Հունաստանի եկեղեցու առաջնորդը քննադատել է արևմտյան մշակույթը

179
r

Հունաստանի լրատվամիջոցների համաձայն Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոսը Սինոդում ունեցած ելույթում քննադատել է արևմտյան մշակույթը:

«Այսօր հույն հասարակությունը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է: Աղքատությունը, գործազրկությունը, գալիք օրվա հանդեպ անվստահությունը և մարդու նկատմամբ հարգանքի կորուստը կանոններ են դարձել մեր հասարակության համար: Եվ այդ ամենը արևմտյան լուսավորության արձագանքներն են: Այսօր թիրախ են դարձել մեր լեզուն, պատմությունը, ընտանիքը, դպրոցական կրթությունը»-ասել էր արքեպիսկոպոսը:

Անդրադառնալով հույն հոգևորականության գործունեությանը`նա ասել էր. «Եկեղեցին կանգնելու է հույն ժողովրդի կողքին և միշտ նրա հետ է լինելու»: Արքեպիսկոպոս Հիերոնիմոսը դիմել էր կառավարությանը`կոչ անելով այս դժվարին պայմաններում գործել եկեղեցու հետ միասին, որպեսզի հույն ժողովուրդը զգա հոգատարությունը իր հանդեպ: «Եվրոպացիները օգտվելով մեր տնտեսական ծանր վիճակից, բոլոր միջոցներով փորձելու են փոխել հույն հասարակությանը: Հասկանալի է, որ նրանք սկսելու են կրթական բարեփոխումներից: Մեր թշնամիները մեր շրջապատում են: Մենք թույլ չենք տա ոչնչացնել մեր ավանդույթները, ավանդական ընտանիքը, մշակույթը,լեզուն և սրբությունները»-հայտարարել էր արքեպիսկոպոս  Հիերոնիմոսը:

Նշենք, որ վերջերս Հունաստանի կրթության փոխնախարարը հայտարարել էր, որ կրոնի դասերը պետք է դուրս բերվեն դպրոցական ծրագրից: Արքեպիսկոպոսը հանդես էր եկել այդ հայտարարության խիստ քննադատությամբ` հիշեցնելով, որ Սահմանադրության համաձայն կրթությունը պետք է ազգային լինի, իսկ դա  ենթադրում է ուղղափառ քրիստոնեության ուսուցումը:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ