Ինչի՞ ժամանակ է հիմա. Րաֆֆի Շահվերդյան

503

«…ժամանա՞կն է արծաթ առնելու եւ հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հոտեր, արջառներ եւ ծառաներ ու աղախիններ առնելու». Դ Թագ. 5.26:

Ինչի՞ ժամանակ է հիմա… Ի՞նչ պիտի անել. ո՞րն է ամենակարևորը: Ի՞նչ է ուզում Աստված, որ անեմ: Վերոհիշյալ խոսքերով Եղիսեն հանդիմանում է Գեհեզիի ագահությունը, որ չգիտեր այդ պահը ինչի՞ պահ է: Ժամանակների զանազանությունը հաջողության կեսն է, որը հաճախ վրիպում ենք բոլորս: Իսաքարի որդիները գիտեին` երբ ինչ անեն. «Եւ Իսաքարի որդկանցից, որ ժամանակի գիտությունը ունէին եւ հասկանում էին թէ Իսրայէլը ինչ պէտք է անի, նորանց երկու հարյուր գլխաւորները, եւ նորանց բոլոր եղբայրները նորանց հետ համաձայն էին» (Ա Մնաց. 12.32):

Մենք հաճախ պարտվում ենք, որովհետև չենք զանազանում, թե, երբ ինչի ժամանակ է: Պողոսը դա շատ լավ էր հասկանում և հորդորում էր չվատնել ժամանակը` «Այլ ինչպէս իմաստուններ. գնեցեք ժամանակը. որ օրերը չար են» (Եփես. 5.16):

Մտածի՛ր՝ ինչ որ հիմա անում ես, աստվածային ժամանակի թելադրա՞նքն է, թե՞ մարդկանց: Աղոթի՛ր, որ Տերը քեզ տա Իսաքարի որդիների իմաստությունը և Պողոսի զանազանությունը, որպեսզի գիտենաս, թե ինչի ժամանակ է հիմա, և Աստծո արքայության համար արդյունավետ ու պտղաբեր լինես:

Մի՛ վատնիր ժամանակդ:

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ