Հիսուս Քրիստոս

1860

«Հիսուս» Աստծու մարդացած Որդու անունն է, որ նշանակում է «Փրկիչ»։ «Քրիստոս» բառը «Մեսիա» բառի հունարեն համարժեքն է, այն խոստացված Փրկիչը, Ում երկար ժամանակ սպասել էին հրեաները։ Այն ավելի շուտ տիտղոս է, քան հատուկ անուն։ Աստվածաշնչի ուսմունքը Հիսուսի մասին ամփոփված է հետևյալ տիտղոսներում.

Հիսուս՝ «Աստծու ծառա». Այս անվանումը Հիսուսին Մատթեոսն է տալիս՝ ըստ Եսայու մարգարեությունների։ Աստծու խոնարհ, հեզ ծառայի կերպարը, որ եկավ արդարություն սփռելու, կատարելապես մարմնավորվեց Հիսուս Քրիստոսի անձով։ Երբ Հիսուս ասաց, որ «եկել է ծառայելու և իր կյանքը տալու ի փրկություն մարդկանց», Նա Աստծու ծառային վերապահված գործն էր կատարում՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը, ինչպես որ Եսային էր մարգարեացել։
Մտ 12.15-21, Ես 42.1-4, 52.13-53, 12.1-6 և այլ հատվածներ, Մր 10.45.

Հիսուս՝ «Դավթի Որդի». Հիսուսի ծնունդն ավետող հրեշտակը Նրա մորը հայտնեց, որ Աստված նրա որդուն թագավոր կդարձնի, ինչպես նրա Դավիթ նախահորը։ Մարդկային ծնունդով՝ Հիսուս Դավիթ թագավորի սերնդից էր։ Հիսուսին տրված այս անունը խորհրդանշում է հրեա ժողովրդի հույսերի իրականացումը։ Սա այն անունն է, որով սկսվում է Մատթեոսի Ավետարանը։ Սա նաև այն անունն է, որը հրեաներն օգտագործեցին Հիսուսին Մեսիա ճանաչելիս։ «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն բարձունքներում»։
Ղկ 1.32, Հհ 7.42, Մտ 1.1, 21.9

Հիսուս՝ «մարդու Որդի». Սա այն անունն է, որը Հիսուս ամենից հաճախ է օգտագործում Իր համար, իսկ դա շատ բան է ասում Նրա մասին։ Հիսուս այդ անվանումը վերցրել է Դանիելին հայտնված այն տեսիլքից, ուր «մեկը նմանվում էր մարդու Որդու», բայց Աստծու իշխանությունն ուներ հավետ։ «Նրա արքայությունը,- ասում է Դանիելը,- երբեք չի անցնի»։ Աստվածաշունչը պարզ բացատրում է, որ Հիսուս իրական մարդ էր։ Նա կատարելապես նույնացավ մարդու հետ։ Որպես «մարդու Որդի»՝ Նա եկավ ծառայելու մարդկանց և Իր կյանքը տալու նրանց փրկության համար։ «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի… և խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։ Որպես մարդու Որդի՝ Հիսուս հաղթեց մեղքին ու մահվանը։ Նա գալու է կրկին՝ «փառքով և մեծ զորությամբ»։
Դն 7.13-14, Մր 10.45, 9.21-22, 21.25-28

Հիսուս՝ «Աստծու Որդի». Հորդանան գետում Հիսուսի մկրտության ժամանակ երկնքից մի ձայն եկավ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը»։ Եվ ապա՝ լեռան վրա, երբ հայտնվեց Հիսուսի փառքը, մի ձայն եկավ. «Դա՛ է իմ ընտրյալ Որդին, լսեցե՛ք դրան»։ Հովհաննու Ավետարանում բացատրվում է այս խոսքերի իմաստը. Հիսուս Աստծու «միակ Որդին է»։ Նրա ողջ կյանքի նպատակը Հոր կամքը կատարելն էր։ «Ես և իմ Հայրը մի ենք»,- ասում է Հիսուս։ Նա Իր Հոր հետ էր՝ նախքան աշխարհի ստեղծվելը։ Նրանք մեկ են ընդմիշտ։ Քանի որ Հիսուս էակից է Աստծուն և ազատ է մեղքից, ապա կարողացավ հար-հավիտյան վճարել մեղքերի համար։ Եվ այժմ մենք «Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին և Անարատին»։
Մր 1.11, Ղկ 9.35, Հհ 1.14, 10.30, 17.1-26, Հռ 1.3-4, Եբ 1, Ա Հհ 1.2-2.

Հիսուս՝ «Տեր». Ավետարանում Հիսուս հաճախ «Տեր» է կոչվում՝ առօրյա «տեր» իմաստով։ Մինչդեռ հարությունից հետո այս բառը նոր իմաստ ձեռք բերեց։ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»,- բացականչեց Թովմասը, երբ սեփական աչքերով տեսավ հարուցյալ Հիսուսին։ Հրեաներն հաճախ էին այսպես կոչում Աստծուն, իսկ առաջին քրիստոնյաներն այս բառերով հրապարակավ հռչակեցին իրենց հավատքը. «Հիսուս Քրիստոս Տեր է»։ Փիլիպպեցիներին ուղղված իր Թղթում Պողոսը կանխատեսում է այն օրը երբ Հիսուս վերադառնալու է որպես Տեր, երբ «Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվելու է ամեն ծունկ՝ թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու խոստովանելու է, թե Հիսուս Քրիստոսը Տեր է՝ ի փառս Հայր Աստծու»։
Ղկ 5.8, Հհ 20.28, Ա Կր 12.3, Փպ 2.6-11.

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ