Ի՞նչ ակնկալիք ունես ծոմից. Աշոտ Գալստյան

571

Դանիելը իր ընկերների հետ, երբ առաջին անգամ հրաժարվեց ախորժալի կերակուրներից, նրանց որոշումը մեկն էր. չպղծել իրենց անձերը և առանձնանալ Աստծո առաջ:

Աստված օրհնեց նրանց՝ տալով գիտություն, հանճար, իմաստություն և շնորհ՝ երազներ մեկնելու: Այս առանձնացումը Դանիելին տվեց շնորք և պարգև: Այս առանձնացումով Դանիելը շնորք գտավ Աստծո առաջ: (Դանիել 1:8-17): Այսօր մենք նույնպես կարիք ունենք Աստծուց ավելի մեծ շնորք ընդունելու: Աղոթքս է, որ եկեղեցին զորանա Աստծու Հոգու մեջ և Դանիելի պես պատրաստվի այն մեծ գործի համար, որ Աստված անելու է երկրի վրա:

Երկրորդ առանձնացումը Դանիելը ունեցավ, երբ Երեմիա մարգարեի գիրքը կարդաց և հասկացավ, որ Աստծո կամքն է իր ժողովրդի վերադարձը Երուսաղեմ՝ դեպի իրենց ակունքները, և պաշտամունքի վերականգնումը: Նա Աստծո առաջ եկավ՝ ծոմով, զղջումով և ապաշխարությամբ, խոստովանելով իր ժողովրդի մեղքը: (Դան. 3:18-19): Այսօր մենք գիտենք Աստծո փրկության ծրագիրը:Մենք պետք է ծոմով և աղոթքով մեր երեսը դարձնենք դեպի Տերը և խնդրենք Աստծուն մեր ազգի համար: Հիսուսի խոսքի համաձայն հուձքը շատ է և աղոթքով մշակներ կբարձրանան հունձքի համար (Ղուկ. 10:2):

3-րդ առանձնացումը տեղի ունեցավ Դանիելը տեսիլքի հետո: Դանիելը տեսավ այն, ինչ կատարվելու էր ապագայում: Այսօր Աստված ամենքիս տեսլական է տվել մեր կյանքի և մեզ վստահված ծառայության համար, որի համար և մենք առանձնացել ենք, որպեսզի ավելի ունենանք Աստծո կամքի հայտնությունը: Այսօր էլ թող հրեշտակները շարժվեն այս հոգևոր պատերազմի մեջ և թող իրավիճակներ կփոխվեն և Աստծո կատարյալ կամքը թող հաստատվի:

Եսթերի և Մուրթքեի ծոմի շնորհիվ Համանը «հակառակությունը» հայտնվեց իր իսկ ձեռքով Մուրթքեի համար պատրաստած փայտե կախաղանի վրա: Քանի որ ծոմի միջոցով նրանք փոխել էին իրավիճակը: Աստվածաշնչյան շատ պատմությունների մեջ մենք տեսնում ենք ծոմապահության միջոցով հաղթանակներ: Այսօրվա մեր ակնկալիքը թող լինի մեծ փոփոխության և արթնության մի նոր ընթացք եկեղեցու և մեր ազգի մեջ:

Աշոտ Գալստյան
Գյումրու «Աստծո Ժողովուրդ» եկեղեցու հովիվ

Մեկնաբանություններ