Նորապսակներին անեծքի տակ մի՛ գցեք

2997

Տրնդեզի (Տերնտես, Տեարնընդառաջ) մասին շատ է խոսվել ու գրվել: Տարբեր, հաճախ իրարամերժ կարծիքներ են հնչել: Բայց հատկանշական է, որ բոլոր կողմերը՝ և՛ առաքելականները, և՛ բողոքականները, և՛ հեթանոսները, և՛ անգամ աթեիստները կարծես համակարծիք են մի հարցում՝ կրակի վրայով ցատկելը հեթանոսական սովորություն է, որ սողոսկել է քրիստոնեության մեջ ու պահպանվել 1700 տարի:

Ոմանք դրան նայում են մատների արանքով՝ ոչինչ, անմեղ սովորություն է, թող զվարճանան ջահելները: Չէ՛, սիրելիներս, սա զվարճանք չէ, սա շատ ավելի լուրջ է:

Առաքելական հոգևորականները, ընդունելով հանդերձ, որ կրակի վրայով ցատկելը հեթանոսական մնացուկ է, որևէ ջանք չեն գործադրում այն արմատախիլ անելու համար: Ընդհակառակը՝ փորձում են ամեն գնով, կեղծ ու հնարովի պատմություններով այս հեթանոսական սովորությանը քրիստոնեական հանդերձներ հագցնել: Հեթանոսական այս սովորությունը քրիստոնեություն է սպրդել իրենց թեթև ձեռքով, և հիմա, ապաշխարելու և դրանից ազատվելու փոխարեն, այն ավելի են ամրապնդում ժողովրդի գիտակցության մեջ:

Թող Աստված ների նրանց:

Խոսքս, սակայն, ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քրիստոնյա են համարում և Աստծուց օրհնություններ են ակնկալում:

Հեթանոսական սովորությունը քրիստոնյային օրհնություն բերել չի կարող:

Հեթանոսական սովորությունը քրիստոնյային միայն անեծք է բերում:

Սա ես չեմ ասում: Սա ասում է Աստվածաշունչը: Այո՝ Աստվածաշունչը, այն էլ բազմաթիվ անգամ: Աստված սաղմոսերգուի, մարգարեների և առաքյալների շուրթերով զգուշացնում է՝ մի՛ եղեք հեթանոս, հրաժարվե՛ք հեթանոսական սովորություններից, մի՛ երկրպագեք հեթանոսական աստվածներին…

Ինչո՞ւ: Որովհետև «Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները»: (Սաղմ.33:10):

Իսկ մենք ամեն տարի այս օրը կրակ ենք վառում ու ստիպում նորապսակներին, որ ցատկեն դրա վրայով: Հետո զարմանում ենք, թե ինչու երեխա չեն ունենում, ինչու փեսան սկսեց խմել, ինչու քայքայվեց ընտանիքը, ինչու, ինչու, ինչու… Որովհետև հեթանոսությունը քրիստոնյային անեծք է բերում:

Սիրո՞ւմ եք ձեր զավակներին: Ուզո՞ւմ եք, որ նրանք երջանիկ լինեն: Ուզո՞ւմ եք, որ նրանք արժանանան Աստծո անսահման օրհնություններին:

Ուրեմն արե՛ք այն, ինչը հաճելի է Աստծո աչքերին:

Եվ մի՛ արեք այն, ինչը անխուսափելիորեն անեծք է բերում:

Իսկ եթե արդեն արել եք՝ մի՛ հուսահատվեք: Ներողություն խնդրեք Հիսուսից, և Նա կների: Բայց այլևս մի տրվեք հեթանոսական գայթակղություններին:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ