Համիդյան ջարդերը (1894-1896) եւ հայ ավետարանական պատմիչները

441
Պատմիչները

amaa.am

Դոկտոր Շահե Շնորհոքյանի հոդվածը։

Հայ Ավետարանական եկեղեցին եկեղեցական այլ կազմակերպությունների նման այս օրերին ունի բազում խնդիրներ, ինչպես, օրինակ, կազմակերպական, հաղորդակցական, աստվածաբանական  և այլն:  Մի շարք նյութեր շատ ավելի  հրատապ են որոշ երկրներում կամ շրջաններում, իսկ մյուսները տարիների ընթացքում կորցրել են իրենց ազդեցության ուժգնությունը: Սակայն մի նյութ կա, որ մնայուն կերպով  Հայ Ավետարանական եկեղեցու մաս է կազմել և դեռ նրան լուռ հուզում է, և դա էլ այն սխալ տպավորությունն է, որ այս եկեղեցին օտար ներկայություն է հայ ազգում և նրա ազգային ինքնության մասը չի կազմում:

Հայ Ավետարանական եկեղեցին ծնունդ է առել Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայ ժողովրդի մեջ, նրա պաշտամունքի լեզուն միշտ եղել է հայերենը կամ նրա որևէ բարբառ, և նրա անդամները միայն հայեր են…

ՀԱՐՑԻ ԱՐՄԱՏԸ

Այս հարցի արմատական պատճառը Հայ Ավետարանական եկեղեցու պատմության ընդհանուր չիմացությունն է: Չնայած նրան, որ հայ ավետարանական մեծ թվով քոլեջներ և եկեղեցիներ գոյություն ունեն, գրեթե անհնար է գտնել որևէ դասընթաց կամ քարոզների շարք, որ սովորեցնում է այս եկեղեցու պատմությունը, նրա ծագումն ու զարգացումը, կամ անուններ և թվականներ՝ նրա զարգացումը ներկայացնելու համար: Իր պատմությանն անտեղյակ լինելը աններելի թերություն է Հայ Ավետարանական եկեղեցու համար: Սրա գլխավոր պատասխանատվությունն ընկնում է նրա առաջնորդների ուսերին:

Այս հոդվածի նպատակը չէ Հայ Ավետարանական եկեղեցու պատմության քննական ուսումնասիրություն կատարելը և փաստելը, որ նրա արմատները կարելի է գտնել 19-րդ դարում Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայ ժողովրդի առաջխաղացման ձգտումների մեջ: Այդ ուսումնասիրությունը կարելի է անել ապագա մեկ այլ հոդվածով: Այս հոդվածի նպատակն է նայել հայ ժողովրդի պատմության ամենաաղետալի էջերից մեկին, ստուգել պատահած դեպքերի արձանագրությունները և արժևորել Հայ Ավետարանականների ներդրումը այդ գործում:

ՀԱՄԻԴՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ

Համիդյան ջարդերը շատ հաճախ մոռացվում են ապրիլի 24-ի հիշատակություններում. գուցե պատճառն այն է, որ զոհերի թիվը  շատ ավելի փոքր է ներկայացվում: Իհարկե, ճիշտ չէ նման պատճառաբանությամբ սրանք պակաս աղետալի համարելը, սակայն մարդկային բնույթը հիշում է ավելի մեծ և ժամանակագրորեն իրեն ավելի մոտ դեպքերը:

Սրանք 1894-1896 թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի հավաքական կոտորածներ են, որոնց հրամանը տրվում էր սուլթան Համիդ Բ-ի և նրա մի շարք նախարարների կողմից:

1877-78 թթ. Օսմանյան կայսրությունը մեծ պարտություններ էր կրել ցարական Ռուսաստանի կողմից, և դրան հաջորդած Բեռլինի վեհաժողովում նրան պարտադրել էին բարենորոգումներ կատարել արևելյան գավառներում՝ հայերի վիճակը բարելավելու համար: Երբ սուլթանը անտեսեց բարենորոգումները, և հայերը վերստին պահանջներ ներկայացրին, ջարդերի հրաման տրվեց, որոնց կատարողները եղան քուրդ ցեղախմբերը: Սրանք սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի կողմից բաժանվել էին խմբերի և նրա անվամբ կոչվել համիդյան ջոկատներ: Այդ տարիներին մոտ 80.000-200.000 հայեր սպանվեցին արևելյան վիլայեթներում:

Երբ հիշատակվում է ապրիլի 24-ը, հաճախ այն տպավորությունն է ստեղծվում, թե հայոց ցեղասպանությունը մեկ հանգրվանով կատարված եղելություն է, որ տեղի է ունեցել 1915-1917 թթ.: Քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր հստակ նշում են, որ հիշատակությունները ընդգրկում են կոտորածների շարք, որ սկսվել է 1894-ի համիդյան ջարդերով, շարունակվել 1909 թ. Ադանայի ջարդով, որին հաջորդել է 1915-1917 թթ. տեղի ունեցած Մեծ եղեռնը, իսկ վերջին արարը կատարվել է 1921-1923 թթ.՝ Թուրքիայի անկախության պատերազմի ընթացքում: Հետևաբար, ճիշտ կլինի եզրակացնել, որ համիդյան ջարդերը պատմության ընթացքի առաջին հանգըրվանն են, որտեղ մեծ թվով հայեր են կոտորվել Օսմանյան կայսրության մեջ: Պատմաբանները պետք է շատ ուշադիր լինեն և չանտեսեն համիդյան ջարդերը, որովհետև դրանք ոչ միայն պատուհան են Օսմանյան կայսրության ներքին քաղաքականությունը հասկանալու համար, այլև մանավանդ հայերի համար առիթ են սովորելու և չափելու օտար երկրների հակազդեցության ուժը կամ դրա բացակայությունը:

Արևմտյան աշխարհը 19-րդ դարի վերջին հասել էր լուրերը արագ տարածելու կատարելության: Դրանք հաղորդակցության ներկայիս  միջոցներից տարբերվում էին միայն գործիքներով ու դրանց արդիականությամբ: Մինչ օրս գործածության մեջ են արբանյակային հեռուստացույցը և համացանցը. այն ժամանակ գործածվում էին օրաթերթն ու գիրքը: Առօրյա լուրերը տարածվում էին թերթերի միջոցով, իսկ գրքերը կատարում էին խոր վերլուծություններ: Համիդյան ջարդերը կանոնավոր կերպով հիշատակվեցին եվրոպական բազմաթիվ թերթերում և մինչև իսկ ամերիկյան մամուլում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ամերկայի Միացյալ Նահանգներն այն ժամանակ առանձնացած և հեռավոր մի երկիր էր և ոչ թե այսօրվա նման համաշխարհային ուժ:

Այս հոդվածի նպատակն է երկու հարցի պատասխանել.

ա) ովքե՞ր էին համիդյան ջարդերի պատմիչները կամ արձանագրողները այդ օրերին,

բ) Հայ Ավետարանականները որևէ դեր ունեի՞ն այս դեպքերի արձանագրության մեջ:

ՀԱՄԻԴՅԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ

Այս ուսումնասիրությունը գրվել է անգլերենով այդ օրերին գրված գրքերի, դրանց հեղինակների և ընդգրկած նյութերի մասին: Գտնվեցին 31 գրքեր, որոնք ամբողջությամբ նվիրված էին համիդյան ջարդերին, կամ դրանց հատկացրել էին առանձին գլուխ: Հարկ է նշել, որ մի քանի հեղինակներ մեկից ավելի գրքեր են գրել այս նյութի շուրջ՝ նախորդի վրա պարզապես վերջին փաստերն ավելացնելով: Պարզ է, որ լույս տեսած գրքերը և դրանց ներկայացրած պատմական ենթահողը մեծ դեր են ունեցել անգլախոս ժողովուրդների մեջ հայերի վիճակը ներկայացնելու գործում:  Գրքերի մեծամասնությունը ոչ միայն մանրամասնորեն պատմում է ջարդերի մասին, այլև ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս, ինչ կրոնի են հետևում, և թե որն էր կոտորածների պատճառը: Հետևաբար, համիդյան ջարդերի պատմիչները շատ մեծ ծառայություն են մատուցել հայ ժողովրդին՝ նրա դատը արևմտյան երկրների և նրանց ժողովուրդների մեջ տարածելով:

Հետաքրքիր իրողություն է, որ հայոց առաջին ջարդերի մասին գըրված 31 գրքերից 11-ը գրվել է հայերի կողմից: Սակայն ամենամեծ անակնկալն այն է, որ 11 գրքերից 9-ը գրվել է հայ ավետարանական յոթ հեղինակների կողմից, որոնցից գրեթե բոլորը հոգևոր հովիվներ էին: Եթե նկատի ունենանք հայ ժողովրդի մեջ ավետարանականների չնչին տոկոսը, 11-ից ինը հեղինակը հսկա մասնակցություն է ազգային դատին: Սրանից մոտ 115 տարի առաջ մի քանի հայ ավետարանականներ գրիչ վերցրին իրենց ձեռքը և պատմության էջերին հանձնեցին հայ ազգի հավաքական հալածանքը: Նրանց արարքը ցույց է տալիս, թե որն էր նրանց հավատարմությունը, և թե նրանց համար ինչն էր առաջնահերթ:

Հայ Ավետարանական այս պատմիչների (նրանք պետք է հիշատակվեն որպես պատմիչներ անկախ իրենց բուն զբաղմունքից) գրքերը ոչ միայն թղթին են հանձնում ջարդերը, այլև ներկայացնում են այդ ժամանակներում կյանքը Օսմանյան կայսրության սահմաններում: Գրքերը Հայ Ավետարանական եկեղեցու պատմության հոյակապ աղբյուրներ են, քանի որ հիշատակում են դեպքեր, վայրեր և անուններ, որոնք այլ կերպ կորչելու էին հաջորդող սերունդների համար: Այս հոդվածի նպատակներից չէ այս հատորների ամբողջական վերլուծություն կատարելը, թեև կարելի է հետագա աշխատանքներում ամբողջացնել այդ գործը: Հետևաբար, հոդվածի մնացած մասը պիտի հատկացվի հայ ավետարանական յոթ պատմիչների կենսագրություններին այն հույսով, որ հայ ազգը կկարողանա հասկանալ, թե ազգային դատի հարցում որքան պարտական է նրանց ներդրմանը:

1. ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ԲԺԻՇԿ ՄԿՐՏԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Մկրտիչ Գաբրիելյանը ծնվել է 1857 թ.: Սկզբնական կրթությունը ստացել է Մարսովանի (ներկայիս Մարզվան) Ամերիկյան միսիոներական վարժարանում: 1881-ին տեղափոխվել է Ամերիկա և ուսումը շարունակել Փրինսթոնի Աստվածաբանական ճեմարանում (Նյու Ջերսի), որն ավարտել է 1888-ին: Այնուհետև սովորել է «Ջեֆերսոն» բժշկական քոլեջում (Ֆիլադելֆիա), որն ավարտել է 1892-ին: Փաստորեն, նա միևնույն  ժամանակ և՛ պատվելի էր, և՛ բժիշկ: Ամերիկայում ապրելու ընթացքում գրել է երեք գիրք և ևս մեկի համահեղինակն է: Սրանցում ներկայացնում է իր ազգի պատմությունն ու նրա կրած հալածանքները:

1896 թ. դեկտեմբերի 21-ին վեր. Գաբրիելյանը մասնակցել է  Ավետարանական միության կազմակերպած ժողովրդական հավաքին Փրինսթոնում (Նյու Ջերսի): Հավաքի նպատակն էր միասնական հավաքական բողոք ներկայացնել Օսմանյան պետության կատարած ջարդերի  և օտար պետությունների լռության դեմ: Վեր. Գաբրիելյանը այս հավաքի ընթացքում գլխավոր խոսողներից մեկն էր: Նրա գրած գրքերն են՝

The Armenians (1892)

The Armenian question (1895)

Bleeding Armenia: its history and horrors (համահեղինակն է վեր. Ա. Ու. Ուիլիմսը) (1896)

Armenia, a martyr nation (1918)

2. ԱՆԴՐԱՆԻԿ ԱԺՏԵՐՅԱՆ

Andranik

Անդրանիկ Աժտերյանը ծնվել է 1871 թ. սեպտեմբերին Մարսովանում: Նրա պապը՝ Սիմեոն Աժտերյանը, եղել է տեղի ավետարանական համայնքի և կառավարության ներկայացուցիչ Օսմանյան տիրապետության շրջանում: Նրա հայրը և հորեղբայրները եղել են  Մարսովանի Ավետարանական եկեղեցու առաջին անդամներից: Անդրանիկի կրտսեր հորեղբայրներից Կարապետը մեկնել է Ամերիկա՝ սովորելու «Ուիլիըմզ» քոլեջում (Ուիլիմթաուն, Մասաչուսեթս):

Սկզբնական կրթություն ստանալով տեղի վարժարաններում՝ Անդրանիկը ընդունվում է Մարսովանի «Անատոլիա» քոլեջ, որը միսիոներների կողմից հիմնադրվել էր 1886-ին: Դրանից հետո՝ 1889-ին, գաղթում է Ամերիկա, որտեղ այցելում է իր հորեղբորը՝ Կարապետին, ապա մեկնում է Սեն Լուիզ քաղաք, որտեղ աշխատում է  արևելյան մի վաճառատանը: Քանի որ նա  փայլուն առևտրական էր,  ընկերությունը նրան ուղարկում է Սփրինգֆիլդ, որպեսզի լինի մի ամբողջական մասնաճյուղի պատասխանատու:

Ծանոթանալով այդ քաղաքի «Բլեքբորն» համալսարանի հոգաբարձուներից մեկի հետ՝ սկսում է այնտեղ հաճախել, հետո մեկնում է Քլիվլենդ՝ ուսումը շարունակելու: Այս շրջանում հանրային դասախոսություններ է կարդում արևելյան երկրների ժողովուրդների և նրանց սովորությունների մասին և մեծ հաջողություն ունենում:

Իր ստացած ավետարանական կրթության շնորհիվ ծանոթ էր աստվածաշնչյան պատմություններին և ջանում էր Հին Կտակարանի ներկայացրած աշխարհագրության միջոցով բացատրելու ամերիկացիներին, թե ովքեր են հայերը, և որտեղ է գտնվում նրանց երկիրը: Նա գրել է երկու գիրք՝

— Under oriental skies (1894)

— The Turk and the land of Haig (1896)

3. ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ՋՈՐՋ ՖԻԼՅԱՆ

FilianՋորջ Ֆիլյանը  ծնվել է 1853 թ. հունվարի 20-ին Անտիոքի (ներկայիս Անթաքիա) արվարձաններից մեկում: Նա ուներ ութ եղբայր և չորս քույր: Նրա հայրը հաջող գործունեություն ծավալող բանկի տնօրեն էր և միևնույն ժամանակ՝ վաճառական: Նրա գործընկերներն էին Հալեպում Անգլիայի դեսպանը և մետաքսի առևտրող զբաղվող հույն այլ վաճառական:

Ջորջը և նրա եղբայրները սովորում էին տեղի միսիոներական դպրոցում, և երբ նա 14 տարեկան էր, հայրը ուրիշների սխալների պատճառով ամբողջովին կորցնում է իր հարստությունը: Պատանի Ջորջը ստիպված է լինում սովորել երկու արհեստ՝  կոշկակարություն և դերձակություն, որպեսզի իր ապրուստը վաստակի: Կոչում է ստանում՝ պատրաստվելու եկեղեցու հովվությանը, և երեք տարի հաճախում է Մարաշի Աստվածաբանական ճեմարան:

Այդ ժամանակ մեծ տպավորություն է գործում՝ քարոզելով Չոմաքլի և Դալաս գյուղերում: Աստվածաբանական ավելի բարձր ուսման կարիք զգալով՝ որոշում է մեկնել Ամերիկա: Մի շարք միսիոներներ, որոնց հետ աշխատում էր, դեմ են կանգնում դրան՝ ասելով, որ նա արդեն իսկ շատ լավ ծառայություն էր մատուցում: Սակայն նա չի մտափոխվում և 1879 թ. հուլիսին հասնում է Նյու Յորք՝ գրպանում ունենալով ընդամենը 15 ցենտ: Ապրուստի միջոցներ վաստակելու համար աշխատում է կտորների գործարանում: Այնտեղից մեկնում է Օհայո նահանգ՝ սովորելու ՙՕբեռլին՚ քոլեջում: Այստեղ նա զբաղվում է ատաղձագործությամբ, որպեսզի վճարի ուսման վարձը: Վեց ամսվա ընթացքում ինքնուրույն սովորում է անգլերեն: Իբրև միսիոներ ծառայում է Նեբրասկա նահանգում, ապա հաճախում Չիկագոյի Աստվածաբանական ճեմարան՝ այն ավարտելով 1882-ին:

Վերադառնում է տուն և իբրև հովիվ ծառայում Պոլսի Հայ Ավետարանական եկեղեցում, ապա այնտեղից  փոխադրվում Մարսովանի Հայ Ավետարանական եկեղեցի: Ծառայում է այնտեղ, և եկեղեցին աճում է՝ ունենալով 2000-ից ավել անդամներ: Բոլորը չեն տեղավորվում եկեղեցում, և նոր ու ավելի մեծ եկեղեցու կարիք է առաջանում: Վեր. Ֆիլյանը նորից մեկնում է   Ամերիկա և եկեղեցու նոր շենքի համար դրամահավաք  կազմակերպում: Հավաքած գումարը պահում է Չիկագոյի բանկում և վերադառնում Մարսովան՝ շինարարություն սկսելու:

Սակայն նրա հաջողությունը գրգռել էր մի շարք մարդկանց նախանձը, և նրանք, կեղծիքի դիմելով, նրան ամբաստանում են կառավարության մոտ՝ որպես հեղափոխական գաղտնի խմբակների առաջնորդի: Օսմանյան պետությունը աքսորում է նրան, և նա իր ընտանիքի հետ վերադառնում է Ամերիկա: Նա հեղինակել է երկու գիրք՝

  • «Հայաստան և իր ժողովուրդը»(1896)
  • «Երկնային լոյսեր» (1897)

4. ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ԲԺԻՇԿ ՕՀԱՆ ԿԱՅԾԱԿՅԱՆ

KaicakianՕհան Կայծակյանը ծնվել է  1837 թ. հունվարի

7-ին Մարաշի մոտ գտնվող Ալբիսթան (այժմ՝ Էլբիստան) գյուղում: 1894-ին հայերեն Նոր Կտակարան գտնելով իր զարմիկի պանդոկում՝ երկու տարի գաղտնի կարդում է այն:

Մի քանի տարի անց կազմվում է տեղի Հայ Ավետարանական եկեղեցին: Օհանը այդ խումբը կազմող ութ անդամներից մեկն էր:

Կարճ ժամանակ անց մեկնում է Մարաշ և սովորում տեղի քոլեջում և Աստվածաբանական ճեմարանում, որն ավարտում է 1869-ին: Որպես քարոզիչ ծառայել է Անտիոքում, Քեսաբում, Բալինում և Ադանայում: 1872 թ. հոկտեմբերին ձեռնադրվում է Մարաշի Հայ Ավետարանական եկեղեցում: 1876 թ. փոխադրվում է Ադանայի Հայ Ավետարանական եկեղեցի, որտեղ ծառայում է մինչև 1881 թ.:

Կիլիկիայի դաշտի համար շրջուն բժիշկ-ավետարանիչի կարիք կար, և նա  մեկնում է Ամերիկա՝ ուսումը շարունակելու: Սովորում է Վերմոնդի համալսարանում, որը բժշկի մասնագիտությամբ ավարտում է

1883-ին և վերադառնում տուն՝ ծառայելով որպես շրջուն բժիշկ և քարոզիչ:

1895-ին կարողանում է իր բազմանդամ ընտանիքով փախչել համիդյան ջարդերից և հասնել Ամերիկա: Տարիքն արդեն առած լինելու պատճառով չի կարողանում որպես բժիշկ աշխատել և նվիրվում է ստեղծագործական աշխատանքի:

Հեղինակել է երկու գիրք՝

Illustrated Armenia and the Armenians (1898)

  • «Առողջաբանութիւն (առողջութիւնը հարստութիւն է)» (1901)

5. ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ԳՐԻԳՈՐ ԲԵՀԵՍՆԻԼՅԱՆ

BehesnilianԳրիգոր ԲԵհեսնիլյանը ծնվել է Տարսոնում, որ միևնույն ժամանակ ճանաչված էր որպես Պողոս առաքյալի ծննդավայր: Նա, 1885-ից սկսած, իր քաղաքում և շրջակայքում ծառայել է որպես աշխարհական քարոզիչ՝ օգնելով հովիվներին և մասնակցելով կիրակի օրերին տեղի ունեցող պաշտամունքներին և շաբաթվա ընթացքում տեղի ունեցող ժողովներին:

Ուսումը շարունակելու համար աշխատում է և խնայած դրամով մեկնում Անգլիա՝ երեք տարի սովորելով «Նյու քոլեջ»- ում:

1892-ին նրա ջանքերի շնորհիվ կազմվում է Տարսոնի Աստվածաշնչի միսիոներությունը, որի դաշտի ավետարանիչ է նշանակվում:

1892 թ. հոկտեմբերին ձեռնադրվում է և դեկտեմբերին վերադառնում Տարսոն և սկսում իր գործունեությունը՝ հասնելով մինչև Մարաշ:

1893-ին ամուսնանում է Սեմագյուլ Սալիբյանի հետ և շարունակում իր առաքելությունը՝ կատարելով մկրտության և հաղորդության արարողություններ մանավանդ փոքր եկեղեցիներում, որտեղ մշտական հովիվ չէին կարող պահել:

Նա հեղինակել է երեք գիրք՝

No mean city

In bonds: an Armenian’s experience (1900)

Armenian bondage and carnage (1903)

6. ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ՍԱՐԳԻՍ Հ. ՏԵՎԻՐՅԱՆ

TevirianՍարգիս Տեվիրյանը ծնվել է 1850 թ.փետրվարի 2-ին Հաճընում (ներկայիս Սայիմ բեյլի): Նրա նախահայրերը այդ շրջան էին եկել մոտ երկու դար առաջ և այնտեղ առաջին հաստատվողներից էին: Նա արհեստով դերձակ էր, բայց ցանկանում էր եկեղեցական ծառայություն մատուցել: Դրա համար ընդունվում է Մարաշի Աստվածաբանական ճեմարան, որն ավարտելուց հետո ձեռնադրվում է 1879-ին: Իր եղբայր Վարդանի հետ 1884-ին մեկնում է Ամերիկա և սովորում «Օբեռլին»քոլեջում (Օհայո):

1887-ին՝ քոլեջն ավարտելուց հետո, վերադառնում է Հաճըն՝ իբրև քարոզիչ: Համիդյան ջարդերի ընթացքում երկար ճանապարհ կտրելով՝ Բեյրութից հասնում է Ամերիկա, որտեղ գրում է երկու գիրք: Դրանք են՝

Our troubles in Asia (1897)

Practical information on Oriental rugs (1907)

7. ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՈՍ ՋԵՆԱՆՅԱՆ

JenanianՎեր. Ջենանյանը ծնվել է Զատիկի մի կիրակի Մարաշում (ներկայիս Գահրամանմարաշ), և դրա համար նրան անվանել են Հարություն: Վաղ տարիքից սկսել է Աստվածաշունչ կարդալ և սկսել քարոզել, միևնույն ժամանակ սովորել է գորգագործություն: Աստվածաշնչից ունեցած իր գիտելիքների և հանրության առաջ խոսելու  կարողությունների համար նշանակվել է Երեբաքանի՝ հարյուրից ավելի անդամ ունեցող Հայ Ավետարանական եկեղեցու քարոզիչ, երբ ընդամենը 19 տարեկան էր:

Երեբաքանում մի քանի տարի ծառայելուց հետո շարունակում է աստվածաբանական ուսումը: Ավարտելուց հետո որպես հովիվ ուղարկվում է Ադանայի Հայ Ավետարանական եկեղեցի, ապա փոխադրվում Տարսոնի եկեղեցի: Ուսումը շարունակելու համար մեկնում է Ամերիկա և 1884 թ. հուլիսին հասնում Նյու Յորք:

Նյութական մրցանակ շահելով՝ հաճախում է «Union» աստվածաբանական ճեմարան և ազատ ժամանակ քարոզչություն անում երկիր նոր հասած հայերի համար և օգնում նրանց:

Նյու Յորքում գտնվելու ժամանակ ծանոթանում է զինվորական Էլիոթ Շեբերտի հետ, որ մեծահարուստ էր և վերջին տարիներին այցելել էր Տարսոն: Նրան համոզում է գումար հատկացնել, որպեսզի Տարսոնում հատուկ դպրոց բացեն հայ որբերի և որբևայրիների համար:

1888 թ. մայիսին վերադառնում է Տարսոն և հիմնադրում Սբ. Պողոս հաստատությունը, որի համար Ամերիկայում մեծ աշխատանք էր կատարել: Սակայն տարակարծություն ուներ իր օգնական տեսուչ վեր. Մըքլաքլանի հետ, դեմ էր նրա գործելակերպին (արևմտյան մոտեցումը ընդդեմ արևելյանի), և 1894-ին հրաժարական է տալիս:

Մի քանի տարի անց Գոնիայում նմանատիպ հաստատություն  է հիմնադրում, որը կոչվում էր Փոքր Ասիայի առաքելական հաստատություն: Նա մինչև մահ՝ 1907 թ., այս հաստատության տնօրենն էր: Նրանից հետո տնօրեն նշանակվեց դոկտ. Ա. Հայկազյանը, որի անվամբ էր կոչվելու Բեյրութում գտնվող ապագա համալսարանը:

Վեր. Ջենանյանը հեղինակել է երեք գիրք՝

The Ottoman Empire: Evangelical and education (1887)

Glimpses of Asia Minor Apostolic Institute (1898)

Harutune (1898)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այս ամփոփ կենսագրականները վկայում են հայ ավետարանական 7 պատմիչների ծառայությունը իրենց ազգին և եկեղեցուն: Նրանք բոլորը բարձրագույն կրթություն են ստացել արևմտյան երկրներում և կարող էին հեշտությամբ այնտեղ մնալ՝ ավելի լավ կյանքի արժանանալու համար: Սակայն նրանց մեծ մասը վերադարձավ իրենց գյուղերն ու տները՝ իրենց ժողովրդին ծառայելու: Միայն խստագույն հալածանքն ու համիդյան ջարդերը կարողացան նրանց արտաքսել իրենց երկրից: Երբ ստիպված եղան փախչել, շարունակեցին իրենց ծառայությունը՝ գրելով հայ ազգի հետ պատահածի մասին ու նրա դատը պաշտպանելով օտար երկրներում:

Իբրև 21-րդ դարի հայ ավետարանականներ՝ կարիք չունենք կասկածելու, թե արդյոք բավականաչափ սատար կանգնել ենք մեր ազգային դատին կամ շահերին: Ոչ էլ ստիպված ենք միայն հիշել մեր կրթական հաստատությունները որպես միակ ժառանգություն, որ տվել ենք հայ ազգին՝ չնայած այն հանգամանքին, որ սրանք խիստ կարևոր դեր ունեն:

Մոտ մեկ դար առաջ ապրած հայ ավետարանականներ, որոնք արձանագրեցին և պատմությանը հանձնեցին հայերի ջարդերը Օսմանյան կայսրության մեջ, դեպքեր, որ ապագայում պիտի կրկնվեին ավելի մեծ ծավալով:

Այս պատմիչների գրվածքները արևմտյան ազգերի վրա մեծ ազդեցություն գործեցին՝ չնայած նրան, որ նրանց կառավարությունները իրենց քաղաքականությունը չփոխեցին:

Իբրև Հայ Ավետարանական եկեղեցի՝ պետք է ընդունենք, որ մեր թերությունը ոչ թե ազգային նյութեր չունենալն է, այլ մեր ազգային հերոսների մասին անտեղյակ լինելը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Hovhannisian Richard G,The Armenian Question In The Ottoman

Empire, 1876-1914 in  The Armenian People From Ancient To Modern

Times, Volume II: Foreign Dominion to Statehood: The Fifteenth

Century to the Twentieth Century. Richard G Hovhannisian (Ed). New

York: St Martin’s press, 1997.

2. Akcam, Taner, 2006. A shameful act. Henry Holt and Co, New York,

496 p.

3. Gabrielian, MC, 1918. Armenia, a martyr nation. Fleming H Revell

Company, New York, 352 p.

4. The New York Times, December 22nd, 1894.

5. Azhderian A., 1894. Under Oriental skies. The Williams Publishing

and Electric Company, Cleveland, 288 p.

6. Filian George H., 1896. Armenia And Her People. American

Publishing Company, Hartford, 430 p.

7. Gaidzakian K., 1900. In bonds: an Armenian’s experience. Morgan

and Scott, 3rd edition, London, 80 p.

8. http://gertmenian.org/history/Devir-articles/DeviranSarkis.htm

9. Jenanyan Harutune H., 1898. Harutune. William Briggs, Toronto,

327 p.

10. Jessup Henry H., 1910. Fifty-three years in Syria (volume 2).

Fleming H Revell Company, New York, 506 p.

11. Dennis J S, Beach, H P, and Fahs (eds), 1911. World atlas of

Christian missions. Student Volunteer Movement for Foreign Missions,

New york, 320 p.

Շ. Շ.

Նոյեմբեր-դեկտեմբեր, 2010, «ՋԱՆԱՍԷՐ»

Մեկնաբանություններ