Ո՞ւմ է ձեռնտու բանսարկությունը

2075

Տարիներ ի վեր մի շարք լրատվամիջոցներ որոշ հոգևորականների ու հասարակական գործիչների անմիջական աջակցությամբ թշնամանք են տարածել ավետարանական հավատքի եկեղեցիների նկատմամբ: Սա կատարվել է նախկին իշխանությունների լուռ համաձայնությամբ, գուցե նաև հովանավորությամբ:

Բոլոր այն պահերին, երբ անհրաժեշտ է եղել հասարակության ուշադրությունը շեղել առկա լուրջ խնդիրներից, գործի է դրվել «ամեն բանում աղանդներն են մեղավոր» փորձված բանաձևը: Փառք եմ տալիս Աստծուն, որ այս մեթոդը ներգործել է հասարակության միայն այն շերտերի վրա, որոնք խնդիրն ըմբռնելու, վերլուծելու, սեփական կարծիք ունենալու առանձնապես ոչ ցանկություն ունեն, և ոչ էլ ընդունակություն:

Սակայն շատ ցավալի է, որ այսօր, երբ հանրապետությունում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, որոշ լրագրողներ ու լրատվամիջոցներ շարունակում են առաջնորդվել նույն գործելաոճով և սիրո փոխարեն ատելություն են սերմանում մարդկանց սրտերում: Դրա վառ օրինակն է 1in.am լրատվական կայքում տեղ գտած նյութը՝ «Սենսացիոն բացահայտում․ հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից» վերնագրով:

Հոդվածում բերված «փաստերն» այնքան լկտի սուտ են, այնքան զավեշտալի զրպարտություն և այնքան ծիծաղելի, որ չարժե անգամ անդրադառնալ դրանց կամ ժամանակ կորցնել հերքելու վրա: Քիչ թե շատ ուշադիր ընթերցողը անզեն աչքով կնկատի, որ չկա ոչ մի հիմնավորում, ոչ մի ապացույց: Միակ որակումը, որ կարելի է տալ այս նյութին, բանսարկությունն է:

Նախ նշեմ հոդվածի հեղինակի մի ակնբախ լկտիություն՝ «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու մասին հեղինակը խոսում է այնպիսի տոնով, կարծես շերլոքհոլմսյան խորաթափանցույամբ հայտնաբերել է մի գաղտնի, ընդհատակյա կազմակերպություն, որը բան ու գործը թողած մտածում է Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդին հեռացնելով: Անտեղյակներին ասեմ, որ, ինքս չլինելով «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ, բազմիցս ներկա եմ եղել այդ եկեղեցու միջոցառումներին, պաշտամունքներին ու քարոզներին, ունեմ բազմաթիվ բարեկամներ այդ եկեղեցում և վստահեցնում եմ, որ այն քրիստոնեական ավետարանական եկեղեցի է, որի դռները բաց են բոլորի համար: Այս եկեղեցին ներկայացնել որպես «թշնամական» կամ «քայքայիչ» կառույց՝ նույն բանսարկության դրսևորում է:

Սակայն կարևոր հարցը հետևյալն է՝ ո՞ւմ է ձեռնտու այս բանսարկությունը:

Անկեղծ լինենք՝ առաջին միտքը, որ գալիս է, այն է, որ հակառակորդներին վարկաբեկելու համար այս նյութի հրապարակումը կազմակերպել են հենց կաթողիկոսի կողմնակիցները: Սակայն ուզում եմ հավատալ, որ կաթողիկոսի շրջապատում դեռևս կան բարձր քրիստոնեական նկարագիր ունեցող բարոյական հոգևորականներ, ովքեր քաջ կգիտակցեին, որ հերյուրանքը, զրպարտությունը, կեղծիքն ու բանսարկությունը երբեք անպատիժ չեն մնում: Ու նաև՝ ցանկացած բանսարկություն մի օր շրջվելու է հենց իր՝ բանսարկուի դեմ: Հետևաբար գրեթե համոզված եմ, որ կաթողիկոսն ու իր շրջապատը կանգնած չեն այս հրապարակման ետևում: Ավելին, հուսով եմ, որ իրենց բարի համբավը վերականգնելու համար շատ շուտով կաթողիկոսը կամ իր ներկայացուցիչները հրապարակավ կդատապարտեն այս զարհուրելի սուտը:

Գուցե կաթողիկոսի հակառակորդնե՞րն են հոդվածի հեղինակը: Այս վարկածն այնքան անհեթեթ է, որ չարժե քննարկել:

Հնարավո՞ր է, որ այս հրապարակման նախաձեռնողները լինեն նոր իշխանության ներկայացուցիչները: Կրկին՝ ոչ: Նյութը բացահայտորեն կրում է հակաիշխանական, հակակառավարական բնույթ և նոր իշխանություններն այնքան խելամիտ են, որ չէին հրապարակի իրենց վարկաբեկող հոդված, այն էլ համեմված կեղծիքով ու բանսարկությամբ:

Իսկ գուցե ազգամետ ու պետականամետ ուժե՞րն են, ովքեր մտահոգ են ազգային առողջության և պետության հզորոթյան համար: Սակայն մի՞թե ազգային խնդիրներով մտահոգ մարդը կարող է ատելություն քարոզել ազգի մի հոծ հատվածի՝ ավետարանական հավատքի քրիստոնյաների նկատմամբ: Մի՞թե կարող է պետականամետ մտածողությամբ անձը ստի ու բանսարկության միջոցով վարկաբեկել պետությանը նվիրված, պետական հարկերը մշտապես վճարող, պետության սահմանները պաշտպանող, պետության ու ազգի համար կռվող ու մեռնող օրինապահ քաղաքացիներին: Ո՛չ, ո՛չ ու երիցս ո՛չ:

Հետևաբար մնում է միայն մի եզրակացություն՝ նյութի հեղինակը (հեղինակները) ունեն միակ նպատակ՝ պառակտել ազգը, թուլացնել պետությունը, և արդյունքում կործանել հայրենիքը: Ոչ ավել և ոչ պակաս:

Ու այս բանսարկությունն էլ ձեռնտու է միայն հայի թշնամուն:

«Գողը ուրիշ բանի համար չի գալիս, այլ միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու»: Հովհ.10:10:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ