Սադրանքներով զբաղվելու ժամանակը չէ. «Կյանքի խոսքի» արձագանքը մի հրապարակման կապակցությամբ

1530

Վերջին օրերին, երբ ամբողջ հայության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի սահմաններին, երբ ամենաբարձր մակարդակներով հնչում են համախմբման և ազգային միաբանության կոչեր՝ թշնամու դեմ արդյունավետ պայքարի նպատակով, երբ ազգովի սգում ենք զոհված հերոսների մահը, համացանցում շրջանառության մեջ է դրվել մի սադրիչ և պառակտիչ տեղեկություն, որի նպատակն է այս վճռորոշ օրերին թշնամանք սերմանել ազգի մի զգալի հատվածի նկատմամբ:

Ցավալին նաև այն է, որ այդ հերյուրանքը տիրաժավորում է նաև հոգևորական կայքերից մեկը՝ ter-hambardzum.net-ը, որը, լինելով պաշտոնական եկեղեցու լայնորեն ընթերցվող կայքերից մեկը, պետք է ընդհակառակը՝ քրիստոնեական սիրո և միաբանության ջատագովը լիներ:

«Կյանքի խոսք» եկեղեցու մամլո խոսնակ Արմեն Լուսյանը արձագանքել է այս հրապարակմանը՝ ի ցույց դնելով հրապարակման ամբողջ ունայնությունը, անհեթեթությունն ու թշնամություն սերմանող բնույթը.

«Չէի էլ կարող պատկերացնել, որ Հայաստանի և Արցախի համար այսքան կարևոր ժամանակաշրջանում, երբ մեր ազգի միաբանությունն այնքան արժեքավոր է, մեր երկրում կգտնվեն մարդիկ, ովքեր, այդուհանդերձ, կփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ՝ դիմելով սադրիչ քայլերի:

Ինչպես կարող էին տվյալ նյութի հեղինակները, բաքվեցի հովվի խոսքերը մեջբերելով, իմիտացիա և խաբկանք ստեղծել, թե իբր Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հետևորդներն ադրբեջանցի հավատացյալների պես աղոթում են Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու համար: Ըստ իս, սա վերին աստիճանի ցինիզմ ու անպատկառություն է, որը ես կորակեի՝ «թիկունքից հարված» սեփական հայրենակիցներին:

Իսկ այժմ հերթականությամբ.

Նախևառաջ՝ Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցին ինքնանկախ եկեղեցի է, մենք որևէ կենտրոնի մասնաճյուղը չենք, առավել ևս՝ առնչություն չունենք Բաքվի «Կյանքի Խոսք» եկեղեցու հետ: Այն, որ նրանք կոչվում են «Կյանքի Խոսք», դա դեռ ոչինչ չի նշանակում: Ավելին ասեմ. ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցիների, այդ թվում՝ Բաքվի եկեղեցու հովվի դիրքորոշումը մեզ բացարձակապես չի հետաքրքրում: Սա ասում եմ այն բանի համար, որ մեկընդմիշտ հասկանալի լինի ոմանց, որ ադրբեջանցիների խոսքերը կամ աղոթքները մեր հայ հավատացյալ քրիստոնյաներին վերագրելու ցանկացած փորձ առնվազն անմտություն ու սադրանք է:

Վերջիվերջո, կարելի՞ է չէ ըմբռնել այն տարրական իրողությունը, որ նրանք ադրբեջանցի են, մենք՝ հայ: Մի՞թե սա պարզից էլ պարզ չէ, որ մեր ազգային իղձերը, ձգտումներն ու շահերը հակոտնյա են ադրբեջանցիների ձգտումներին՝ անկախ այն բանից՝ նրանք մահմեդական, թե քրիստոնյա ադրբեջանցիներ են:

Երկրորդ. մենք բազմիցս արտահայտել ենք մեր հստակ դիրքորոշումն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, որ Արցախը պատմական հայկական տարածք է, որի կարգավիճակն էլ արդեն որոշված է, և դա որոշել է Արցախի հայությունը՝ Լեռնային Ղարաբաղի օրինական իրավատերը: Այդ որոշումը պաշտպանվել է մեր հայրենիքի նվիրյալ մարտիկների թափված արյամբ, և ամրագրվել՝ Արցախի հողի վրա հայ մարդու ստեղծարար կյանքով և աշխատանքով:

Երրորդ. այո՛, մենք հայ ենք և մենք ավետարանական քրիստոնյաներ ենք, ում համար հայրենիքը, պետությունը, ազգը բարձր արժեքներ են: Մենք դա ցույց ենք տվել մեր կյանքով ու գործունեությամբ, ինչն ավելին է, քան պարզապես խոսքերը:

Չորրորդ. նման կարգի նյութեր տարածելն  անթույլատրելի և դատապարտելի է նաև այն պատճառով, որ այսօր էլ, հենց այս պահին մեր եկեղեցու տղաները կանգնած են սահմանին և զենքը ձեռքին քաջաբար հայրենիք են պաշտպանում, մինչ այստեղ ոմանք փորձում են «դանակով հարվածել» թիկունքից և թշնամություն տարածել մեր ազգի մեջ: Գոնե պահի լրջությունը գիտակցեք, պարոնա՛յք, և էժանագին քայլերից զերծ պահեք ձեզ:

Հինգերորդ. Մեր տղաները սահմանին են, իսկ ողջ եկեղեցին էլ իր անդադար աղոթքներով հայ զինվորի թիկունքն է պահում, որ հակառակորդի ոչ մի զենք հաջողություն չունենա, որ Տերը խորտակի մեր երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամություն, որ խաղաղությունը հաստատվի, ու այլևս հայ զինվորի ու հայ մարդու արյուն չթափվի: Եթե ոմանք այդքան հետաքրքրասիրություն ունեին պարզելու, թե ինչ են Բաքվում աղոթում, գուցե բարեհաճեին նախևառաջ իմանալ, թե Հայաստանո՞ւմ ինչ են աղոթում «Կյանքի Խոսք» եկեղեցու հետևորդները:

Վեցերորդ. այս օրերին մեր եկեղեցին, մենք բոլորս կանգնած ենք Արցախի կողքին նաև մեր նյութական աջակցությամբ: Մեր երիտասարդները եկեղեցու կատարած հանգանակության շնորհիվ արդեն իսկ Արցախ են ուղևորվել՝ տանելով հագուստ, սննդամթերք և այլ անհրաժեշտ իրեր: Եվ սա դեռ սկիզբն է:

Այս ամենը ես հիշատակում եմ ոչ թե պարծենալու համար, այլ, որ ոմանք համարձակություն ունենան՝ առերեսվելու ճշմարտությանը, համարձակություն ունենան՝ նայելու սահմանը պահող մեր տղաների և աղոթող ժողովրդի աչքերին, և, վերջապես, թոթափելու կուտակված մաղձը: Այսօր դրված է հայրենիքի, հայ ազգի միաբանության, միահամուռ ուժերով հայ զինվորին զորակցելու հարցը, և սադրանքներով զբաղվելու ժամանակը չէ, պարոնա՛յք»:

Մեկնաբանություններ