Հայաստանի ամբողջաավետարանական եկեղեցիները հորդորում են չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան

194

Հայաստանի ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցության ՀՀ վարչապետին ուղղված նամակը Ստամբուլյան կոնվենցիայի, դրա վավերացման պարագայում առկա իրավական և հոգևոր-բարոյական բնույթի վտանգների և ռիսկերի վերաբերյալ։

Մեծարգո պրն Վարչապետ

Սույն գրությամբ մենք՝ Հայաստանի ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցության հոգևոր առաջնորդներս, ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել մեր որոշ նկատառումները վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տված, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ ՀՀ նախկին կառավարություն ըկոնվենցիայի ստորագրմանը հավանություն է տվել դեռևս 2017թ. դեկտեմբերի 28-ին, իսկ ներկայում դրված է այն վավերացնելու հարցը։

Հետևելով հանրային քննարկումներին, ծանոթանալով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վիճահարույց դրույթներին, օգտագործված տերմինաբանությանը, հասկացություններին, հաշվի առնելով հեղինակավոր ու ծանրակշիռ մասնագիտական վերլուծությունները՝ հարկ ենք համարում արձանագրել, որ հիշյալ միջազգային համաձայնագրի վավերացումը հղի է իրավական և հոգևոր-բարոյական բնույթի ռիսկերով ու վտանգներով։

Բացարձակապես մերժելով բռնությունը՝ որպես ընտանեկան կենցաղավարությանն ու հասարակական հարաբերություններին անհարիր երևույթ, նաև ընդունելով կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն ու Աստծո կողմից հավասարազոր արժանապատվությամբ օժտված լինելը, այդուհանդերձ, մենք այն համոզմանն ենք, որ Ստամբուլյան կոնվենցիան դուրս է գալիս իր հայտարարած նպատակի, այն է՝ բռնության կանխարգելման շրջանակից՝ բացահայտ և քողարկված ձևով կանաչ լույս վառելով որոշ անընդունելի երևույթների օրինականացման համար։

1․ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Ռիսկն այն է, որ սույնով նշանառության տակ են հայտնվելու նաև այնպիսի սովորույթներն ու ավանդույթները, որոնք ազգային դիմագիծ և նկարագիր են հաղորդում հայկական ընտանիքին։ Ընտանիքում բռնության երևույթի կանխարգելումը մի բան է, ավանդական ընտանիքում կնոջ և տղամարդու դերաբաշխումը կերպափոխելը՝ բոլորովին այլ։

2․Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանվանում են որոշ հասկացություններ, մասնավորապես․ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանականկամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում ենընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկաամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողըբնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։

Ի՞նչ է նշանակում՝ «ընտանիքին» զուգահեռ սահմանել «ընտանեկան միավոր» հասկացությունը կամ «ամուսիններ» ընդունված եզրույթի կողքին նշել «զուգընկերներ» տերմինը։

3․ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործվում են «սեռական կողմնորոշում» և «գենդերային ինքնություն» հասկացությունները: Վերջինիներքո, կոնվենցիայի բացատրական զեկույցի համաձայն, պետք է հասկանալ ոչ միայն արական և իգական կենսաբանական սեռերը, այլև անձի սուբյեկտիվ ընկալմամբ պայմանավորված այլ, այսպես կոչված, սոցիալական սեռերի ողջ «ներկապնակը»։

Վերոնշյալ երեք դրվագների համադրումն ու համեմատական վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնելու, որ Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է վտանգավոր ականներ։ Այն նախադրյալներ է ստեղծում ազգային օրենսդրության փոփոխման և այնպիսի դրույթների ներմուծման համար, որոնք կօրինականացնեն գենդերային բազմազանությունն ու նույնասեռ ամուսնությունները։

Վավերացման պարագայում, ըստ էության, սույն միջազգային համաձայնագիրը կդառնա ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասը՝ պարտադրելով (եթե ոչ այսօր, ապա տեսանելի ապագայում)իրավական կարգավիճակ տալ զանազան գենդերային ինքնություններինև վերանայել ընտանիքի ավանդական մոդելը (տղամարդու և կնոջ միջև ամուսնական միությունը), ինչը ներկայումս ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Դատելով նմանատիպ համաձայնագրեր վավերացրած եվրոպական երկրների փորձից՝ կարող ենք կանխատեսել, որ Ստամբուլյան  կոնվենցիայի ուժով, որպես հաջորդ քայլ,Հայաստանին «խորհուրդ կտրվի» գենդերային ինքնության թեման ներառել նաևկրթական ծրագրերում։Պատահական չէ, որ Եվրամիության երկրներից Բուլղարիան սույն կոնվենցիան ճանաչել է հակասահմանադրական՝ վկայակոչելով ծանրակշիռ և հիմնավոր փաստարկներ։

Մենք կիսում ենք համընդհանուր այն մտահոգությունը, որ այս փաստաթուղթը, մի կողմից՝ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մյուս կողմից՝ իր մեջ պարունակում է «դանդաղ գործողության ռումբ», որն ուղղված է քրիստոնեական ավանդական հոգևոր-բարոյական արժեքների դեմ։ Սա հիմքային հարց է մեր հասարակության համար և, ըստ էության, այն կարմիր գիծն է, որից մեր ժողովուրդն իր հավաքականության մեջ չի նահանջի երբեք։

Մեծարգո Վարչապետ, վերոգրյալը հիմք ընդունելով և հաշվի առնելով մեր եկեղեցիների բազմահազար հավատավոր մարդկանց մտահոգությունը՝ թույլ տվեք մեր հորդորն ուղղել Ձեզ՝ ամեն գնով ձեռնպահ մնալու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից՝ ի շահ մեր ժողովրդի բազմադարյա հոգևոր-բարոյական արժեքների պահպանության և ի բարօրություն մեր գալիք սերունդների ապահով ապագայի։

Հարգանքով և աղոթքով՝

Հայաստանի ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցության

անունից՝

Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Արթուր Սիմոնյան

Հայաստանի ավետարանական հավատքի եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյան

Մեկնաբանություններ