Մամլո ասուլիս՝ նվիրված Զատիկին կայանալիք «Ելից» մյուզիքլին

1498

Մարտի 21-ին տեղի ունեցավ «Կյանքի Խոսք» եկեղեցու ստեղծագործական խմբի մամլո ասուլիսը՝ նվիրված «Ելից» խորագրով մյուզիքլին, որը կկայանա մարտի 27-ին «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցում ՝ Հարության տոնի կապակցությամբ:

Ներկա էին Հայաստանի քրիստոնեական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի նպատակն էր հասարակությանն ավելի հասանելի ու իրազեկ դարձնել այն ամենի մասին, թե ինչ է նախատեսվում մարտի 27-ին, և ինչ է սպասվում բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվելու կամ ուղիղ եթերով դիտելու են տոնակատարությունը:

IMG_3782

Ասուլիսի բանախոսներն էին մյուզիքլի ստեղծագործական ղեկավար թիմը, որի ջանքերի և եռանդուն աշխատանքի արդյունքում իրականանում է ազդեցիկ և մեծամասշտաբ ներկայացումը.  սցենարիստ, բեմադրող Իրինա Մրյանը, գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև զգեստների, դեկորացիաների հարցով պատասխանատու Հասմիկ Հովհաննիսյան, պրոդյուսեր և աշխատանքի համակարգող Արփինե Խոնդկարյանը, պարուսույց, խորեոգրաֆ, ռեժիսոր Քրիստինե Հովակիմյանը, գործիքավորող և կոմպոզիտոր Գարիկ Ամյանն ու Լենդ Մկրտչյանը, ով մյուզիքլի գլախավոր դերակատարն է և հանդես է գալիս Մովսեսի դերում:

«Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո-խոսնակ Արմեն Լուսյանը, մեկնարկելով ասուլիսի սկիզբը և ողջունելով ներկաներին, նշեց. «Մյուզիքլի նպատակն է ստեղծել այնպիսի գործ, որը կարող է ընկալելի լինել ցանկացած լսարանի համար, թե՛ քրիստոնեական և թե՛ ոչ քրիստոնեական: Ճիշտ է գլխավոր շեշտն ուղղված է Իսրայելի ժողովրդի պատմությանը՝ Ելիցին, սակայն այն շատ մեծ և կարևոր զուգահեռներ ունի այն կարևորագույն գործի հետ, ինչը Մեր տեր Հիսուս Քրիստոսն արել է մեզ համար»:

Այն հարցին, թե ինչու են ընտրել հենց մյուզիքլով հանդես գալու գաղափարը, կազմակերպիչները նշեցին.

«Մյուզիքլը, երաժշտական ներկայացում լինելով, շատ լայն ասպեկտ է, որի մեջ ներգրավված է թատերական խաղ, պարային խորեոգրաֆիա, տեսահոլովակներ և իհարկե երաժշտություն, որտեղ հնարավոր է ներդնել եկեղեցու ողջ պոտենցյալը, ներուժը և սա  նոր ձև է Ավետարանը քարոզելու համար: Մենք ցանկանում ենք օգտագործել արվեստի բոլոր բնագավառները Աստծո խոսքը տարածելու համար: Սա արդեն ընդունված և սիրված արվեստի ճյուղ է, այդ պատճառով այս անգամ հանդես ենք գալիս հենց մյուզիքլով»:

Բազմիցս տարբեր սցենարիստներ, բեմադրիչներ և ռեժիսորներ անդրադարձել են Ելիցի պատմությանն ու Մովսեսի կերպարին, հետևաբար հարց է ծագում, թե ինչպիսի անդրադարձ են կատարել նրանք այս անգամ, ի՞նչ նոր մոտեցում կամ ասելիք ունեն հանդիսատեսին, որի պատասխանը հնչեց հետևյալ կերպ.

IMG_3823

«Մյուզիքլի հիմքում Աստվածաշնչյան Մովսեսի պատմությունն է ՝ իհարկե մեր պատկերացմամբ, մենք փորձել ենք զուգահեռներ տանել այսօրվա իրավիճակների հետ: Իհարկե  ժամանակշրջանները, մշակույթները փոխվել են, սակայն մարդկանց ներաշխարհը, բնույթը  ինչ-որ ձևով նույնն են, մենք ցույց ենք տալիս անհնազանդության, հպարտության դրսևորումներն ու դրանց արդյունքը, և որ Աստված հավիտյան նույնն է, որ Նրա բազուկը երբեք չի կարճանում, և Նա կարող է օգնել ու փրկել: Մեր օրիգինալությունը երաժշտական ուղվածության մեջ է, հանդես ենք գալիս օրիենտալ- պրոգրեսիվ ռոք ոճի մեջ, որն ունի համադրություն սիմֆոնիկի հետ և հավելված է շատ հետաքրքիր դրամատիկական լուծումներով :

Երաժշտության մի մասը հեղինակային են, մյուս մասը վերամշակված տարբերակներ են, և մենք փորձել ենք ռոքային հատվածները մշակման միջոցով նաև դարձնել հանրամատչելի ու լսելի հասարակության ցանկացած շրջանի համար»:

Ներկայացման գլխավոր ասելիքի մասին բանախոսներն արտահայտեցին իրենց սեփական կարծիքները.

«Մեր ձգտումն է, որպեսզի ամեն մարդ գտնի իր անձնական ելիցը դեպի իր խոստմունքի երկիր: Յուրաքանչյուրը  տեսնի իրեն, տեսնի անցյալի գերությունը, թե ինչ է արել Հիսուսը հարության շնորհիվ, փոխանցենք մարդկանց այն ապրումները , թե ինչ դժվարություններով ու տառապանքներով է անցել Աստծո ժողովուրդը, ու թե ինչպիսի ազզատության մեջ է Աստված ուզում մեզ տեղափոխել»,- նշեց Գարիկ Ամյանը:

Քրիստինե Հովակիմյանի կարծիքով կարևոր է, որ յուրաքանչյուր դիտող այս ներկայացման մեջ գտնի իրեն: Շատերը հասկանան, թե ինչ է Զատիկը, որտեղից է եկել, որն էր Քրիստոսի հարություն առնելու նպատակը, և որ սա ոչ միայն քրիստոնյաների համար է այլև նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և անգամ տեղեկություն էլ չունեն Աստվածաշնչի մասին: Սա հրաշալի առիթ կստեղծի նրանց` Աստծուն ճանաչել սկսելու համար:

Դերասան Լենդ Մկրտչյանը կիսվեց, թե ինքն ինչ է ստացել, հասկացել`մասնակցելով և մարմնավորելով Մովսեսին.

«Ցանկացած դեր, որ խաղում եմ, ձգտում եմ ոչ միայն խաղալ, այլև տեսնել ինձ այդ դերի մեջ: Կերտելով Մովսեսի դերը՝ նրա մասին կարծիքս լիովին փոխվել է: Ես հասկացա, որ նա իրական առաջնորդ էր ու հասկացա որ յուրաքանչյուրս մեր շրջապատում պետք է լինենք մովսեսներ, փորձենք առաջնորդել մեր ընկերներին՝ իրենց անձնական Ելիցը վերապրելու համար»:

Մյուզիքլի իրականացման մեջ և նախապատրաստական աշխատանքներում իրենց դերն ունեն ավելի քան 100 կամավորներ, որոնց թվում կան ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետներ, ինչպես նաև եկեղեցու ծառայություններում ներգրավված այլ անհատներ, ովքեր ջանք չեն խնայում պրոֆեսիոնալ և բարձրաճաշակ արդյունք ստանալու, ինչպես նաև Աստծո փառքը բարձրացնելու համար: Իսկ այն վայելել կարող են բոլորը՝ ներկա գտնվելով երաժշտական ներկայացմանը կամ դիտելով այն օնլայն, ուղիղ եթերով մարտի 27-ին ժամը 12:00-ին և 16:00-ին: Նշենք, որ հանդիսատեսն ունի 12+ տարիքային սահմանափակում:

Պատրաստեց Աննա Բարսեղյանը

Մեկնաբանություններ