Ինչո՞ւ, ինչո՞ւ Հայաստանում

957

«Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը գրում է.

Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում պատրաստվում են կազմակերպել քրիստոնյա միասեռականների համաժողով: Մեր նման ավանդապահ երկրում LGBT ֆորում անցկացնելու գաղափարն արդեն իսկ աննորմալ է, բայց որ այն կոչվելու է քրիստոնյա միասեռականների համաժողով, սա ուղղակի կատարյալ անհեթեթություն է:

Մի պահ մտածեք՝ հակառակ բևեռներում գտնվող երկու ինչպիսի հասկացություններ են փորձում համադրել՝ քրիստոնեություն և համասեռամոլություն: Ինչպե՞ս է հնարավոր իրար միացնել մի կողմից՝ միասեռականությունը, որը ավելի կապ ունի մարմնի այլասերված ցանկության և կռապաշտական մշակույթի հետ, մյուս կողմից՝ քրիստոնեությունը, որը նախևառաջ երկրպագություն և պաշտամունք է Քրիստոսին, նաև կյանք առանց մեղքի:

Հոմոսեքսուալիզմն ու քրիստոնեությունը համատեղելը նույնքան անհնար է, որքան ջուրն ու կրակը, լույսն ու խավարը իրար միացնելը: Դա նույնքան անհեթեթ է հնչում, որքան եթե ասվի՝ քրիստոնյա մարմնավաճառների կամ քրիստոնյա գողերի համաժողով: Անթույլատրելի է նման կեղծարարություն իրականացնել քրիստոնեության նկատմամբ:

Այժմ ձեր թույլտվությամբ կվկայակոչեմ Նոր Կտակարանը: Ինչո՞ւ հենց Նոր Կտակարանը, որպեսզի որոշ չակերտավոր քրիստոնյաներ չասեն, թե դա Հին Կտակարանում է գրված:

Նոր Ուխտում բազմիցս օգտագործվում է գիջություն բառը, որն այլ լեզուներով թարգմանված է միասեռություն, արվամոլություն:

Եվ այսպես, Պետրոս առաքյալը գրում է. «Որովհետեւ բավական է մեզ, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիջություններով, ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, արբեցություններով կամ անօրեն կռապաշտություններով»:

Նախ՝ այստեղ կարող ենք նկատել, որ Պետրոսը գիջությունը կամ միասեռականությունը և մնացյալ անառակությունները կապում է կռապաշտության հետ: Հետևաբար, ոչ ոք թող իրեն իրավունք չվերապահի այդ ամենը կոչել քրիստոնեություն:

Նաև չմոռանանք, որ երկու մեծ քաղաք, ինչպիսին էին Սոդոմն ու Գոմորը, կործանվեցին նաև այս մեղքի պատճառով:

Պողոս առաքյալն իր հերթին այս մեղքը թվարկում է մարմնի գործերի մեջ: Բոլոր քրիստոնյաները քաջատեղյակ են, որ մարմնավորը և հոգևորը տարբեր բևեռներ են:

«Եվ հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն…» (Գաղ. 5:19):

Իսկ ովքե՞ր են այս մեղսալի երևույթները կոչում քրիստոնեություն: Ըստ Պետրոս առաքյալի՝ այդպես վարվում են սուտ մարգարեներն ու սուտ վարդապետները.

1Եւ սուտ մարգարեներ էլ կային այն ժողովրդի մեջ, ինչպես ձեր մեջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն, որ ներս կմտցնեն կորստական հերձվածողություններ…

Ուշադրություն դարձրեք՝ ներս կմտցնեն կորստական հերձվածողություններ:

…Եւ ուրանալով այն Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա շուտահաս կորուստ կբերեն։

Պատկերացնո՞ւմ եք՝ նկատի ունի փրկագնված քրիստոնյաներին:

2 Եվ շատ մարդիկ կհետեւեն նրանց կորստյանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը կհայհոյվի։

Այս ամենը կատարվում է այսօր:

10 Մանավանդ նրանց, որ պղծալից ցանկությունով մարմնի ետեւից են գնում եւ տերությունն անարգում, հանդուգններ, ինքնահավաններ, որ չեն վախենում փառքը հայհոյելով։

Այդպիսի անառակ երևույթը կոչել քրիստոնեական համաժողով նշանակում է՝ Տիրոջ փառքը հայհոյել:

14 Աչքեր ունեն պոռնկությունով լիքը, որ մեղքիցը չեն դադարում, խաբում են անհաստատ անձերին, որ ագահությունով բռնված սրտեր ունեն, անեծքի որդիներ։

Նկատեք՝ խաբում են անհաստատ անձերին: Մենք պետք է լինենք եկեղեցու և Ավետարանի ջատագովը, որպեսզի պաշտպանենք անհաստատներին նման երևույթներից:

Իսկ որտեղի՞ց են այս երևույթները գալիս իրենց քրիստոնյա համարողների կյանքի մեջ: Պողոս առաքյալը սովորեցնում է, որ պատճառն այն է, որ ոմանք, Աստծուն ճանաչելով, Նրան Աստծո պես չփառավորեցին, այլ մնացին իրենց կարծիքին: Աստծուն փառավորել նշանակում է՝ հրաժարվել սեփական սխալ հասկացողությունից և հնազանդվել Տիրոջ կամքին:

Հռոմեացիս թուղթ առաջին գլուխ.

21 Որովհետեւ Աստծուն ճանաչելով՝ Նրան Աստծո պես չփառավորեցին՝ կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներումն ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարվեցան։

22 Ասելով, թե իմաստուն են՝ հիմարացան:

25 Որոնք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծվածներին, քան թե Ստեղծողին, որ օրհնյալ է հավիտյանս. ամեն։

26 Դրա համար Աստված մատնեց նրանց անարգ կրքերի, եւ նրանց էգերը բնական գործածությունը փոխեցին անբնականի հետ։

27 Այնպես էլ արուները, կնոջ բնական գործածությունը թողելով, իրենց ցանկություններովն իրար հետ բորբոքվեցին, արուներն արուների հետ խայտառակություն էին գործում…

Հասկանո՞ւմ եք՝ այսօր կան մարդիկ, ովքեր չարը ներկայացնելով որպես բարի, պղծությունը որպես առաքինություն, ջանք չեն խնայում, որ Հայաստանում կազմակերպեն միասեռականների համաժողով: Իրականում թող այդ ծրագիրը խափանվի և չկայանա:

Բայց այսօր ես մեկ այլ հարց եմ ուզում ուղղել բոլորիս. մի՞թե չի եկել ժամանակը, որպեսզի քրիստոնյաներս, նկատի ունեմ առանց բացառության բոլոր եկեղեցիների քրիստոնյաներիս, ինչպես նաև քրիստոնեական արժեքները կիսող մեր հայրենակիցները Երևանում անցկացնենք Ընտանիքի շքերթ՝ հանուն ավանդական քրիստոնեական ընտանեկան արժեքների վերահաստատման:

Ինչո՞ւ, ինչո՞ւ ՀայաստանումՊատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում պատրաստվում են կազմակերպել քրիստոնյա միասեռականների համաժողով:…

Geplaatst door Artur Simonyan op Zondag 14 oktober 2018

Մեկնաբանություններ