Շատ կարևոր գործ եք անում. Աննա Հակոբյանը` Ավետարանչականի ծրագրերի մասին

645

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ գրասենյակը հաղորդում է.

Աննա Հակոբյանն այսօր իր գրասենյակում հյուրընկալեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին։

Պարոն Ներսեսսյանը ներկայացրեց ԱՀԱԸ հիմնադրման պատմությունը, առաքելությունը, գործունեությունը, ինչպես նաև իրականացվող ծրագրերը: «Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում իրականացվող մեր ծրագրերն ի սկզբանե զուտ մարդասիրական բնույթ են կրել, սակայն այսօր կազմակերպությունը հիմնականում կրթական ոլորտին առնչվող ծրագրեր է իրականացնում»,- ասաց Հարութ Ներսեսսյանը՝ մատնանշելով «Ավետիսյան» կրթահամալիրի օրինակը, որի նպատակն է «իրականացնել բարձրորակ նախակրթական և լրիվ միջնակարգ կրթության ծրագրեր»:

Պարոն Ներսեսսյանը Աննա Հակոբյանին իրազեկեց ընկերակցության հովանավորության ծրագրերի շահառու այն երեխաների մասին, որոնք ծայրահեղ խոցելի խմբերի՝ հիմնականում հոգեբանական, ֆիզիկական, ինչպես նաև սեռական բռնության ենթարկված երեխաներ են:

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց օգտակար տեղեկատվությամբ հագեցած հանդիպման համար՝ վստահեցնելով, որ հնարավորության դեպքում կայցելի թե՛ «Շող» կենտրոն, թե՛ «Ավետիսյան» կրթահամալիր: «Եթե մեր այցելությունը կարող է աջակցություն համարվել, ապա սիրով կայցելենք: Հատկապես որ՝ բռնության ենթարկված երեխաներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում իմ մտքում: Շատ կարևոր գործ եք անում: Այդ երեխաները հետագայում հասարակություն են մտնելու և նրանց բարօրությունը երկրի զարգացման, ապագայի, ինչպես նաև յուրաքանչյուրի կյանքի որակի համար շատ կարևոր է»,- հավելեց տիկին Հակոբյանը:

Սկզբնաղբյուր

Մեկնաբանություններ