Կարմիր վարդը

652

Ամերիկացի մի նավաստի ամբողջ ծառայության ընթացքում՝ երեք տարի շարունակ, նամակներ է ստանում Ռոզա անունով աղջկանից: Այս նամակագրությունը խորը սեր է առաջացնում նավաստու սրտում: Նավաստուն այնպես են գերում Ռոզայի նամակները, որ թվում է, թե առանց նրա նամակների ապրել չի կարող: Եվ երկուսի միջև սկսվում է սիրային պատմություն:

Երբ նավաստին ավարտում է ծառայությունը, նա և Ռոզան կենտրոնական կայարանում հանդիպում են նշանակում՝ երեկոյան ժամը հինգին: Ռոզան գրում է, որ իր կրծքի ձախ կողմում կարմիր վարդ կլինի փակցված:

Տղայի հուզմունքն աննկարագրելի էր: Նա երբեք չէր տեսել աղջկան և նույնիսկ պատկերացում չուներ, թե քանի տարեկան է աղջիկը, ինչպիսի ֆիզիկական տվյալներ ունի:

Սրտի անասելի թրթիռով գալիս է կայարան: Ժամանակը կարծես կանգ էր առել: Վերջապես ժամացույցի սլաքը ցույց է տալիս ժամը հինգը: Հենց այդ պային հայտնվում է վարդը կրծքին մոտ վաթսուն տարեկան մի կին: Առաջին պահին տղան մի փոքր հիասթափվում է, բայց որոշում է անպայման մոտենալ՝ չէ՞ որ նա ամբողջ երեք տարի նամակներով ջերմացրել է իր սիրտը, ու ծառայությունը երեք օրվա պես էր անցկացրել: Տղան չէր կարող թողնել այդ անձնավորությանը և հեռանալ: Նա արժանի չէր այդպիսի վերաբերմունքի, ով էլ որ լիներ:

Հավաքելով իրեն, տղան համարձակորեն մոտենում է կնոջը և ներկայանում՝ մեկնելով ձեռքը: Բայց կինն ասում է. «Աղջիկը, որին ուզում ես հանդիպել, կանգնած է պատի անկյունում ու հետևում է տեսարանին»:

Շրջվելով դեպի անկյունը, տեսնում է հենց իր տարիքի մի գեղեցկուհու, որը մեղմ ժպտում է: Տղան հասկանում է, որ աղջիկը փորձել է իր հավատարմությունը: Այսպիսով, երիտասարդ նավաստին կարողանում է հանդիպել իսկական Ռոզային` իր կյանքի ընկերուհուն:

Թարգմանեց՝ Մարատ Զաքարյանը

«Չէ՞ որ պիտի մոլորուին չարութիւն խորհողները. Բայց ողորմութիւն ու ճշմարտութիւն կայ բարութիւն մտածողների համար». Առակաց 14.22։

Մեկնաբանություններ