Լացելու ժամանակը և ծիծաղելու ժամանակը

689

Ոմանք սովորեցնում են, որ հավատացյալները, անկախ ամեն ինչից, պետք է միշտ ուրախ լինեն և ժպտան: Բայց Աստվածաշունչը այդպես չի սովորեցնում: Այն հստակ ասում է, որ մենք նեղություններ և դժվարություններ կունենանք:

Սողոմոն թագավորն այսպես է ասում. «Կա լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ, սգալու ժամանակ և պարելու ժամանակ» (Ժող. 3.4):

Ճշմարտությունն այն է, որ Հիսուսը մեզ չի ազատելու բոլոր նեղություններից, բայց այդ դժվարությունների մեջ նրա սերն ու ներկայությունը մեզ պիտի առաջնորդեն ու զորացնեն:
Ամբողջ օրն ուրախ ձևանալու փոխարեն՝ մենք պետք է լինենք իրատես ու ասենք. «Անկախ ամեն ինչից՝ ես գիտեմ, որ ամեն բան Աստծո ձեռքերում է, և նա հոգ է տանում ինձ համար: Քանի որ նա, ով իմ մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է. նրա օգնությամբ ես կարող եմ հաղթահարել այսօրվա և վաղվա բոլոր դժվարությունները»:

Գուցե երբեմն աչքերիս մեջ արցունք տեսնեք, բայց սրտիս մեջ խաղաղություն և ուրախություն կա: Հիսուս Քրիստոսի հետ ես կարող եմ նույնիսկ վատ իրավիճակներում իսկական ուրախություն և խաղաղություն ունենալ:

Մարդկանց ուրախությունը սովորաբար կախված է հանգամանքներից և օրվա պատահարներից, բայց մեր ուրախությունը պետք է կախված լինի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսից: Արդյոք դու վայելո՞ւմ ես նրա ուրախությունն ու խաղաղությունը:

Հովսեփ Հովսեփյանի ՖԲ գրառումը:

Մեկնաբանություններ