Ծնողավարման հմտություններ․ Դաստիարակություն և աջակցություն

1808

Բոլոր երեխաները, անկախ տարիքից, շատ հուզական են: Եթե մեծահասակը, ի պատասխան երեխայի խռովվածության, լռում է և ցույց չի տալիս իր արձագանքը, ապա երեխայի մոտ այդ անհամաձայնությունը կարող է վերածվել կոնֆլիկտի: Ինչպես վիճել ճիշտ և արդյոք արժե, որ մեծահասակները միջամտեն երեխաների միջև տեղի ունեցող կոնֆլիկտներին:

Ծնողները հաճախակի փորձում են երեխաների միջև ընթացող կոնֆլիկտը ընդհատել՝ մտածելով, որ  կարող են և պետք է փրկեն վիճակը:  Իրականում կոնֆլիկտը երեխայի հասունանալու անբաժան մասն է: Երեխաների միջև հակասություններն օգնում են  ձեռք բերել  շփման հմտություններ: Այդ հմտությունները սովորելը  կարևոր են  հետագայում  աշխատավայրում, ընտանեկան կյանքում և ընկերների հետ շփման ժամանակ: Այդ իսկ պատճառով ծնողները պետք է  չընդհատեն կոնֆլիկտը, այլ երեխաներին ծանոթացնեն տվյալ իրավիճակում հնարավոր վարքային ռազմավարություններին /չպետք է սեփական կարծիքը պարտադրել երեխային/:

Ամենագործող մեթոդը տվյալ  վեճի մանրամասների հանգիստ քննարկում-վերլուծումն է երեխայի հետ: Նրա հետ պետք է զրուցել այն ժամանակ, երբ կոնֆլիկտը հանդարտվել է, և երեխան հանգիստ է, քանի որ բորբոքված վիճակում երեխան չի կարող ընկալել տեղեկատվությունը: Կարելի է երեխայի հետ այդ մասին խոսել քնից առաջ՝ օգտագործելով հակիրճ նախադասություններ և իրավիճակը քննարկելով առանձին մասերով: Կարևոր է երեխայի հետ նաև քննարկել կոնֆլիկտի լուծման հնարավոր տարբերակները և անպայման հարցնել երեխայի կարծիքը այս կամ այն տարբերակի վերաբերյալ: Բացի այդ, պետք է  երեխային բացատրել, որ կոնֆլիկտը միշտ չէ, որ  կլուծվի հօգուտ իրեն կամ, ընդհանրապես, հօգուտ կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերից որևիցե մեկի:

Ծնողները չպետք է ուրիշների մոտ քննարկեն երեխայի հետ տեղի ունեցած այս կամ այն կոնֆլիկտային իրավիճակը, քանի որ այդ դեպքում երեխան բացասական վերաբերմունք կունենա ծնողների կամ իր իսկ նկատմամբ: Այլ մարդկանց ներկայությամբ ընդհանրապես պետք է խոսել երեխայի ձեռքբերումների, ինչպես նաև այն մասին, թե ինչքան ճիշտ է պահել իրեն տարբեր իրավիճակներում:

Երեխաները կրկնօրինակում են ծնողների վարքը: Եթե ծնողները՝ որպես կոնֆլիկտների հաղթահարման մեթոդ, ընտրում են բղավելը, ապա երեխաները ևս այդպիսի վարք կդրսևորեն նմանատիպ իրավիճակներում: Ծնողները չպետք է երեխայի ներկայությամբ խուսափեն կոնֆլիկտներից, այլ պետք է ուշադրություն դարձնեն, թե իրենք ինչպիսի վարք են դրսևորում կոնֆլիկտի ժամանակ և ինչ ռազմավարություն են  ընտրում՝ այն հաղթահարելու համար:

Երեխաները հաճախ պայքարում են ոչ միայն ինչ-որ առարկայի, այլ նաև ծնողների ուշադրության համար: Անհնար է խուսափել ծնողական ուշադրության համար երեխաների միջև մղվող պայքարից: Հաճախ ծնողները անհատապես երեխային ուշադրություն չեն դարձնում. Օրինակ, ծնողը կարող է երեխայի հետ  տանը նստած լինել, սակայն զբաղված լինել կենցաղային հարցերով /լվացք անելով, ճաշ եփելով կամ մաքրություն անելով/:  Այդ իսկ պատճառով կարևոր է, որ ծնողը հատուկ ժամանակ տրամադրի զուտ երեխայի հետ շփվելուն: Եթե երեխաները խանդում են ծնողներին, ապա դա պետք է  քննարկել նրանց հետ՝ շեշտադրելով  այն, թե ինչ զգացողությունենր են ունենում երեխաները: Եթե ընտանիքում մի երեխան նորածին է, իսկ մյուսը՝ 2-5 տարեկան, ապա մեծի համար կարելի է առանձնացնել փոքրիկ տուփ, որը կարելի է անվանել «Մայրիկը զբաղված է»: Այդ տուփի մեջ պետք է դնել այն խաղերը և խաղալիքները, որոնցով երեխան կարող է զբաղվել, մինչ մայրիկը զբաղված է նորածնի խնամքով: Լավ կլինի, որ  այդ խաղերը  մեծ երեխայի համար հասանելի լինեն միայն, երբ մայրիկը զբաղված է: Անպայման պետք է մեծ երեխայի հետ քննարկել այդ տուփի «օգտագործման կաննոները»: Նշել, որ այդ տուփի խաղալիքներով երեխան կարող է խաղալ միայն այն ժաամանկ, երբ մայրիկը, ցավոք, չի կարող բավարար ժամանակ անցկացնել երեխայի հետ: Տուփի պարունակությունը պարբերաբար պետք է փոխել: Այս դեպքում մեծ երեխան  անհամբեր կսպասի այդ տուփին և այլ կերպ կընկալի այն պահը, երբ մայրը զբաղված է փոքրիկի խնամքով:

Երբ երեխաները վիճում են միմյանց հետ, ծնողը չպետք է երեխաներից մեկի կողմն անցնի, այլ պետք է  երեխաներին ասի, թե ինչպիսին է տեսնում խնդիրը: Ամենայն հավանականությամբ երեխաները կսկսեն կիսվել իրենց մտահոգություններով, այդ իսկ պատճառով ծնողը պետք է պատրաստ լինի  լսել և ոչ մի դեպքում չքննադատել  նրանց վարքը: Կարևոր է, որ ծնողը թույլ տա, որ երեխաներն ինքնուրույն ավարտին հասցնեն կոնֆլիկտը, /եթե, իհարկե, այն երեխաների համար վտանգավոր չէ/: Կարելի է նաև երեխաներին առաջարկել , որ մտածեն կոնֆլիկտի լուծման սեփական տարբերակներ: Հավատացա՛ծ եղեք, որ երեխաները կառաջարկեն կոնֆլիկտի լուծման այնպիսի տարբերակներ, որոնք նույնիսկ մեծահասակների մտքով չեն անցնում:

Աղբյուր՝ amaa.am

Մեկնաբանություններ