Ի՞նչ տեսա

1261

Անցած հիսուն տարվա մեջ
Որքա՜ն դավ ու ցավ տեսա…
Որքա՜ն զրկանք, կեղեքում
Ու փշրված սիրտ տեսա:

Տեսա նաև զրկվածներ,
Անհույսների բազմություն,
Եվ բզկտված խեղճ հոգու
Տառապանքը ես տեսա:

Այս անաստված երկրի մեջ
Բարին մնաց իբրև հուշ:
Տեղը ճերմակ Աղավնու
Ագռավաերթը տեսա:

Մարդկանց կյանքը կործանող
Շատ — շատերի ես տեսա:
Կործանվածին վեր հանող
Ավա՜ղ, մեկը չտեսա:

Օրենքաշատ այս երկրում
Օրենսդիրներ շատ տեսա
Սակայն օրենք կատարող
Գոնե մեկը չտեսա…

Անսեր մարդկանց սիրո երթ
Ինչքան ասես ես տեսա,
Սակայն Սիրո Տուն տանող
Ճանապարհը չտեսա:

Տեսա անթիվ «բարեկամ»,
Բայց բարի կամք քիչ տեսա…

Միքայել Սվարյան

Մեկնաբանություններ