջ աշխարհում, Արգենտինայում էլ թերթերը ակտիվ գրում էին Հայաստանում տիրող իրադարձությունների մասին՝ նշելով, թե ինչ անբացատրելի կարպով ընթացավ հեղափոխությունը:

Շատ ուրախացանք, երբ լսեցինք Նիկոլ Փաշինյանի վկայությունը, երբ պատմում էր, որ Նոր Կտակարանն է կարդացել և հասկացել, որ Հիսուս Քրիստոսը չի կարող չլինել Աստված: Մենք կշարունակենք մեր աղոթքները՝ գիտակցելով, որ հեշտ իրավիճակ չէ, որպեսզի Տերը լուսավորի վարչապետի միտքը և պահպանի թե՛ դրսի թշնամիներից և թե՛ ներսի թշնամուց, որը կարելի է ասել անձնասիրությունն է:

Ուրախ ենք, բայց մարդուն չենք վստահում, այլ Աստծուն: Փառք ենք տալիս Տիրոջը նոր ժամանակների համար: Սպասելով հետագա քայլերին՝ աղոթում ենք, որ Աստված հայ ժողովրդին իմաստություն տա:

Ո՞րն է Ձեզ համար ամենահրաշալի պարգևը, որ երբևիցե ստացել եք Աստծուց:

Տերն իմ կյանքում անհամար հրաշքներ ու պարգևներ է շնորհել, բայց թերևս ամենամեծ հրաշքն այն է, որ Քրիստոսն ինձ փրկեց, մեղքերս ներեց և մեկ օրվա մեջ բոլորովին այլ մարդ դարձա: Ամենասքանչելի և ամենամեծ հարստությունը Աստծո ներկայությունն է, որի համար փառք եմ տալիս: Մյուս մեծագույն հրաշքը, որ կուզեմ նշել այն էր, որ 60-ական թվականներին Աստված Իր Սուրբ Հոգով իջավ Արգենտինայի եկեղեցիների վրա: Մինչ այդ մեր եկեղեցիները հոգեգալստական վարդապետություն չունեին, բայց երբ Աստված Սուրբ Հոգով այցելեց մեզ՝ տալով Իր նշաններն ու պարգևները՝ մարգարեության, բժշկության, որոնց սովոր չէինք, մեծ արթնություն սկսվեց երկրում և Աստծո Խոսքը նորովի բացվեց մեզ, որը իսկապես մեծագույն հիացմունք էր: Եվ դրա արդյունքում որպես մեծագույն գանձ, ձեռք բերեցինք Հավատ և Հույս: Հույս, որ մեր գործը մի կետում չի սպառվում, այլ ինչպես Հիսուսն ասաց, որ Իր Եկեղեցին կշինի, որին նույնիսկ դժոխքի դռները չեն հաղթի: Այդ պատճառով առաջնահերթ կարևորություն է բոլոր հավատացյալներիս միաբանությունը և բաժանումների վերացումը, ինչին հնարավոր է հասնել միայն սիրով և խոնարհությամբ:

Խորխե Հիմիտյանի հետ զրուցել է Աննա Բարսեղյանը։

Մեկնաբանություններ