Հոգևոր երգերի 7 ձայնասկավառակ, որ լույս ընծայվեցին 2015թ. ընթացքում

2575
Albomner_2015_Ampopum

Որպես արդեն ձևավորված ավանդույթ՝ Protestant.am կայքը տարեվերջին ամփոփում է անցնող տարվա նշանակալի իրադարձությունները՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Հոգևոր երգերի որևէ ձայնասկավառակի թողարկումն անշուշտ ուրախալի իրադարձություն է մեզ՝ քրիստոնյաներիս համար:

Եվ ինչպես 2014թ. ավարտին, այս տարի ևս փորձել ենք ամփոփել հայազգի քրիստոնյա ստեղծագործողների՝ անցնող տարվա երաժշտական հաջողությունները:

2014-ը նշանավորվեց հոգևոր ձայնասկավառակների թերևս աննախադեպ առատությամբ, և կրկնակի ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ 2015-ը ոչնչով չզիջեց իր նախորդին: Պատկերն ավելի քան հուսադրող է: Փա՜ռք Տիրոջը:

Այսպիսով՝ ներկայացնում ենք հոգևոր երգերի 7 ձայնասկավառակ, որ լույս ընծայվեցին 2015թ. ընթացքում:

1. Արայիկ Թովմասյան. Քո օրենքը անարատ է

Protestant.am-ի հետ զրույցում Արայիկ Թովմասյանը պատմեց, թե որն է այս ձայնասկավառակի գլխավոր առանձնահատկությունը:

«Ալբոմում ներառված է 10 հոգևոր երգ, և ի տարբերություն իմ նախորդ ալբոմների, որոնցում բացի հեղինակային երգերից տեղ էին գտել նաև օտարալեզու երգերի հայերեն թարգմանված տարբերակները, այս ալբոմում բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններն են, որոնք գրվել են հատուկ ինձ համար, և երգերը հնչում են իրենց սկզբնական, չձևափոխված տեսքով: Ալբոմում տեղ են գտել բազմաոճ երգեր, և մենք փորձել ենք չսահմանափակել մեզ ռիթմական պատկերի և գործիքավորման առումով, ինչը կարծում եմ բավականին հետաքրքիր է ստացվել»:

2. Իխտուս. Անվերջ է սերը Քո

ichthus-inche-mets-e-sery-qo-album-cover
«Կյանքի Խոսք» եկեղեցու երիտասարդական փառաբանության խումբը՝
տաղանդաշատ երաժիշտ Գարեգին Ամյանի առաջնորդությամբ, միանգամից սիրվեց բոլորիս կողմից:

Նրանք կատարում են և՛ թարգմանված, և՛ հեղինակային, և՛ հին սիրված երգեր:
Ձայնագրություններն ամբողջությամբ հասանելի են SoundCloud-ում և Youtube-ում, իսկ Yandex Disk-ից կարելի է անվճար ներբեռնել դրանք բարձր որակով: Այս տարի գործարկվեց նաև խմբի պաշտոնական կայքը՝ ichthusofficial.com հասցեով:

3. Մերի Հովհաննիսյան. Նայի՛ր Խաչին

Merry_CD_Cover

Ձայնասկավառակում ընդգրկված է 10 երգ, որոնցից 8-ը՝ հեղինակային:

«Ձայնասկավառակն իմ առաջինն է, բայց հավատում եմ, որ ոչ վերջինը». մեզ հետ զրույցում ասաց երգչուհին՝ ալբոմի շնորհանդեսի նախօրեին: Նա նաև նշեց. «Ես ինձ երջանիկ եմ զգում, որ լինելով այսքան երիտասարդ՝ Տերը ինձ վստահեց սա: Այն բարի գործը, որ սկսել է Հիսուսն՝ օգձագործելով իմ փոքրիկ և աննշան կյանքը՝ Իր մեծ ու հզոր անունը փառավորելու համար, Նա էլ ավարտին կհասցնի»:

Հավելենք միայն, որ Մերիի երգերը կարող եք լսել նրա պաշտոնական կայքում և սոցցանցային էջերում, որոնց հղումները դարձյալ կարող եք գտնել merryofficial.com հասցեում:

4. Խաչատուր Չոբանյան. Անցողիկ է

Երևանի «Էմմանուէլ» ավետարանական եկեղեցում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ քրիստոնեական երգերի հեղինակ և կատարող Խաչատուր Չոբանյանի ավետարանչական համերգային ծառայությունը, որի ընթացքում կայացավ երգչի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը:

«Երգը, որի անունով կոչվել է այս ձայնասկավառակը, խոր ազդեցություն է ունեցել իմ կյանքում՝ շատ դժվար պահերին օգնելով հիշել, որ ամեն բան անցողիկ է». պատմում է երգիչը:

Աշխարհն էլ կանցնի,
Իր ցանկությունն էլ
Կանցնի կգնա։
Բայց նա, որ Աստծո
Սուրբ կամքը կանի,
Հավերժ կմնա․․․

Նշենք, որ Խաչատուր Չոբանյանի երգերը հասանելի են անվճար ներբեռնման համար: Yandex Disk-ում առկա են նաև նրա երգերի գործիքավորումները:

5. Լիլիթ Հակոբյան. Օրհնեցե՜ք Տիրոջը

«Հոգևոր երգերի այս ժողովածուն ինձ համար շատ թանկ է, քանի որ, կարելի է ասել` իր մեջ պարունակում է իմ 4 տարվա հոգևոր կյանքում ունեցած ապրումներն ու հույզերի արտացոլումը». ասում է Լիլիթը:

«Եթե ինչ որ մեկն ինձ 4, 5 տարի առաջ ասեր, որ ես կապաշխարեմ և, ավելին, կգրեմ հոգևոր երգեր, ես առնվազն քմծիծաղ կտայի` մտածելով, որ երիտասարդ եմ, և այդ ամենը իմը չէ: Բայց փա՜ռք Աստծուն, որ Նա գտավ ինձ: Երանելի է նա, ով իր երիտասարդության օրերից քայլում է Տիրոջ կամքի մեջ… Ես աղոթում եմ, որ այս հավաքածուն օրհնություն լինի ամեն լսողի համար, որ Աստծո Հոգին հպվի և լցնի մեծ փափագով հանդեպ Աստված:
Օրհնեցե՜ք Տիրոջը և կլինեք օրհնված»…

6. Արա Կոջոյան. Նոր հանդիպում

«Սիրում եմ Հիսուսին երկրպագել, նրան պաշտել, քանի որ Տերն է իմ պաշտամունքը». Արա Կոջոյանի խոսքերն են: «Նա է ինձ սրբել, արդարացրել, փրկել և բժշկել. փա՜ռք Նրա սուրբ անվանը»:

Գյումրու «Միջազգային փառաբանության կենտրոնի» առաջնորդը ծառայողական շրջայցերով հաճախ լինում է տարբեր երկրներում՝ տանելով իր հետ Ավետարանի Բարի լուրը: Բացի այդ, վերջին 7 տարիների ընթացքում իր թիմի հետ միասին նա թողարկել և ողջ աշխարհում տարածել է շուրջ 25 հազար օրինակ ձայնասկավառակ: 2015թ. լույս տեսած «Նոր հանդիպում» ալբոմում Արա Կոջոյանին ձայնակցում է Օֆելյա Սրապյանը:

7. Քրիստինե Խաչատրյան. Լույս խավարում

christine-khachatryan-luys-khavarum-christmas-album

Քրիստինե Խաչատրյանի առաջին ձայնասկավառակը պատմում է Փրկչի Սուրբ Ծննդյան վեհ խորհրդի մասին:

«Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ վերջապես թողարկեցի իմ երգերի ալբոմը, տարիների երազանքս իրականացավ 2015 թվականին». գրում է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում և հավելում. «Սիրելիներս, Սուրբ Ծնունդը Նրա տոնն է՝ Աստծո միածին Որդու, որ որպես Լույս եկավ խավարի մեջ, փոխեց ու հիանալի կերպով փոխում է կյանքեր»…

Հ.Գ. Այս պահին արդեն բովուն ընթացքի մեջ են մի քանի նշանակալի երաժշտական նախագծեր, այնպես որ գալիք 2016 թվականը խոստանում է լինել ոչ պակաս հագեցած ու պտղաբեր: Թող Աստված օրհնի և Իր փառքի համար գործածի Տիրոջ ծառաների շնորհները:

Սուրեն Սահակյան
Protestant.am

Մեկնաբանություններ