Ինձ հիասթափեցնում են սուտն ու փոքրոգությունը. Սամվել Գրիգորյան

504

Wolarm.org կայքի զրուցակիցը Ռուսաստանի Պենզա քաղաքի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սամվել Գրիգորյանն է:

Ձեր կարդացած վերջին գիրքը Աստվածաշնչից բացի:

Գոռ Մեխակյանի «Գինի՞, թե՞ գինի» և Արսեն Պողոսյանի «Նոյեմի՞, թե՞ Բոոս» գրքերը:

Հավատքը՝ ձեր բնորոշմամբ:

Հաատքը կյանք է: Հավատքը Հոգի է, որը արտահայտվում է Աստծուն վստահելով, հնազանդ լինելով ու սպասելով, որ Աստծո փառքը, շնորհքն ու օրհնությունները անպայման կդրսևորվեն մեր կյանքում:

Հայտնություն, որը փոխել է ձեր կյանքը:

Շատ հայտնություններ են իմ կյանքը փոխել, բայց առաջինը որից փոփոխությունները սկսվեցին այն է, որ Հիսուսը Աստծո Որդին է և իմ Փրկիչը:

Ընտանիքը՝ ձեր բնորոշմամբ:

Ընտանիքը Աստծո կողմից տղամարդուն և կնոջը տված ամենաապահով, ամենաերջանիկ և երանելի միությունն է և այն տեղը, որտեղ թե՛ կինը թե՛ տղամարդը կանչված են Աստծո երանելիությունը, երջանկությունը և ամենաբարի բաները վայելելու:

Ի՞նչ է եկեղեցին:

Եկեղեցին առաջին հերթին իմ ընտանիքն է: Բառացիորեն ես հավատում եմ, որ եկեղեցին եղբայրություն և քույրություն է:

Սամվել1

Եթե հնարավորություն ունենայիք ինչ-որ բան փոխելու, ինչը կփոխեիք:

Ես կուզեի փոխել բոլոր այն վրիպումներն ու սխալներն իմ կյանքում, որովհետև դրանք Աստծուն ոչ մի փառք չեն բերել:

Մարդու 3 հատկանիշ, որոնք Դուք կարևորում եք ամենից առավել:

Հավատարմությունը, ազնվությունը և Քրիստոսի Բարձր Հոգին մարդու մեջ:

Դուք հավատում եք Աստծուն, որովհետև…

Որովհետև Աստված հավատարիմ է, Նա ամենակարող է, Ես հավատում եմ Աստծուն, որովհետև հենց Ինքը Աստված է իմ սրտում հավատք դրել:

Գործեր, որոնք կարող են ստիպել հիասթափվել մարդկանցից:

Փոքրոգությունը և սուտը: Սա ավելի շատ ոչ թե հիասթափություն է, այլ եզրակացություն, որ նման մարդկանց  չի կարելի վստահել:

Ձեր ամենամեծ երազանքը:

Իմ երազանքը կարող է շատերին զարմացնել, քանի որ հոգևոր է: Ես շատ եմ ուզում Հիսուսին համբուրել: Համբուրել իմ Տիրոջ ձեռքերն ու ոտքերը:

Դուք կարո՞ղ եք փոխել  աշխարհը:

Ես կարող եմ և պատասխանատվություն ունեմ փոխել իմ ներսը, ինձ, այսինքն այն ամենը, ինչն ինձ խանգարում է Աստծուն կատարելապես ծառայելու և նվիրված լինելու, երկրպագելու և սիրելու:

Սամվել

Ի՞նչ եք անում ձեզ փոխելու համար:

Խոնարհվում եմ Աստծո առջև և փնտրում եմ Տիրոջ երեսը:

Ի՞նչը կամ ո՞վ կարող է զարմացնել Ձեզ:

Ինձ զարմացնում ու հիացնում են ոչ ստանդարտ, գեղեցիկ բաները և այն մարդիկ, ովքեր, ինչպես Պողոս առաքյալն է ասում Աստվածաշնչում, ռուսերեն բառացի թարգմանությամբ «խելագար են հանուն Քրիստոսի»: Ես հիանում եմ, երբ մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում հանուն Հիսուսի խելահեղ, ցնորված քայլերի դիմել: Ինձ համար դա գեղեցկություն է:

Աղբյուր՝ wolarm.org

Մեկնաբանություններ