Երեւանում կայացել է վերապատվելի Մովսես Ճանպազյանի կիսանդրու բացումը

559

«Այն երկնային տեսիլքին անհնազանդ չեղա ես» (Գործք Առ. 26. 19):

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի կայքը գրում է.

Սեպտեմբերի 3-ին Երևանի Մովսես Ճանպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Մովսես Ճանպազյանի կիսանդրիի բացումը:

Քանդակի հեղինակն է Մովսես Ճանպազյանի եղբայրը՝ արվեստագետ Հակոբ Ճանպազյանը:

Բացմանը ներկա էին Մ. Ճանպազյանի կինը՝ Լուիզա Ճանպազյանը, որդին՝ Վահագն Ճանպազյանը,  եղբայրը՝ Հակոբ Ճանպազյանը, քույրը՝ Անի Ճանպազյանը,  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. դոկտ. Ռընե Լևոնյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի նախկին առաջնորդ Խաժակ արք. Հակոբյանը,  Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիների աշխատակիցներ, ծառայողներ, ուսուցիչներ, ծնողներ, երեխաներ, հյուրեր տարբեր դպրոցներից և կազմակերպություններից:

Հանդիսությունը սկսվեց ՀՀ և Մովսես Ճանպազյանի անվան դպրոցի հիմներով:

Բացման խոսքով ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Քնարիկ Հայրապետյանը: Այնուհետև ելույթներ ունեցան վեր. դոկտ. Ռ. Լևոնյանը, Հ. Ճանպազյանը, Ա. Սուքիասյանը, Լ. Ճանպազյանը, Խաժակ արք. Հակոբյանը և այլք:

Վերապատվելի Ռընե Լեւոնյանը
Վերապատվելի Ռընե Լեւոնյանը

Նրանք ներկայացրին Մովսես Ճանպազյանի կյանքն ու գործունեությունը, կարևորեցին նրա ղեկավարությամբ Հայաստանում և Արցախում ԱՀԱԸ–ի կողմից կատարված հայրենանվեր ծառայությունները, Մ. Ճանպազյանի՝ Հայաստան – Սփյուռք կապերի ամրապնդման, կրթության և այլ ասպարեզներում ունեցած մեծ դերի մասին:

Հարգելի՛ ընթերցող,

Մովսես Ճանպազյանի մահով հայ ժողովուրդը կորցրեց մեծ հայի, որը հավատարմորեն ծառայեց Աստծուն և ժողովրդին և իր թանկագին լուման ներդրեց Տիրոջ և ազգի գանձանակի մեջ՝ մոռանալով ինքն իրեն, իր անձը, իր սեփական կարիքները: Նա այն հազվագյուտ անձանցից էր, որոնք օրհնություն են դառնում իրենց ծնող ժողովրդի համար:

Անկարելի է թվարկել այն բոլոր ծառայությունները, որ մեծ նվիրումով կատարել է Մ. Ճանպազյանը: Նա գիտեր, որ ինքը միայն իր ժամանակի համար չէր գործում, այլ նաև ապագայի համար: Մ. Ճանպազյանը քաջ գիտակցում էր, որ աշխարհի բոլոր հայերը մի օր կդառնան մեկ ազգ, որի հայրենիքը Հայաստանն է, և այս երկուսը մեկ դրոշի՝ հայկական եռագույնի ներքո:

Ավելին՝ amaa.am կայքում

Մեկնաբանություններ