Ուկրաինայի Սահմանադրական դատարանը թույլատրել է պաշտամունքներ անցկացնել ցանկացած վայրում

405

Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել և չեղյալ է հայտարարել օրենքը, համաձայն որի անհրաժեշտ է տեղական իշխանություններից թույլատրություն ստանալ չնախատեսված վայրերում պաշտամունքներ իրականացնելու համար:

Դատարանը դիտարկել է Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների գծով ներկայացուցիչ Վալերիա Լուտկովսկայայի դիմումը, որով նա խնդրել է հակասահմանադրական ճանաչել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան դրույթները, համաձայն որոնց չնախատեսված վայրերում զանգվածային պաշտամունքներ, կրոնական արարողություններ, ծեսեր և գործողություններ կատարելու համար անհրաժեշտ է ստանալ տեղական իշխանությունների թույլատրությունը:

ՍԴ-ն նշել է, որ Սահմանադրության 35-րդ հոդվածով բոլորին երաշխավորված է աշխարհայացքի և դավանանքի ազատության իրավունք, այդ թվում՝ դավանել ցանկացած կրոն կամ չդավանել ոչ մի կրոն, անարգել իրականացնել միանձնյա կամ խմբային կրոնական պաշտամունքներ և ծիսական արարողություններ, իրականացնել կրոնական գործունեություն:

Միևնույն ժամանակ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ պաշտամունքներ, կրոնական արարողություններ, ծեսեր և գործողություններ անարգել կարելի է անցկացնել պաշտամունքային շինություններում և հարակից տարածքներում, ուխտագնացության վայրերում, կրոնական կազմակերպությունների տարածքներում, գերեզմանոցներում, անհատական հուղարկավորության վայրերում, դիակիզարաններում, քաղաքացիների տներում և բնակարաններում:

Բացի այդ, ծառայություններ կարող են անցկացվել հիմնարկներում, ձեռնարություններում և կազմակերպություններում դրանց աշխատանքային կոլեկտիվների նախաձեռնությամբ և ղեկավարության համաձայնությամբ, հիվանդանոցներում, հոսպիտալներում, ծերանոցներում, ազատազրկման վայրերում՝ այդտեղ գտնվող քաղաքացիների խնդրանքով կամ կրոնական կազմակերպությունների նախաձեռնությամբ, իսկ զինվորական զորամասերի հրամանատարությունը պետք է զինծառայողներին հնարավորություն տա մասնակցելու պաշտամունքներին և կրոնական արարողություններին:

Այլ վայրերում պաշտամունքներ իրականացնելու համար պահանջվում է տեղական իշխանությունների թույլատրությունը: Սահմանական դատարանը հակասահմանադրական է ճանաչել հենց այս դրույթը:

Դատարանը նշել է, որ Հիմնական օրենքը քաղաքացիներին խաղաղ հավաքների՝ առանց զենքի հանրահավաքների, երթերի, ցույցերի անցկացման հնարավորություն է ընձեռում, որոնց մասին նախապես պետք է իրազեկվեն իշխանությունները:

Սահմանադրական դատարանը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կրոնական հավաքները ճանաչել է որպես խաղաղ հավաքների տեսակ և համապատասխանաբար հակաօրինական է ճանաչել դրանք իրականցնելու քաղաքացիների իրավունքների սահմանափակումը:

«Ժողովրդավարական պետությունում չեն կարող սահմանվել խաղաղ հավաքների անցկացման տարբեր կանոններ»,- նշել է Սահմանադրական դատարանը:

Սահմանադրական դատարանը նշել է, որ Սահմանադրությանը հակասող օրենքն իր ուժը կորցրած է համարվում Սահմանադրական դատարանի որոշման կայացման օրվանից:

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ