Հավատքի մայրը․ Րաֆֆի Շահվերդյան

1435
Praying woman hands

Նվիրում եմ բոլոր մայրերին և քույրերին։

Երբ աղոթում է հավատքի մայրը,
Լեռը վիթխարի փլվում է ձորը,
Երբ հավատում է աղոթքի մայրը,
Նրան լսում է Երկնային Հայրը,
Երբ արտասվում է հավատքի մայրը,
Անապատը չոր դառնում է ծովակ,
Հավատքի գալիս որդին անառակ,
Կյանքի օջախը վառում թեժ կրակ.
Երբ մորմոքում է հավատքի մայրը,
Նա ամոքում է կյանքի ցավերը:

Երբ բողոքում է աղոթքի մայրը,
Գանգատով անգամ սիրում է Հայրը,
Երբ օրհներգում է հավատքի մայրը,
Բուժվում են, ցնծում տխուր սրտերը,
Երբ որ ծնկում է աղոթքի մայրը,
Ծնկի է բերում հպարտ աշխարհը,
Իսկ երբ ժպտում է հավատքի մայրը,
Կյանքով է լցվում մռայլ աշխարհը:

happy-Womens-Day-8-march

Երբ նա աղոթում է ու երբ հավատում,
Սև ամպն է փարատում, արև է ծագում,
Սիրուն ծիածան երկնքում շողում,
Կորածը դարձնում, մեռածն հարուցում,
Գայլը գառ դառնում, չարը՝ խափանում,
Ո՞վ գիտի, գուցե անառակ որդին,
Բարի մայր ուներ հոր հետ միասին,
Որը աղոթեց սրտանց հոր կողքին,
Մինչ տուն բերեին իրենց կորածին:

Եվ ահա այսօր, հավատքի մայրս,
Որքա՜ն կորած ես Հոր տունը բերել,
Որքա՜ն ծառաներ Տիրոջը նվիրել,
Քանի՜ Հիսուսներ սիրով օրօրել,
Քանի՜ ծարավ ու քաղցած հագեցրել,
Որքա՜ն արցունք ես արցունքով սրբել
Որքա՜ն վերքեր ես սիրով փաթաթել:

Երբ դու հավատաս, երբ դու աղոթես,
Աստծո աչքերը տունդ կբերես,
Աստծո արցունքը երկինք կպատի,
Նրա սիրտը մեծ երկիր կբերես.
Հրեշտակները կիջնեն տեսնելու,
«Փա՜ռք ի բարձունս» նորից երգելու,
Աստղե ծաղկեփունջ քեզ նվիրելու:

Դու միշտ աղոթիր ու միշտ հավատա,
Մայրական աղոթք, մայրական հավատք,
Հավատքի մայրս,
Աղոթքի մայրս,
Թանկագին մայրս…

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ