Մեղքի չափման միավորը

428
Մեղքի չափման միավորը
Մեղքի չափման միավորը

Ցանկացած հանցանքի չափման միավորը հետևանքն է: Ի՞նչ հետևանք է ունենում այս կամ այն արարքը: Թվում է, թե ախր Ադամն ու Եվան ի՞նչ արեցին՝ ընդամենը մի արգելված պտուղ կերան… Բայց այդ անմեղ թվացող արարքի հետևանքն այն էր, որ ամբողջ մարդկությունը դատապարտվեց դժոխքի, և այդ հետևանքը վերացնելու համար Հայր Աստված զոհեց Իր սիրասուն Որդուն…

Գաղտնիք չէ, որ մարդասպանությունը սարսափելի ծանր հանցանք է: Բայց մեղավոր կամ անհավատ մարդու սպանությունը շատ ավելի ահասարսուռ հանցանք է, որովհետև մարդասպանը զրկում է այդ խեղճին ապաշխարելու հնարավորությունից, և նա, քանզի մեռնում է առանց Տեր Հիսուսին ընդունելու, հայտնվում է դժոխքում՝ հավիտենապես կործանվելով…

Ահա թե ինչու մարդասպան սատանան այսքան պատերազմներ ու կոնֆլիկտներ է հրահրում ազգերի մեջ, ընտանիքներում, մարդկային փոխհարաբերություններում, որովհետև նրա և իր կամակատար դևերի համար դրանք ոչ միայն մարդկանց կյանքերը խլելու, այլ նաև նրանց հոգիները դժոխքում հավերժ կործանելու շատ լավ առիթ են…

Միակ արդար Հիսուս Քրիստոսի սպանվելով՝ ամբողջ կործանվող մարդկության համար փրկության դուռ բացվեց: Առանց ՆՐԱ մեռնող մարդու՝ մեղավորի համար ոչ մի նշանակություն չունի՝ ինքը օր ծերությա՞ն կմեռնի, թե՞ բռնի մահով, միևնույնն է՝ հաջորդ քայլը դժոխքն է… ՆՐԱ հետ մեռնող մարդու՝ արդարի համար ևս ոչ մի նշանակություն չունի՝ ինքը օր ծերությա՞ն կմեռնի, թե՞ բռնի մահով, միևնույնն է՝ հաջորդ քայլը Երկինքն է…

Միայն թե արդարի համար մնում է նաև Աստծո նախասահմանած ծրագիրն իրականացնելը: Փառք մեր սիրելի ՓՐԿՉԻՆ. շուտով կտոնենք Նրա հարությունը և լիակատար հաղթանակը…

Էդուարդ Մխիթարյան

Մեկնաբանություններ