Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությունը

1025

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է.

Սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի հանդիպումը:

Վերջինիս գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Սուրբ Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, որն ուղղվել էր 2017 թ. հոկտեմբերին Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի տոնակատարությունների առիթով Նորին Սրբության Գերմանիա կատարած այցի ընթացքում:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ պաշտոնական խոսքերի փոխանակում: Նորին Սրբությունը եւ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմը համփոփումն տեղի ունեցած զրույցի և քննարկումների վերահաստատեցին պատրաստակամությունը` խթանելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի միջև առկա կապերը և զարգացնելու հետագա գործակցությունը.

«Այսօր, ավելի քան երբևէ, մենք ականատես ենք տեղի ունեցող մի իրողության, շարունակական ընդհարումների և անարդարությունների ազգային, տնտեսական, քաղաքական և կրոնական հարթության վրա, որի պատճառով քրիստոնեական տարբեր հարանվանությունների միջև համագործակցությունը և ընդհանուր առաքելության անհրաժեշտությունը, ինչպես նաև միասնական ջանքերի համախմբումը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար ընդհանուր աղոթքով դառնում է հրամայական:

Այսօր մեր երկու Եկեղեցիների միջև ընդհանուր առաքելության ու համագործակցության ամրապնդման նպատակով մենք կոչ ենք անում մեր եկեղեցական սպասավորներին և հավատացյալներին համագործակցել մեր միասնական քրիստոնեական առաքելության զորացման գործում.

  1. խրախուսել և նպաստել կրթության զարգացմանը և հոգևորականների աստվածաբանական պատրաստությանը` ճանաչելու մեր երկու Եկեղեցիների դարավոր ավանդույթները և աստվածաբանական-եկեղեցական առանձնահատկությունները,
  2. հատկապես տեղական համայնքների մակարդակում ջանքեր գործադրել` մեր հավատի ընդհանուր վկայության գործում միմյանց միջև համագործակցությունն ամրապնդելու և հիմք ստեղծելու Արևելյան Ուղղափառ և Բողոքական Եկեղեցիների ընտանիքների միջև առկա միջեկեղեցական երկխոսության հետագա զարգացման համար,
  3. աշխարհի տարբեր կողմերում, հատկապես Մերձավոր Արևելքում, տեղի ունեցող հակամարտությունների համատեքստում համագործակցել պահպանելու բազմադարյա քրիստոնեական պատմական ներկայությունն այդ տարածաշրջանում և տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով նպաստելու փախստականների ներգրավմանը և ինտեգրմանը նոր հասարակություններում:

Մենք միասին աղոթում ենք, որպեսզի աշխարհի բոլոր հավատացյալների սրտերում ու մտքերում փոփոխություն տեղի ունենա, և հորդորում ենք ազգերի առաջնորդներին ու նրանց, ովքեր կարող են դրական փոփոխություններ կատարել աշխարհում, լսելու խնդրանքները միլիոնավոր մարդկանց, ովքեր ձգտում են աշխարհում խաղաղության և արդարության հաստատմանը, ավելի շատ ջանքեր գործադրել աշխարհում տարբեր էթնիկ և կրոնական համայնքների միջև խաղաղ գոյակցության զորացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար:

Թող Սուրբ Հոգին` Մխիթարիչը և Ճշմարտության Հոգին, որ առաջնորդում է մեզ ողջ ճշմարտության մեջ (Հովհ. ԺԶ 13), ամրացնի բոլոր ջանքերը` Եկեղեցիների միջև սիրո ու եղբայրության կամուրջներ կառուցելու համար: Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հավատացյալներին միանալ մեզ աղոթքով եւ փառաբանել անբաժանելի Սուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանելԳերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությունը The meeting between His…

Geplaatst door Mother See of Holy Etchmiadzin op Zondag 9 september 2018

Մեկնաբանություններ