Հիսուսն իշխանություն ուներ Իր անձը դնելու և Իր անձը վերցնելու. Արմեն Լուսյան

387
Արմեն Լուսյան

Հիսուսն իշխանություն ուներ Իր անձը դնելու և Իր անձը վերցնելու։ Եթե Նա կամենար խուսափել չարչարանքներից և խաչից, ապա Հայրը հրեշտակների գնդեր կուղարկեր և կազատեր Նրան, կամ էլ ինչպես Եղիային՝ հրեղեն կառքով երկինք կտաներ, և Նա մահ չէր ճաշակի։ Ո՛չ Պիղատոսը, ո՛չ հռոմեացի զինվորները, ո՛չ հրեա քահանայապետերը, ո՛չ հրապարակում հավաքված ամբոխը, ո՛չ էլ սատանան չէին կարողանա խանգարել Աստծուն։

Սակայն Հիսուսը՝ Հուդայի ցեղի Առյուծը, հոժարությամբ դարձավ զոհաբերվող Գառ։ Գեթսեմանի պարտեզում հոգևոր ծանր պայքարում հաղթելով ամեն տկարություն ու խավարի ճնշում՝ Նա հոգով զորացած հանձն առավ խաչի ճանապարհը։

Եվ ևս երկու կարևոր հանգամանք.
1. Քավության համար հարկավոր էր անարատ, կատարյալ զոհ, և միայն ու միայն Հիսուսը կարող էր լինել այդ զոհը, ուրիշ ոչ ոք։ Որովհետև բոլորը մեղանչեցին, և մի արդար չկար, բացի Նրանից։
2. Պատմության ընթացքում եղել են տաժանակիր չարչարվողներ և խաչվողներ, բայց Հիսուսի խաչելությունը լիովին տարբեր էր. Նրա չարչարանքները բախտորոշ ազդեցություն ունեցան մարդկության հավիտենական ճակատագրի վրա։ Նա ոչ միայն ֆիզիկապես չարչարվեց, այլ Նրա վրա դրվեց մարդկության ողջ մեղքի, անօրինության և անեծքի բեռը։ Պատկերացնել անգամ անհնար է, թե դա ինչ տառապանք էր։

Բայց պատմությունը դրանով չավարտվեց։ Մինչ սատանան, փարիսեցիներն ու ամբոխը կարծում էին, թե հասան իրենց ուզածին, գերեզմանի քարը գլորվեց և մեր Տերը…

Շաբաթ և կիրակի միասին կտոնենք մարդկության պատմության մեծագույն հաղթանակի օրը՝ Սուրբ Զատիկը։ “Իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնի և կշտանա…” (Եսայի 53։11)։ Փառք լինի Հուդայի ցեղի Առյուծին և Աստծո Գառին հավիտյան։

Արմեն Լուսյան

Մեկնաբանություններ