Մեկնարկեց համաավետարանական երիտասարդական համագումարը

312

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) 100-ից ավելի երիտասարդներ Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և Ավստրալիայից միացել են Հայաստանի և Արցախի երիտասարդներին՝ Հայրենիքում:

Նպատակը՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) 100-ամյակի առթիվ կազմակերպված համաավետարանական երիտասարդական համագումարն է, որը մեկնարկեց օգոստոսի 2-ին, եւ կտեւի մինչեւ օգոստոսի 16-ը: Այս օրերին երիտասարդները հնարավորություն կունենան ոչ միայն արժեւորելու ԱՀԱԸ 100-ամյա աշխատանքը, այլեւ անդրադառնալու ՀԱԵ 170-ամյա ավանդին՝ իրենց ինքնությանն ու դրանցից բխող մարտահրավերներին:

Համագումարի բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 3-ին՝ ՀԱԵ բաղրամյան 18-ում: Ծրագիրը սկսվեց փառաբանության երգերով, այնուհետեւ ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը երիտասարդներին հրավիրեց հոգեւոր խորհրդածության: Մեջբերելով Պողոս առաքյանլի նամակը Եփեսացիներին (Եփ. 1.15-17)՝ նույն աղոթք մաղթանքը բարձրացրեց ՀԱԵ երիտասարդների համար, որպեսզի Աստված լուսավորի նրանց սիրտը՝ հասկանալու Աստծո կանչի հույսը. «Որպեսզի իմանաք, թե ինչու՞ համար եք հայ ծնվել, եւ լավ հայ լինեք, որպեսզի իմանաք, թե ինչու՞ եք քրիստոնյա, եւ լավագույն քրիստոնյան լինեք այս աշխարհի մեջ»,- նշեց վերապատվելին:

Ծրագրի հոգեւոր բաժնից հետո երիտասարդներին ողջունեց համագումարի տնօրեն՝ Վեր. Նշան Բակալյանը: Այնուհետեւ բեմ հրավիրվեց սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը, ով եկել էր ողջունելու համագումարի մասնակից սփյուռքահայերին եւ նաեւ պատասխանելու նրանց հուզող հարցերին: Փոխնախարարն իր ելույթում շնորհավորեց ԱՀԱԸ-ի 100-ամյակը, ողջունեց աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք եկած երիտասարդներին եւ հորդորեց նրանց վերադառնալ Հայաստան, ներդնել այստեղ իրենց գիտելիքն ու ներուժը: Այնուհետեւ սիրով պատասխանեց սփյուռքին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին թավշյա հեղափոխությանը, Հայաստանում սպասվող զարգացումներին, եւ սփյուռքահայության վերադարձի հեռանկարներին:

Համագումարի մասնակիցներին ողջունեց նաեւ ՀԱԵ միության նախագահ Ալբերտ Փայտյանը: Տեսաուղերձով հանդես եկան ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանն ու ԱՀԱԸ նախագահ Նազարեթ Դարակչյանը: ՀԱԵ համառոտ պատմությունն ու գործունեությունը ներկայացրեց Վեր. Հովհաննես Հովսեփյանը: Իսկ ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը պատմեց Հայաստանում ԱՀԱԸ-ը գործունեության մասին:

Բացման ծրագիրն ավարտվեց աղոթքով:

Համագումարի ընթացքում ՀԱԵ երիտասարդները ոչ միայն հնարավորութուն կունենան տեսնելու հայրենիքը, այլեւ լսելու Աստծո գործի մասին ու տեղում այդ գործին մաս կազմելու: Ծրագրի մի մասը երիտասարդական հատուկ համագումարն է Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում, որը տեղի կունենա օգոստոսի 6-9-ը: Այնուհետեւ երիտասարադները փոքր խմբերով պետք է մեկնեն երկրի տարբեր մասեր, որպեսզի շոշափելի կերպով ծառայեն, վկայեն և տարածեն Քրիստոսի սերը:

Աղբյուր՝ eca.am

Մեկնաբանություններ