Հայոց երկիրը մեծ ոսկեդարի նախաշեմին

2192
surb-zoravor-ekexeci-ashot-dpir-arevshatyan

Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ:

Աշոտ դպիր, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար ամեն անգամ Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելը:

Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելն աներևակայելի և երկյուղալի մի իրավիճակ է ինձ համար արդեն 15 տարի: Հավատքով գիտենք, որ Սբ. Պատարագին Քրիստոս է պատարագվում մեր հոգու փրկության համար, բնականաբար, ահով և երկյուղով ենք բարձրանում Սբ. Խորան: Ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի և մյուս եկեղեցական հայրերի` Սբ. Պատարագին ներկա են նաև սրբեր և հրեշտակների տարբեր դասեր: Մենք ավելի մերձ ենք այդ սրբությանը, քան ժողովուրդը և պետք է կարողանանք գնահատել այս ամենը, որպեսզի այն, ինչ կարող է մեզ համար շնորհի պատճառ լինել, չլինի թե դառնա դատապարտության պատճառ:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի՝ համայնքի անդամն եք նաև, ըստ Ձեզ, քրիստոնյա անհատի համար որքանո՞վ է կարևոր եկեղեցու համայնքային կյանքում ընդգրկված լինելը:

Միայն եկեղեցի հաճախել և արարողություններին մասնակցել համայնքային կյանքից դուրս կարող է մարդուն, աստիճանաբար, հեռվացնել եկեղեցուց: Եկեղեցում մարդիկ իրենց այնպես պետք է զգան, ինչպես՝ Նոյյան տապանում: Այդ տապանում որպես մեկ ընտանիք չէին կարող սառը վերաբերմունք ունենալ միմյանց հանդեպ: Իսկ այսօր փրկության Տապանում՝ եկեղեցում, քրիստոնյաները համայնքային կյանքից ներս մտերմանում են և ջերմանում՝ միմյանց համար աղոթելով, միմյանց օգնելով, լսելով Ավետարանը և եկեղեցու հայրերի մեկնությունը: Մեր Տերն ասաց. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթեոս 18:20): Աստվածային ներկայության մեջ քրիստոնյան, Տիրոջ խոսքի համաձայն, կարողանում է ընկալել, որ ինքը պանդուխտ է այս աշխարհում, ինչի դեպքում նա հեռու է մնում աշխարհային գործերից՝ հասնելու համար հավիտենական հանգրվան:

Վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» ծավալուն գիտական աշխատությունը: Ի՞նչ նախապատմություն ունի այն:

Ոչ մեկին գաղտնիք չէ, որ Նոյյան տապանը իջել է Արարատ սարի վրա, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է եղել և այս ամենը մղում էր մեզ տեսնելու մեր երկրի խորհրդավորությունը: 15 տարի առաջ տպագրեցինք մի քարտեզ, որի վրա տեղակայված էին Հայոց երկրի առանձնաշնորհները: Այնուհետև Տիրոջ ողորմածությամբ բացահայտեցինք մի շարք փաստեր, Աստծո կողմից ընձեռնված բազմաթիվ շնորհներ, որ կապված էին Հայաստանի հետ: Երկրագնդի վրա չկա մի վայր, որ ունենա այդքան շնորհների լեցունություն, որքան մեր երկիրը: Այս աշխատանքի արդյունքում էլ լույս տեսավ այս գիրքը, որ կունենա իր շարունակությունը ևս երեք հատորով:

Սույն մեծածավալ աշխատության փաստերն ի՞նչ հիմնավորումներ ունեն:

Առաջին հատորի յուրաքանչյուր գրքի սկզբնաղբյուրներում հայ հեղինակների հետ միասին ընդգրկված են նաև բազմաթիվ օտարազգի հեղինակներ, օրինակ, հնէաբան, պատմաբան Դեվիդ Ռոլ, անգլիացի կովկասագետ Դեվիդ Լենգ, ռուս պատմաբան, զինվորական գործիչ և հրամանատար Վիկտոր Աբազա և ուրիշներ: Պատկերը ավելի ճոխ և գեղեցիկ է դառնում, երբ օտարներն են մեր երկրի մասին խոսում: Մեր հոգևոր և եկեղեցական պատմությանն ավելի շեշտադրված անդրադարձել են նաև Մխիթարյան հայրերը՝ Ղևոնդ Ալիշանը, Ղուկաս Ինճիճյանը, Միքայել Չամչյանը և մյուսները: Այս հեղինակներն իսկապես տեսել են մեր երկրի խորհրդավորությունը՝ իրենց աշխատություններում ներառելով նաև եվրոպացի աստվածաբանների նյութերը Հայոց երկրի հետ կապված: Գրքում անդրադարձել ենք բազմաթիվ գիտնականների մեջբերումներին Քուր-արաքսյան քաղաքակրթության հետ կապված:

Օրինակ՝ Մելքիսեդեկն եղել է Սուրբ Գրքի ամենաառեղծվածային անձնավորությունը, ում մասին շատ քիչ տեղեկություններ կան: Բայց և՛ օտարազգի հեղինակները, և՛ մեր հնագույն պատմությունը հնէագիտության հետ միասին ապացուցում են Հայկ նահապետի և Մելքիսեդեկի նույն անձը լինելը: Այս մասին է գրել նաև Սբ. Գրիգոր Նարեկացին իր «Ապարանից խաչի պատմություն» ներբողում:

Հայոց պատմությունը բազմիցս է զեղծվել: Սույն աշխատությամբ անդրադարձե՞լ եք այդ զեղծարարություններին, և գիրքը հայ ընթերցողին որքանո՞վ է բացահայտելու իր իսկ պատմությունը:

hayoc-erkiry-mets-oskedari-nakhashemin-1951Զեղծարարությունների են դիմել ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ հեղինակներ, ովքեր պնդել են և այսօր էլ պնդում են, թե հայերը եկվորներ են, որ Ք. Ա. 5-րդ դարում Բալկաններից են եկել, միավորվելով ուրարտացիների հետ, կազմավորել են այսօրվա ազգը: Այդ զեղծարարությունների որոշ հեղինակներ զղջացել են՝ խոստովանելով, որ դա եղել է զուտ ճնշումների ներքո: Ռուս գիտնականներն ասել են, որ հայերը ընդամենը քառասուն օրով են թողել երկիրը, երբ տապանը բարձրացավ ջրի վրա: Ճիշտ է այդ ժամանակ հայ ազգը գոյություն չուներ, բայց այդպես են ընկալել: Եվրոպացի հեղինակներն ասել են, թե բոլոր մարդիկ սերել են Նոյից, իսկ հայերի հետ կապված շեշտադրումով նշել են, որ դուք Նոյի թոռներն եք, ծոռները, քանի որ հայ ազգը միակն է ողջ երկրագնդում, որ չի տեղափոխվել իր առաջնային, արարչական Ծննդոցի բնակավայրից: Հնէաբաններն եկել են այն եզրակացության, որ հազարամյակներ առաջ եղած այդ նույն գանգերը հայերի մոտ են առավելապես պահպանվել: Ռուս հայտնի գիտնական Բորիս Պիոտրովսկին գրել է, որ հայերն այստեղ են եղել գոնե Քրիստոսից առաջ մինչև 11-րդ դար, իսկ դրանից առաջ ոչինչ չի նշում: «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» գիրքը կարևոր է նրանով, որ մենք հասկանանք, որ մեր պապերի հողում ենք ապրում և հանգիստ կարող ենք ասել՝ Ադամ, Եվա, Ենովս, Ենոք, Նոյ ուղիղ գծով այս հողի վրա այդ ժառանգությունը պահպանվել է, այդ պատճառով են արևմտյան գիտնականները հային ասում՝ Ադամի զավակ, Նոյի թոռ: Գիտակցելով այն, որ Աստված մեծ ողորմությամբ է նայել և նայում հայոց ազգին, դա կարող է սթափեցնել հային հասկանալու համար հավիտենական արժեքները և հեռու մնալու տրտունջներից, հույսը Աստծո վրա դնելով, քանի որ առջևում մեծ ոսկեդար է սպասվում:

Ըստ Ձեր ուսումնասիրության՝ Հայաստան երկիրը ի՞նչ առաքելություն ունի Տիրոջ կողմից:

Իմանալու համար, թե ինչ առաքելություն ունի Հայոց երկիրը, մենք պետք է տեսնենք, թե ինչ է ունեցել նա նախկինում: Մենք գիտենք, որ այստեղ է արարվել Եդեմական Դրախտը, այստեղ էր արտադրախտային կյանքը, առաջին աստվածպաշտության վայրը, և Հայոց սուրբ հողն էր, որ ընդունեց առաջին սուրբ նահատակի՝ Աբելի արյունը: Մեր երկրում կառուցվեց Նոյյան տապանը՝ Քրիստոսի Եկեղեցու խորհրդանիշը: Ջրհեղեղից հետո մարդկության հայրենիք Հայաստանից Նոյի սերունդն իջավ Բաբելոն և ցրվեց աշխարհով մեկ: Հայոց հողի վրա էր, որ կռապաշտության համար տեղ չգտնվեց, և պահպանվեց Աստծո հանդեպ սուրբ հավատը: Այս երկրում էր, որ հնում եղավ առաջին համաշխարհային պատերազմը՝ բարու և չարի միջև, և այստեղ էր, որ հայոց բարեպաշտ նահապետ Հայկի կողմից արձակված նետից ընկավ առաջին նեռը՝ Նեբրովթ-Բելը: Մեր լեզուն եղել է և կա դրախտի լեզուն: Պատմությունը փաստում է, որ հայ ազգը մշտապես կարապետի՝ Տիրոջ ճանապարհը պատրաստողի, կարգավիճակում է եղել, Սբ. Հովհաննես Մկրտիչը՝ Կարապետը, ասել է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցե՛ք նրա շավիղները» (Ղուկաս 3:4): Առաքելությունը շատ մեծ է եղել և լինելու է մինչև վերջ: Հայ ազգն իր քրիստոնեական պատմության ընթացքում երեք մեծ անկում է ունեցել՝ 7-8-րդ դարեր, 15-17-րդ դարեր՝ երկդարյա խավար շրջան, երրորդը և վերջինը՝ 18-դ դարից առ այսօր: Ամեն մի անկմանը հաջորդել է արթնության շրջան և վերջինը լինելու է ամենահզորը: Սբ. Սահակ Պարթևը, Վարդան Այգեկցին և Ղևոնդ Ալիշանը գրել են այդ մեծ արթնության մասին, դա և՛ մարգարեական է, և՛ տրամաբանական, որովհետև ինչ որ եղել է այստեղ ի սկզբանե, վերջում այստեղից էլ պետք է սկիզբ առնի: Ըստ մարգարեության և տրամաբանության՝ Հայաստանը պետք է դառնա այն հզոր քրիստոնյա պետությունը, որ եղել է Սբ. Գրիգոր Լուսավորչի ժամանակ: Տիրոջ Երկրորդ Գալուստն էլ պետք է լինի Հայաստանից և այդ մասին ասել են Սբ. Գրիգոր Տաթևացին, Վանական վարդապետը, Սբ. Գրիգոր Աստվածաբանը: Սա մարգարություն չէ, այլ Սուրբգրային ընկալում՝ Արևելքում Տերը ստեղծեց դրախտը, Արևելքից Նոյի ժողովուրդն իջավ Սենաար: Արևելք կոչվածը Սուրբգրային Արևելքն է և Տիրոջ Երկրորդ Գալստյան մասին Նոր Կտակարանում կարդում ենք. «Մարդու Որդին գալու է կայծակի նման, որը երբ փայլատակի, պիտի լուսավորի ամբողջ երկնակամարը՝ արևելքից արևմուտք» (Մատթեոս 24:27): Դրախտի, Նոյի, առաջին քրիստոնյա պետության և Քրիստոսի Երկրորդ Գալստյան տարածքները նույնացվում են:

Մեր Տերն Իր խաչելությամբ և հարությամբ փրկության դուռը բացեց համայն աշխարհի համար, և եթե մենք այդ ուղիով չընթանաք, բուն նպատակ ունենալով փրկությունը, հավիտենական կյանքը, ապա այս բոլոր շնորհները մեզ համար որևէ արժեք չեն ունենա: Մեր վարդապետներից Եղիշեն ասել է, որ բարեխոսներ ունենք Աստծո առաջ, դրանք՝ Երկրի գետերն են և տապանը: Աստվածատուր այս շնորհները թող պատճառ դառնան, որ քրիստոնյան իր հավատի մեջ առավել զորանա, իսկ ովքեր հավատքից հեռու են, կարողանան տեսնել, թե ինչեր են իրենց տրված ու դեռ սպասվում, և գուցե իրենց համար բացվեն հավատքի դռները:

Կարինե Սուգիկյան
Աղբյուրը՝ surbzoravor.am

Մեկնաբանություններ